Քաղաքական

13.12.2013 12:31


Անդրիաս Ղուկասյան. «Կառավարությունն անում է այն, ինչ ցանկանում է»

Անդրիաս Ղուկասյան. «Կառավարությունն անում է այն, ինչ ցանկանում է»

Այսօրվա ասուլիս-բանավեճին ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի նախագծին իրենց գնահատականը տվեցին քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։

«Կառավարության կողմից ներկայացված բյուջեն ձևական է, քանի որ առանց դրա էլ կառավարությունն անում է այն, ինչ ցանկանում է»,–նշել է Ա. Ղուկասնաը։ Քաղաքագետը որպես հիմնավորում է բերել գազի սակագանի բարձրացման օրինակը՝ ասելով. «2013թ. բյուջեում նախատեսված չէին սուբսիդիաներ գազի ֆինանսավորման համար։ Սակայն տեսանք, որ վարչապետը միջամտեց հարցին. առանց հիմնավորման հայտարարվեց, թե կսուբսիդավորի 30%-ը։ Հետագայում էլ պարզվեց, որ սուբսիդիան պետական գույքից պետք է հատկացվի»։

Բացի այդ, Անդրիաս Ղուկասյանը ընդգծել է այն, որ կառավարությունը նախատեսել է 1 տրիլիոնից ավելի եկամուտներ ծախսերի 35%-ի պարագայում։

«Այս ծախսերը դառնում են նաև եկամուտներ, քանի որ պետությունն ամենախոշոր հարկատուն է։ Այսինքն` 1 տրիլիոնից 35%-ը կառավարությունը գանձում է ինքն իրենից։ Բացի այդ, բյուջեով նախատեսվել է, որ միջին առումով քաղաքացու սպառողական կարողությունը լինի առնվազն 1 մլն դրամի, այսինքն` քաղաքացին պետք է այդքան ապարանքներ և ծառայություններ գնի, որպեսզի կառավարությունը կարողանա 650 մլն-ից ավելի գանձումներ անել։ Իսկ դա անիրատեսական է, քանի որ յուրաքանչյուր երրորդ քաղաքացի աղքատության շեմից ցածր է ապրում, և ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացու սպառողական կարողության միջին ցուցանիշը լինելու է 1 մլն. դրամ, անհիմն ենթադրություն է»,-նշել է Ղուկասյանը։

Արտակ Դավթյանի հակադարձումն էլ այն էր, թե կարևորը բյուջեի իրատեսական լինելն է, և իրենք չեն արել մի քայլ, որը հակասահմանադրական է եղել։

«Եթե նախորդ տարիների կատարողականներին ենք անդրադառնում, ապա թվային տեսքով 100%-ին մոտ է լինում, այսինքն` անցած տարվա կատարողականները թույլ են տալիս ենթադրել, որ սա էլ իրատեսական կլինի»,-նշել է ՀՀԿ պատգամավորը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» դեմ են քվեարկել 2014թ. պետական բյուջեի նախագծին ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը