Մեկնաբանություն

05.11.2013 00:55


Սերժ Սարգսյանի երաշխիքը կամ եռանկյան «չորրորդ կողմը»

Սերժ Սարգսյանի երաշխիքը կամ եռանկյան «չորրորդ կողմը»

Ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած Սերժ Սարգսյանի աթոռին մնալու միակ երաշխիքը քաղաքական դաշտի ու պետական ապարատի պառակտվածությունն է։

Ինչպես հայտնի երգչին ուղղված պատասխան նամակում էր ասված՝ «Bellum omnium contra omnes» կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ։ Այլ կերպ ասած՝ Բաղրամյան 26–ում մնացել են «մուտիլովկաների» հույսին։

Առաջին հայացքից կարող է պարադոքսալ թվալ, բայց ՀՀԿ ղեկավարի աթոռին մնալու համար երաշխիք է նաև Հայաստանի թուլացումն ու տնտեսության քայքայումը։ Ս. Սարգսյանն, իհարկե, այդպես չի ուզում, բայց այդպես է ստացվում։ Քանզի գործ ունենք հակադարձ համեմատական կապի հետ. եթե Սարգսյանը մնում է, ապա Հայաստանը զարգացման շանս չի կարող ունենալ, և հակառակը՝ Հայաստանի զարգացումը նշանակում է, որ Սարգսյանն այլևս Բաղրամյան 26–ում չէ։

Անշու՛շտ, Սարգսյանի հեռացումը բավարար պայման չէ, որպեսզի մեր երկրի զարգացման լավագույն սցենարն ընտրվի, բայց Սարգսյանի հեռացումն այն անհրաժեշտ պայմանն է, որի կատարումից հետո է միայն հնարավոր խոսել զարգացումից։

Սարգսյանն այս ամենը բնազդով է զգում ու դրա համար էլ քայքայում է ամեն ինչ և փորձում է սեփականաշնորհել շարժվող ու անշարժ «գույքերը»։

Սարգսյանի մնալու ամենագլխավոր երաշխիքը քաղաքական դաշտում առկա ուժային կենտրոնների չմիավորված լինելու մեջ է։ Քանի դեռ լայն կոնսոլիդացիա չկա, Սերժը կմնա իներցիայով և ի հեճուկս տրամաբանության։ Նա կմնա այնքան մինչև Հայաստանը վերանա։ Դա է նրա ու մեր ողբերգությունը։

Եվ ուրեմն, լայն կոնսոլիդացիա է պետք կամ առնվազն «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» բանաձևի գոնե ժամանակավոր կիրառում։

Բոլորն էլ «կողեր» ունեն, բայց չարժե այն բանեցնել եռանկյան ներսում։

Լայն կոնսոլիդացիան ենթադրում է անհավանական թվացող միավորումներ և «ձիով քայլեր»։ Ու ամեն մեկը թող հիշի, որ եռանկյան մեջ միևնույն է ամենամեծ անկյունը փոքր կլինի 180 աստիճանից և որ անկյունը կազմվում է երկու «կողից»։ Խոսքս այն «կողի» մասին չէ, որը պարբերաբար ցույց է տրվում տարբեր առիթներով ու հաճախ նաև՝ առանց առիթի։

Ի դեպ, Սերժ Սարգսյանն ամենալավն է զգում իր հեռացմանը նպաստող պոտենցիալ վտանգները, քան այդ վտանգների գեներացման հնարավորություն ունեցող սուբյեկտները։ Սա փաստ է, որը պետք է արձանագրել, բայց չանցնել առաջ, քանի որ արձանագրմանը պետք է հետևեն քայլեր կամ գոնե բացառվեն հակաքայլերը։

Եվ այսպես, Հայաստանում իրավիճակը կփոխվի, երբ քաղաքական դաշտի ուժային կենտրոնները որոշեն ձիով քայլ անել։ Եթե դա չարվի, ապա «ֆիզիկայի» օրենքների համաձայն՝ եռանկյունուց կծնվի «չորրորդ կողմը» ու խաղը կավարտվի անսպասելի ելքով։ Անսպասելի և՛ եռանկյան կողմերի, և՛ Հայաստանի համար։

Իշխանությունը փողոցում ընկած է։ Ո՞վ կվերցնի այն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը