Մեկնաբանություն

02.12.2013 13:02


Ահազանգը կեղծ չէր

Ահազանգը կեղծ չէր

Այսօր ԱԻՆ–ը տեղեկություն էր ստացել, որ նախագահական նստավայրի դիմաց՝ Մետրոպոլիտենի կայարանում, պայթուցիկ սարք է տեղադրված: Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Փրկարարները իզուր էլ ժամանակ են վատնել ռումբ փնտրելով։ Ահազանգողը այլ բան է նկատի ունեցել։

Հավանաբար, նա Վիկտոր Դալլաքյանին կամ մեկ ուրիշի է տեսել տարածքում ու ահազանգել։ ԱԻՆ–ում էլ խառնված՝ մոռացել են, որ նախագահական նստավայրը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով վաղուց «ականապատ» է։ Այն լցված է անարգել ելումուտ անող «ականներով»։

Հիմա ամեն անգամ, ասենք, Վիկտոր Դալլաքյանին Բաղրամյան 26-ում տեսնելիս հո չե՞ք ահազանգելու, թե ական է տեղադրված։ Առավել ևս, որ նման «ռումբերը» վաղուց արդեն պայթած են։

Քաղաքական-հասարակական կյանքում ականներն ամենուր են։ Դրանց վնասազերծելու համար միայն ահազանգելը բավարար չէ. այլ քայլեր են հարկավոր։ Ժամանակն էլ սեղմում է, որ սպասես, թե երբ են դրանք իրենք իրենցով պայթելու կամ պայթեցվելու։

Եվ ամենակարևորը. պետք է գլխավոր «ականն» ականազերծել Բաղրամյան 26–ից։ Բայց դա արդեն ԱԻՆ–ի գործը չէ։ Դա ՀՀ քաղաքացիները պետք է անեն։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը