Խմբագրական

13.01.2014 04:00


Տիգրան Սարգսյանը 2008–ից առաջ և հետո

Տիգրան Սարգսյանը 2008–ից առաջ և հետո

Իր տարեվերջյան ասուլիսով ու դրան հետևած մի քանի ելույթներով Տիգրան Սարգսյանը սեփական անցյալի խմբագրման ու սրբագրման համար, այսպես ասած, դրսից տղա բերեց, ինչպես նաև խուսափեց ներկային առնչվող մի շարք կարևորագույն հարցերին կոնկրետ պատասխանելուց։

Տիգրան Սարգսյանը հին ու նոր բանաձևերի արանքում

Սարգսյանը, վկայակոչելով ԱՄՆ պահուստային համակարգի կառավարող խորհրդի նախկին ղեկավար Ալան Գրինսփենին, հիմնավորում է, թե ինչու, շինարարության ոլորտի հետ կապված, նախկինում (երբ Կենտրոնական բանկի նախագահ էր) չի ասել կամ չի նկատել այն, ինչ ասում կամ նկատում է այսօր (երբ վարչապետ է)։

Ըստ Տիգրան Սարգսյանի ներկայացրած բացատրության և գրաֆիկների՝ Հայաստանի անշարժ գույքի ու հիպոթեքային շուկաներում 2007-2013թթ. ընթացքում արձանագրվել է հետևյալ տենդենցը՝ հիպոթեքային տոկոսադրույքները նվազել են, վարկերի ժամկետները երկարել են, հիպոթեքային վարկերի ծավալները մեծացել են։ Ընդլայնվել է նաև վարկերի աշխարհագրությունը՝ Երևանից տեղափոխվելով մարզեր։

Տիգրան Սարգսյանը, սակայն, չի պարզաբանել, թե այդ դեպքում ինչո՞ւ է շինարարության ոլորտը կտրուկ անկում ապրել, և բնակարանների առքուվաճառքը նվազել, եթե հիպոթեքային վարկերի տոկոսներն ու դրանց մարման ժամկետներն ավելի գրավիչ են դարձել իր վարչապետության շրջանում, քան մինչև այդ։ Եթե բացատրությունն այն է, որ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ է արձանագրվել, և մենք էլ ենք զգացել դրա բացասական հետևանքները, ապա այն օրերին նույն Տիգրան Սարգսյանը պնդում էր, որ ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, ու մենք դեռ մի բան էլ կօգտվենք։

2008թ. վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը նաև պնդում էր, որ նոր կառավարությունը լավ ժառանգություն է ստացել ու հիմնվելով այդ ժառանգության վրա՝ ՀՆԱ տարեկան միջինը 9 տոկոս իրական աճ է ապահովելու, կրճատելու է ընդհանուր աղքատությունը՝ 2008թ. արձանագրված 26,5 տոկոսից իջեցնելով 11,2 տոկոսից ցածր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,6 տոկոսից ցածր մակարդակի։ Այնինչ, ստացանք խոստացածից ավելի քան 3 անգամ մեծ չափի աղքատության մակարդակ։

Պաշտոնապես հայտարարվել է 37 տոկոս աղքատության ցուցանիշ, իսկ ճգնաժամի պիկի տարում (2009թ.) ՀՆԱ–ն դոլարային հաշվարկով կրճատվեց շուրջ 40 տոկոսով (ՀՀ դրամով 14,1 տոկոս տնտեսական անկմանը գումարվում է նաև դրամի կտրուկ արժեզրկումը (25 տոկոսի չափով) ֆիքսված փոխարժեքից «կառավարելի լողացողի» անցման արդյունքում)։ Դոլարային հաշվարկով՝ ՀՀ տնտեսական անկումն աշխարհում ամենամեծն էր։ Դա էր պատճառը, որ հայտնի «Ֆորբս» ամսագիրը մեր տնտեսությունը դասակարգեց աշխարհի տասը վատագույնների շարքը։

Հաջորդ հարցը։

Եթե վարկերն էժանանում են, դրանց մարման ժամկետները երկարում են, երկրում տնտեսական վիճակն, ըստ վարչապետի, այնքան էլ վատ չէ, ապա ինչո՞ւ հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ վերջին հինգ տարիների ընթացքում որոշեցին լքել հայրենիքը և համալրել «Հայկական աշխարհը»։

Ինչո՞ւ են ներդրումների ծավալները կտրուկ նվազել։ Չէ՞ որ տնտեսագիտական կանոնների համաձայն՝ էժան վարկը խթանում է դրա նկատմամբ պահանջարկը ինչպես սպառողների, այնպես էլ ներդրողների մոտ։ Ներդրումների ու տոկոսադրույքի հակադարձ համեմատական կապը ցածր տոկոսադրույքի պայմաններում պետք է հօգուտ ներդրումների աճի լիներ, մինչդեռ պետական վիճակագրությունը հակառակ պատկերն է տալիս։

Ուշագրավ մեկ հանգամանք. ՀՀ տնտեսական անկումը, աղքատության աճն ու արտագաղթը տեղի են ունեցել ՀՀ արտաքին պարտքի եռապատկման ֆոնին։ Ասել է թե՝ որևէ քննադատության չի դիմանում այն թեզը, թե դրսից եկող տրանսֆերտների և պղնձի ու մոլիբդենի միջազգային գների անկման հետևանքով դեպի Հայաստան ֆինանսական մուտքերը պակասել են՝ նպաստելով ճգնաժամի խորացմանը։ Պակասել են նշածս ուղղություններով, սակայն շատ ավելի մեծ չափով փող է մտել Հայաստան։ Այլ հարց է, որ դրանք սխալ են օգտագործվել, ինչպես նաև անհետացել կասկածելի ֆինանսական սխեմաների մեջ։

Ուժեղ դրամն ու թույլ տնտեսությունը

Այժմ ամենակարևորի մասին։

Շինարարական ոլորտի նախկին ու ներկա վիճակին առնչվող հարցերին անդրադառնալիս պետք է անպայման քննության առարկա դարձնել այն ժամանակ վարվող դրամավարկային քաղաքականությունը։

Այո, էկզոգեն ու էնդոգեն գործոնների ազդեցության տակ 2000-2007թթ. Հայաստանում հսկայական ֆինանսական միջոցներ են հայտնվել, որոնց մի մասը մտել է բնակարանաշինության ոլորտ՝ որպես հետևանք առաջարկի ու պահանջարկի անհամամասնության, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում եկամտաբերության համեմատաբար բարձր մակարդակի։

Տիգրան Սարգսյանի գլխավորած ԿԲ–ն այդ փուլում վարում էր, այսպես կոչված, ուժեղ դրամի քաղաքականություն, որի արդյունքում 1 դոլարը 580 դրամից իջավ մինչև 300 դրամ։ Այն ժամանակ ԿԲ–ն ֆետիշացնում էր ուժեղ դրամի գաղափարը, և չէր ընդունում որևէ քննադատություն։

Փոխարենը դրսից եկած գումարները շուկայից քաշելու, դրամի ուժեղացումն այլ արտարժույթների նկատմամբ թույլ չտալու և ՀՀ մտնող արտարժույթը ստաբիլիզացիոն միջոցների վերածելու՝ Տիգրան Սարգսյանի գլխավորած ԿԲ–ն հետևողականորեն ական դրեց ՀՀ տնտեսության տակ՝ վարելով ուժեղ դրամի քաղաքականություն։

«ԿԲ–ն չի միջամտում փոխարժեքի ձևավորմանը»,– սիրում էին կրկնել ԿԲ չինովնիկները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Ուժեղ դրամի քաղաքականության հետևանքով մեր տնտեսության մի շարք արտահանող ճյուղեր շարքից դուրս եկան, տեղական արտադրությունը դարձավ ոչ ձեռնտու, և խթանվեց ներմուծումը։

Տիգրան Սարգսյանը, ԿԲ կոնյունկտուրային շահերից ելնելով, ամեն ինչ արեց, որպեսզի արժեթղթերի շուկան մեզանում չկայանա։ Բնական է, որ այդ դեպքում մարդիկ իրենց խնայողությունները և ազատ միջոցները պետք է ներդնեին կա՛մ բանկերում, կա՛մ բարձր շահութաբերություն ապահովող անշարժ գույքի շուկայում։ Այսինքն, եթե Տիգրան Սարգսյանի առաջարկած վարկածի համաձայն՝ «փուչիկ» է փչվել շինարարության ոլորտում, որը չէր կարող չպայթել ու անկման պատճառ չդառնալ, ապա դա առավելապես ԿԲ վարած քաղաքականության հետևանքով է եղել։

Տիգրան Սարգսյանին հաջողվել էր համոզել պետության ղեկավարությանը, որ այդ մոդելը լավն է։ Ու քանի որ տնտեսական աշխուժություն կար, և քաղաքական ընդդիմախոսությունը պատշաճ մակարդակի վրա չէր, քաղաքական վեճ այդ թեմայով չեղավ։ Վիճում էին միայն Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը (ի դեմս Ֆինանսների նախարարության) և Կենտրոնական բանկը։ Վեճին հեռակա կարգով մասնակից էին նաև փորձագետները, սակայն նրանց ձայնը լսելի չդարձավ։ Ավելին՝ երկրի տնտեսության տակ ական դրած մարդը դարձավ վարչապետ և հիմա դասախոսություններ է կարդում «փուչիկների» թեմայով։

Ուժեղ դրամի քաղաքականության հետևանքով որևէ այլ ոլորտում գումար ներդնելը պարզապես հիմարություն կլիներ։ Ու բնական է, որ դրսի ու Հայաստանում բնակվող հայերի համատեղ պահանջարկի մեծացման արդյունքում բնակարանների շինարարության առաջարկը պետք է փորձեր տեմպ հավաքել և բավարարել պահանջարկը, ինչն էլ հետագայում կարող էր խնդիրներ առաջացնել։ Սակայն բուն խնդիրը ոչ թե բնակարանների սպեկուլյատիվ պահանջարկն էր, այլ ուժեղ դրամի քաղաքականության արդյունքում տնտեսության դիվերսիֆիկացիայի բացառումն «էն գլխից»։

Ինչ մնում է 2009թ. ՀՆԱ կրճատման մեջ շինարարական ոլորտի տեսակարար մեծ կշռին, ապա մեզ մոտ ոչ թե «փուչիկային» երևույթների պատճառով բացասական դինամիկա արձանագրվեց, այլ վարվող տնտեսական քաղաքականությունն էր պատճառը, որ նախկինում լոկոմոտիվի ֆունկցիա կատարող տնտեսության ճյուղը գահավիժեց։

Ինչպես հայտնի է, 2008–ից հետո իշխանությունները դրսից վարկ բերեցին ու կոնկրետ շինարարական կազմակերպությունների միջոցներ հատկացրեցին (փաստորեն, Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ դեռ Գրինսփենի տեսության ազդեցության տակ է եղել), սակայն դա կոպիտ սխալ էր և մեծ կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում։

Եթե կառավարությունը խնդիր էր դրել ճգնաժամային հատվածում թույլ չտալ շինարարության ոլորտի կտրուկ անկում, ապա ճիշտն այն կլիներ, որ, օրինակ, ռուսական 500 միլիոն դոլարի վարկային միջոցներով մատչելի հիպոթեքային վարկեր առաջարկվեր բնակչությանը։ Այսինքն, փողը տային բնակարանի գնորդին, այլ ոչ թե կոնկրետ շինարարական կազմակերպության, որպեսզի շուկայում և՛ մրցակցություն լիներ, և՛ միջոցներն արդյունավետ օգտագործվեին։ Մինչդեռ ընտրվեց հակառակ տարբերակը։ Դա էր պատճառը, որ անգամ պետական աջակցության պայմաններում շինարարության ոլորտը կտրուկ անկում ապրեց, ինչը վկայում է դրսից բերած միջոցների, մեղմ ասած, անարդյունավետ կառավարման մասին։

Ինչ վերաբերում է 2008–ից հետո արձանագրվող արտագաղթին, ապա, ըստ վարչապետի, մարդիկ ընդդիմանում են իրենց ռեֆորմներին, քանզի չեն ուզում փոխել իրենց վարքագծային կանոնը։

«Ռեֆորմներ իրականացնելը հեշտ չէ, որովհետև ռեֆորմ նշանակում է վարքագծային կանոնների փոփոխություն, մտածողության փոփոխություն, իսկ մենք միշտ, երբ նախաձեռնում ենք ռեֆորմներ` այդ ռեֆորմները միշտ էլ առաջին փուլում հանդիպում են որոշակի ընդդիմության»,– մի քանի ժամանոց ասուլիսի ժամանակ մասնավորապես նշել է Տ. Սարգսյանը։

Փաստորեն, ստացվում է հետևյալը՝ Տիգրան Սարգսյանը նախկինում առաջնորդվել է Գրինսփենի տեսությամբ, հիմա առաջնորդվում է նոր տեսությամբ, հին ու նոր տեսությունների վեճը շարունակվում է (այսինքն՝ միշտ կա արդարացման տարբերակ), ինքը ակտիվ հետևում է այդ վեճին, բայց դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, դե, իսկ արտագաղթի համար էլ ՀՀ քաղաքացիներն են մեղավոր, քանզի չեն ուզում փոխել իրենց վարքագծային կանոնն ու մտածողությունը և ընդդիմանում են կառավարության ռեֆորմներին։

Այսպիսի բացատրություններից հետո Տիգրան Սարգսյանին պետք է արժանացնել Նոբելյան մրցանակի, բայց ոչ թե տնտեսագիտության, այլ մեկ ուրիշ նոմինացիայում։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Ի դեպ, Տիգրան Սարգսյանը պարբերաբար խորհուրդ էր տալիս բնակչությանը խնայողությունները պահել ՀՀ դրամով։

2009թ. մարտի 3–ի հայտնի որոշումից առաջ էլ վարչապետը նույն խորհուրդն էր տալիս, սակայն պարզվեց, որ նրանք, ովքեր հետևել էին վարչապետի խորհրդին, մեկ գիշերվա ընթացքում 25 տոկոսի չափով տուժեցին, իսկ ֆիքսված (1դոլարը = 305 դրամ) փոխարժեքային քաղաքականության հետևանքով ՀՀ պահուստային միջոցները (700 միլիոն ԱՄՆ դոլար) փոշիացան՝ հայտնվելով մի քանի մասնավոր բանկերում։ Բայց սա լրիվ այլ խոսակցության թեմա է։

Այս խորագրի վերջին նյութերը