Քաղաքական

04.12.2013 15:14


Լևոն Զուրաբյան. «Կիպրոսի գործով շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել»

Լևոն Զուրաբյան. «Կիպրոսի գործով շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել»

ԱԺ–ում Հայ ազգային կոնգրես խմբակցության «Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդման մեջ բարձրացվել է նաև հայտնի «օֆշորային» գործը, որում շրջանառվում է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։

Օֆշորային գործով շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել,–հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հիշեցնելով Տիգրան Սարգսյանի խոսքերը, որ շատ հեշտ է ապացուցել իր անմեղությունը։

–Ասում էր՝ ցանկացած մարդ կարող էր իր անունով ընկերություն բացել և իրեն վարկաբեկելու համար միլիոնավոր դոլարներ փոխանցել։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ եթե դա այդպես է, ապա ընտրված է վարկաբեկման բավականին ծախսատար միջոց։ Կառավարության պատասխանից էլ մենք տեղեկանում ենք, որ հերքման ձգձգման պատճառն այն է, որ, մեջբերում եմ. «Իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդության կատարման համար պահանջվող քննչական գործողությունների մեծածավալ և ժամանակատար լինելու պատճառով Կիպրոսի հանրապետության իրավասու մարմինների կողմից դեռևս շարունակվում են համապատասխան գործողությունները»։

Փաստորեն, ստացվում է, որ այդ «ուչաստկովիի» գործը ահագին բարդացել է,–ասել է Լ. Զուրաբյանը։

Սա ակնհայտորեն դուր չի եկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ով բորբոքված արձագանքել է.

–Ի՞նչ ա, Կիպրոսի կառավարության փոխարե՞ն էլ ձեզ պիտի պատասխան տանք։ Թե՞ էդքան հզոր ենք, որ Կիպրոսի կառավարության վրա էլ կարողանանք ազդել։

Ի դեպ, Լևոն Զուրաբյանն իր խոսքում հայտարարել է նաև, որ այս կառավարությունից իրենք միայն մեկ բան ունեն պահանջելու, որ հոժարակամ փրկի մեր ազգին վերահաս աղետից և միասնական հրաժարական ներկայացնի։

Հրայր Թովմասյանը Լևոն Զուրաբյանի այս պահանջին, սակայն, ոչ մի բառով չի անդրադարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը