Լրահոս

25.12.2013 16:31


ՀՀԿ–ական պատգամավոր. «Ջահել ժամանակ լավ էլ կերել–խմել եմ»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Ջահել ժամանակ լավ էլ կերել–խմել եմ»

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ

–ԵՄ ասոցացման համաձայնագրին չմիանալու հայաստանցիների և ուկրաինացիների արձագանքը կտրուկ տարբերվում է։ Ձեր կարծիքով ինչո՞ւ Հայաստանում նման բողոքի ալիք չբարձրացավ։

–Պետք է ընդունենք, որ մենք միատարր ժողովուրդ ենք, իսկ Ուկրաինայում տեղի ունեցողն ուղղորդվող է։ Արևմտյան շատ ուժեր, կենտրոններ լուրջ աշխատանք են տանում այնտեղ, լուրջ միջոցներ դնում։

–Մեզ մոտ չէի՞ն կարող ուղղորդել։

–Երևի կարող էին, փորձում են, մեզ մոտ էլ են փորձում, բայց չի ստացվում, որովհետև մենք այնպիսի երկիր և ժողովուրդ ենք, որ պատմական հիշողություն ունենք, և յուրաքանչյուր հայի համար ազգային անվտանգության խնդիրները չափազանց կարևոր են։

–Մինչև սեպտեմբերի 3–ը Հայաստանի իշխանությունը լրիվ ուրիշ ճանապարհով էր գնում։ Կորցրե՞լ էր հիշողությունը։

–Ոչ մի ուրիշ ճանապարհով չենք գնացել։ Այդ ճանապարհը եղե՛լ է, կա՛ ու կլինի՛։

–Ո՞րն է այդ ճանապարհը։

–Այն, ինչ քաղաքակրթության օրրան արևմտյան երկրներն ընդունում են, մենք էլ ենք դա ընդունում և շարունակելու ենք։

–Բայց մտնում ենք Մաքսային միություն։

–Եթե ասոցացման համաձայնագիրը խանգարում է մեր ազգային անվտանգության երաշխավորը հանդիսացող գործընկերոջ հարաբերություններին, մենք առաջնային պիտի համարենք նրա հետ մեր հարաբերությունները։

–Հայաստանում նաև մի շատ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց։ «Արևմտամետ» գործիչները, ովքեր մինչև սեպտեմբերի 3–ը պաշտպանում էին «արևմտամետ» Սերժ Սարգսյանին, անգամ հիմա էլ են շարունակում նրան պաշտպանել...

–Ես չգիտեմ՝ ում նկատի ունեք...մենք պետք է լինենք մեր երկրամետ։

–Դավիթ Շահնազարյան, Արամ Զավենի Սարգսյան, Արարատ Զուրաբյան...

–Ի՞նչ է՝ մարդիկ առողջ բանականությունը պիտի մի կողմ թողնե՞ն։ Երբ դրված է ազգի անվտանգության խնդիրը, մարդիկ առողջ են դատում, և հասկանում են՝ անվտանգության խնդրից ավելի կարևոր բան մեր երկրի համար չկա։ Մենք Շվեյցարիան չենք, չէ՞։ Մենք ոխերիմ հարևաններով շրջապատված ենք։

–Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ այդ ամենի հետ մեկտեղ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցում է, օրինակ, Արարատ Զուրաբյանի ծննդյան տարեդարձին և նրա քեֆի սեղանին թամադայություն անում։

–Իսկ ի՞նչ կա էդտեղ։

–Վատ բան չե՞ք տեսնում։

–Չէ՛։ Մարդկային հարաբերությունների դաշտ է։ Քաղաքականությունը՝ քաղաքականություն, մարդկային հարաբերությունները՝ մարդկային հարաբերություններ։ Քաղաքականությունը տեսակետների փիլիսոփայության, գաղափարախոսության պայքար է։ Բայց մարդու կենսակերպը չես կարող պարտադրել, որ դու հարևանիդ հետ բարեկամություն չանես։ Օրինակ՝ ես Արարատ Զուրաբյանին ճանաչում եմ, միասին աշխատել ենք, և ես իր մասին շատ լավ կարծիք ունեմ, բայց մենք տարաձայնություն մի՛շտ ենք ունեցել։

–Իսկ կոնկրետ դուք ընդդիմադիրներից ո՞ւմ քեֆերին եք մասնակցում։

–Ես սեղանների գրեթե չեմ գնում։ Գիտեք՝ ինչ, ջահել ժամանակ շատ տեղեր եմ եղել, բայց հիմա իմ առողջությունը, տարիքը թույլ չեն տալիս՝ ամեն օր սեղանների մասնակից լինեմ։

–Ի տարբերություն վարչապետի՝ չե՛ք էլ խմում։

–Ես եթե խմում եմ, մեկ բաժակ գինի՝ կարմիր, դառը։ Արդեն իմ բոլոր ընկերները դա գիտեն։ Միայն մեկ բաժակ, ոչ ավել։ Բայց ջահել ժամանակ լավ էլ կերել–խմել եմ, ինչ է եղել։ Ես նորմալ կյանքով ապրող մարդ եմ եղել, այնպես է ստացվել, որ արդեն երիտասարդ տարիքից պաշտոնյա եմ եղել։

–Այսինքն, պաշտոն ունենալը, կերուխումը նպաստո՛ւմ են լավ ջահելությանը։

–Երևի։ Ոչ թե կերուխումը, այլ առողջ կենսակերպով ապրելն է նպաստում, և ես հիմա ջատագովն եմ քիչ խմելուն և ընդհանրապես չծխելուն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը