Մեկնաբանություն

04.11.2013 10:16


«Ոչխարները» կուտե՞ն մարդկանց

«Ոչխարները» կուտե՞ն մարդկանց

Բաղրամյան 26–ը բոլոր ուղղություններով անցել է լայնամասշտաբ գրոհի։ Հարկերը բարձրացնում են, նպաստները կրճատում են և ավելացնում իշխանավորների աշխատավարձերը։

Գրոհի է նետվել նաև քաղաքապետարանը։ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի շուրթերով հայտարարեց, որ թանկացնելու է հասարակական տրանսպորտի գինը։

Տեմպից հետ չի մնում նաև ՀՀԿ ղեկավարի ընկերական շրջապատը։ Մասնավորապես «Փարքինգ սիթի սերվիզը» շարունակում է կարմիր գույնով ներկել Երևանի փողոցները՝ այդպիսով ավելացնելով ասֆալտից փող քամելու հնարավորությունները։ Ամեն օր նոր տարածքներ են նվաճվում և ենթարկվում կարմրագույն հարձակման։

Կարմիր կետագծերի առկայությունը դարձել է Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած տնտեսական քաղաքականության խորհրդանիշը։ Կարմիր կետագիծը նաև մեր հասարակության հեզության ու հնազանդության խորհրդանիշն է։

Ավտոկայանատեղերի փողոցային բիզնեսի մասով դժվար է ասել, թե ով է ավելի մեղավոր՝ իշխանությո՞ւնը, որը «նագլի» ձևով փող է քամում վարորդներից, թե՞ այն «պարտաճանաչ» վարորդները, ովքեր գոմ քշվող ոչխարի պես հնազանդորեն շարվում են կարմիր գծից այս կողմ ու հեզորեն մուծվում Սերժ Սարգսյանին՝ դիմացը չստանալով ոչ մի ծառայություն։

Սերժ Սարգսյանի հենարանը հենց այդ հեզ ու հնազանդներն են, որոնց ինչքան կարողանում՝ կթում են։ Դե, եթե սուբյեկտը կթվում է, ապա ինչո՞ւ չպետք է կթեն։

Կարմիր կետագծերը նաև «բեսպրեդելի» և ագահության յուրօրինակ խորհրդանիշներ են։ Նաև՝ ստրկության։

Մուծվող հնազանդների գործողությունները ցույց են տալիս, որ «ոչխարներն» ուզում են ուտել մարդկանց։ Կարմիր կետագիծն, ըստ այդմ, ջրբաժան է։ Ով գտնվում է կետագծից այն կողմ և հեզորեն մուծվում է Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին, գործում է ընդդեմ հասարակության մյուս հատվածի, որը մերժում է «ոչխարիզմը»։

Եվ ամենակարևորի մասին. եթե իշխանությունն ափաշքյարա թալան է անում, և երկրում հեղափոխություն տեղի չի ունենում, ապա իրավունք ունե՞նք արդյոք պետություն ունենալ։ Այսպես շարունակվելու դեպքում «ոչխարներն», իրոք, կուտեն մարդկանց։

Եվ ուրեմն ....

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը