Լրահոս

27.11.2013 09:50


Տիգրան Մարտիրոսյան. «Արդեն ոտքի չկանգնելու տեղ չկա»

Տիգրան Մարտիրոսյան. «Արդեն ոտքի չկանգնելու տեղ չկա»

Հարցազրույց «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանի հետ

Ինչո՞վ է պայմանավորված կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարի դեմ առաջացած բողոքի զանգվածային ալիքը։

–Բողոքի ալիքը զանգվածային բնույթ ստացավ այն բանից հետո, երբ շատերը տեղեկացան այս օրենքի մասին: Մինչ այդ այս տեղեկությունը լայն հասարակության մակարդակով չէր շրջանառվել: Առաջին տեղեկացվողները եղել են ՏՏ ոլորտից, բայց հետո ընդգրկվեցին նաև այլ ոլորտներ: Սկզբում այս ալիքի վրա նույնիսկ պիտակ կար, թե ՏՏ ոլորտն է միայն բողոքում: Բայց հիմա գնալով նախաձեռնությունը ազատվում է այդ պիտակից, քանի որ այլ ոլորտի մարդիկ նույնպես սկսել են ակտիվ ներգրավվել պայքարի մեջ:

–Բայց չէ՞ որ գործող կառավարությունը մինչ այս ևս շատ դատապարտելի և մտահոգիչ որոշումներ ու գործողություններ էր կատարել, բայց «Կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության այսօրվա անդամների մի մասը ոտքի չէր կանգնում։ Իսկ այժմ տեսնում ենք, որ հասարակության տարբեր շերտեր միավորվել են և պայքարում են կառավարության այս որոշման դեմ։ Ինչո՞ւ էին այն ժամանակ լռում, իսկ հիմա խոսեցին։

–Համամիտ եմ՝ կա հասարակության որոշակի շերտ, որը բավականին իներտ է, և քանի դեռ խնդիրը չի հասել անձամբ իրեն, ապա ոտքի չի կանգնում: Մյուս արգումենտն էլ այն է, որ մարդիկ չէին հավատում, որ իրենց ոտքի կանգնելը կլուծի այդ հարցերը, բայց սա այն դեպքն է, երբ արդեն չկանգնելու տեղ չկա: Անձամբ ես իմ հնարավորությունների սահմաններում մասնակցել եմ տարբեր խնդիրների լուծմանն ուղված բողոքի ակցիաներին: Եվ համոզված ասում եմ, որ այն մարդիկ, ովքեր այս խնդրի համար առաջին անգամն են դուրս գալիս բողոքի, սրանից հետո հաստատ անդրադառնալու են նաև այլ խնդիրներին:

Հաշվի առնելով ներկայիս իշխանությունների գործունեությունը՝ վստահաբար կարող ենք ասել, որ կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին վիճելի որոշումն է։ Հնարավո՞ր է՝ ձեր նախաձեռնությունը շատ ավելի բազմաբովանդակ և լայնամասշտաբ բնույթ ստանա։

–Ոչինչ բացառել չեմ կարող: Հնարավո՛ր է:

Չե՞ք կարծում, որ միմիայն իշխանության հեռացումն է երկրում այսօր ստեղծված իրավիճակի փոփոխության միակ բանալին։ Մնացյալ բոլոր շարժումները, նախաձեռնությունները և գործողությունները, որոնք Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հրաժարականի հարցը չեն դնում, պարզապես նպաստում են այս իշխանության պահպանմանը։

Անձամբ ես չեմ կարծում, որ մեկ անձի կամ թեկուզ ողջ իշխանության հեռացումն ինչ–որ լուրջ փոփոխության կհանգեցնի: Իմ կարծիքով խնդիրը շատ ավելի խորքային է: Արժեհամակարգային փոփոխությունների խնդիր ունենք: Եվ եթե կարողանանք այնպես անել, որ հասարակությունը վերականգնի իր արժեհամակարգը և դառնա բարձր արժեքային որակների կրող հասարակություն, ապա, կարծում եմ, դրա անդրադարձը կտեսնենք նաև իշխանությունների վրա:

-Դուք պայքարում եք կառավարության կայացրած որոշման դեմ, բայց, փաստորեն, ճիշտ և ճիշտ կրկնեցիք վարչապետ Տիգրան Սարգսյանի միտքը՝ մտածողության հեղափոխություն է պետք: Քիչ առաջ իմ ասածը հենց սրա մասին էր՝ պայքարը կոնկրետ չթիրախավորելը իշխանության ջրաղացին է ջուր լցնում և ընթանում է հենց նրանց ցանկալի հունով: Ի՞նչ կասեք:

-Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում կոնկրետ չթիրախավորել: Մենք կոնկրետ խնդիրն ենք թիրախավորում և համաձայն չեմ, թե այս մոտեցումը իշխանության ջրաղացին ջուր է լցնում: Մյուս կողմից համաձայն եմ, որ կոնկրետ խնդիրները առաջացնում են իշխանությունները, բայց չեմ կարծում, որ նրանց փոխարինողները, եթե եղան նման արժեհամակարգի կրողներ, խնդիրներ չեն առաջացնելու: Այսինքն պիտի ձևավորվի մի մեխանիզմ, որով հասարակությունը կկարողանա պարտադրել խնդիրներ առաջացնողներին չառաջացնել այդ խնդիրնեը կամ առաջացնելու դեպքում էլ լուծել, անկախ նրանց արժեհամակարգային խեղումներից: Բոլոր քաղաքակիրթ երկրներում հասարակությունը հենց այդ մեխանիզմներով էլ ճնշում է գործադրում իր իշխանությունների վրա: Եվ իմ կարծիքով մեզ մոտ էլ նման քաղաքացիական շարժումները կամաց կամաց գնում են դեպի այդ մեխանիզմի ձևավորմանը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը