Մեկնաբանություն

13.12.2013 12:13


Սերժ Սարգսյանը մնացել է «ֆուտբոլային» դիվանագիտության տակ

Սերժ Սարգսյանը մնացել է «ֆուտբոլային» դիվանագիտության տակ

Սերժ Սարգսյանն այդպես էլ չհասկացավ ձևի ու բովանդակության, ռազմավարության ու մարտավարության տարբերությունները։ Նա խոշորագույն դիլետանտ է և քաղաքականապես անմեղսունակ։

«Ֆուտբոլային» դիվանագիտություն նախաձեռնելով՝ նա չէր հասկանում, որ Թուրքիային ընդամենը պետք է հայ–թուրքական գործընթացը, այլ ոչ թե կոնկրետ արդյունքը։ Սերժը հանձնեց ցեղասպանությունը, խաղադրույք կատարեց Ղարաբաղով և թուլացրեց ՀՀ անվտանգությունը։ Եվ այս ամենը հանուն աթոռի։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանի համար «ֆուտբոլային» դիվանագիտությունն ու դրան հաջորդած իրադարձությունները դաս չեն եղել։ Նրան շոուն է հարկավոր։

Ցավալի է, բայց փաստ. ՀՀԿ «ճկուն» ղեկավարը չի հասկանում, որ հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ չվերցնելով՝ Թուրքիային հնարավորություն է տալիս ակտիվորեն զբաղվել Ղարաբաղի հարցով (բնականաբար, հօգուտ Ադրբեջանի)։ Էլ չասած այն մասին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը թուրքերի հետ առևտրի առարկա դարձնելով՝ Սերժը խայտառակ արդյունքներ արձանագրեց։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան ժամանումից առաջ փորձագիտական կարծիքներ ներկայացվեցին։ Մասնավորապես, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հիմնավորել էր, թե ինչու չարժե Դավութօղլուի հետ երկկողմ հանդիպում կազմակերպել։

Եթե Թուրքիան շաղկապված է տեսնում սահմանի բացումը և արցախյան հիմնախնդիրը, ապա ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Հայկական կողմը, կապված Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի այցի հետ, չպետք է երկկողմանի բանակցություններ վարի։ Գալիս է Հայաստան, թող գա ՍԾՏՀ շրջանակներում և ոչ ավելին։ Եթե լինում է հանդիպում, ապա թուրքական կողմին առիթ ենք տալիս՝ միջազգային հանրությանը ներկայացնելու, որ հանդիպում եղավ, ինչը «կարևոր» փուլ էր «երկխոսության» շրջանակներում և այլն,– նշել էր Բոզոյանը։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի ցանկացած երկկողմանի հանդիպում կհամարվի թուրքական ջրաղացին ջուր լցնել։

«Շատ կարևոր է, որ թուրքական կողմը միջազգային հանրությանը չկարողանա հրամցնել այն գաղափարը, որ այդ երկխոսությունը շարունակվում է։ Թուրքիան այդ «երկխոսությունը» կօգտագործի իր շահերի համար մինչ 2015–ը, երբ Ցեղասպանության հետ կապված այդ ալիքը կանցնի, հետո կշպրտի արձանագրությունները։ Հետագայում ավելի բացահայտ կսկսի առաջարկել միջազգային հանրությանը լուրջ զբաղվել ԼՂ խնդրով,– բացատրել էր Բոզոյանը, ապա եզրափակել,– ես առաջարկում եմ սխալ քայլեր չանել, իսկ հետո դժգոհել. դա կոչվում է անմեղսունակություն»։

Թվում է, թե բարդ չէ այս ամենը հասկանալը։ Բարդ չէ հասկանալը, որ Թուրքիային հայ–թուրքական գործընթացը հետաքրքրում է հանուն գործընթացի, իսկ եթե Հայաստանը մասնակի շրջափակման ենթարկած այդ պետությանը արդյունք հետաքրքրում էլ է, ապա Ղարաբաղում մեր զիջումների տեսքով։ Հետևաբար, Թուրքիայի հետ հրապարակային գյալաջիները պետք է դադարեցնել, հայ–թուրքական արձանագրությունները պետք է նետել աղբամանը և վարել հայաստանակենտրոն քաղաքականություն։ Առավել ևս, չի կարելի Դավութօղլուի հետ ժամ ու կես բանակցել, իսկ հետո փախչել՝ Թուրքիայի արտգործնախարարին թողնելով թուրք լրագրողների հետ։

Բայց դե, Սերժին այլևս իմաստ չունի որևէ բան բացատրելը։ Նա մնացել է «ֆուտբոլային» դիվանագիտության տակ՝ դրա տակ թողնելով նաև Հայաստանը։ Վիճակը, սակայն, կարելի է շտկել։ Սերժն ու Հայաստանը շա՜տ տարբեր բաներ են։ Եթե չենք ուզում պետությունը տանուլ տալ, ապա պետք է Հայաստանն ազատել Սերժից։ Այլապես Հայաստանն իր դարպասում բազում գնդակներ կընդունի՝ դուրս մնալով ազգերի մրցավազքից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը