Քաղաքական

05.12.2013 17:10


«Կուտակայինի» պահով

«Կուտակայինի» պահով

Այսօր խորհրդարանը սկսել է քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքերով՝ 2014թհունվարի 1-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկման համար ընտրվել է կենսաթոշակային ֆոնդերի 2 կառավարիչ: Սույն օրինագծով այդ կառավարիչների համար ստեղծվում են հավասար պայմաններ, որ նրանք չմրցեն ո՛չ սակագներով, ո՛չ էլ մարկետինգային քաղաքականությամբ:

Ն․ Երիցյանն ավելացրել է, որ քաղաքացիների շրջանում ֆինանսական գրագիտության աշխատանքներ են տարվելու, որպեսզի նրանք հասկանան, թե որ ֆոնդերի կառավարիչներն ինչ ծառայություն են մատուցելու, և ում ընտրել։

Այս խոսքերին վրդովված արձագանքել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը.

–Եթե չեք ճանաչում մեր գյուղի տրակտորիստ Վասիլին, ով 1974 թվականից հետո է ծնվել, կարող եմ ձեզ տանել և իրեն ձեր բացատրություններով ցույց տաք, թե ինչպես կարելի է ընտրություն կատարել կառավարիչների և ֆոնդերի միջև: Ի դեպ, ասեմ, որ Վասիլը պայմանական անուն է, հետո չգնաք հարձակվեք վրան:

Ա. Միանսյանը նաև պնդել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը որևէ կապ չունի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ։

Աշխարհի ոչ մի երկրում այս մոդելը չկա։ Այն երկրները, որոնք որոշել են պարտադիր բաղադրիչը կիրառել, արդեն սպառած են եղել կենսաթոշակային բարեփոխումների բոլոր գործիքները։ Աղքատության նման ցուցանիշների դեպքում նման համակարգ չի կարող ներդրվել Հայաստանում։ Մենք դիմելու են Սահմանադրական դատարան, և այնտեղ կտեսնենք՝ ով է մեզնից ճիշտ,–ասել է նա։

Ի դեպ, ստացվում է, որ օրինագծի ընդունման դեպքում քաղաքացիներն ընդամենը 25 օր՝ մինչև հունվարի 1-ը, ժամանակ ունեն ֆոնդի ու կառավարչի ընտրության:

Օրինագծի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել նաև Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։ ՀՀԿ–ական պատգամավորն իր ելույթը համեմատությամբ է սկսել.

–Ռադիոյով երեխաները հարցնում են՝ մոլորակները պտտվում պտտվում են, բայց չեն հանդիպում։ Այո՛, պետք է ընդունել, որ մոլորակները կարող են և չհանդիպել։

Հակոբ Հակոբյանն իր խոսքը եզարափակելիս էլ յուրօրինակ է գտնվել.

–«Աստծո արևով լույսը բացվելու» սկզբունքը պետք է փոխենք «Փա՛ռքդ շատ, Աստվա՛ծ ջան» սկզբունքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը