Լրահոս

01.11.2013 09:18


Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ հետ

Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ հետ

Հոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կատարեց Բեռլին։

Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գերմանացի գործընկերոջ՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդո Վեստերվելեի հետ։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Գիդո Վեստերվելեն ասաց, որ Հայաստանը և Գերմանիան գերազանց փոխհարաբերություններ ունեն և ընդգծեց, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. «Գերմանիան որպես իրական բարեկամ շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը»,– ընդգծեց նախարար Վեստերվելեն։

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկների միջև հաստատված է ակտիվ քաղաքական երկխոսություն, որը վերջին տարիներին նոր թափ է ստացել, ամրապնդվել ու խորացել է տարբեր բնագավառներում փոխգործակցությունը։

Նախարարները վստահություն հայտնեցին, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան և կընդլայնվեն։

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, քննարկեցին Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջնային հարցերի շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը