Մեկնաբանություն

15.01.2014 17:21


Տիգրան Սարգսյանի 3 նամակները

Տիգրան Սարգսյանի 3 նամակները

Մի հայտնի պատմություն կա այն մասին, թե ինչ քայլերի է դիմում պաշտոնյան, երբ ձախողվում է։ Դա 3 նամակների պատմությունն է, ըստ որի՝ նորանշանակ պաշտոնյային են հանձնում համարակալած նամակներ՝ 1–ից մինչև 3։

Հանձնողները խորհուրդ են տալիս նորանշանակին չբացել և չկարդալ նամակները, եթե, իհարկե, գործերը հաջող ընթանան, և որևէ խնդիր չառաջանա։ Բանը «բուրդ» լինելու դեպքում առաջարկում են հերթով բացել նամակները և կատարել դրանց մեջ գրած հրահանգները։

Շատ չանցած՝ պարզվում է, որ նորանշանակի մոտ ոչինչ չի ստացվում, և նա տապալվում է իր բոլոր նախաձեռնություններում։ Այդժամ նա բացում է 1ին նամակը, որտեղ գրված է լինում՝ «Ժողովրդին բազում խոստումներ տուր»։ Պաշտոնյան այդպես էլ վարվում է։ Մի որոշ ժամանակահատված նրա հանդեպ դժգոհությունը մարում է, քանզի բոլորը սպասում են խոստումների կատարմանը։

Երբ պարզվում է, որ պաշտոնյան պարզապես խաբել է, դժգոհությունը կրկին գլուխ է բարձրացնում ավելի մեծ թափով։ Նա դիմում է 2րդ նամակի օգնությանը։

«Ձախողումներիդ մեջ մեղադրիր նախորդ իշխանություններին ու քննադատի՛ր նրանց»,– գրված է լինում նամակի մեջ։

Ձախողված պաշտոնյան այդպես էլ անում է՝ դժգոհելով ծանր ժառանգությունից։ Մարդկանց մի մասն ուտում է այդ «կուտը» և մեղմացնում քննադատությունը նրա նկատմամբ, սակայն կարճ ժամանակ անց բոլորն էլ հասկանում են այդ «ատմազկայի» դատարկությունը և պահանջում նրա հրաժարականը։

Պաշտոնյան ստիպված բացում է 3րդ նամակը և գլուխն առնում ափերի մեջ։

«Դու արդեն անհույս ես և բարոյապես դեգրադացված։ 3 նամակ գրի՛ր և հեռացի՛ր»,– նշված է լինում նամակի մեջ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնությամբ կրկնում է վերը նկարագրված պաշտոնյայի անցած ուղին։ Նա սկզբում բազում «նյուվասյուկիստական» խոստումներ էր տալիս՝ Հայաստանի համար ուրվագծելով միջազգային տարատեսակ կենտրոնների վերածվելու հեռանկարներ։ Վարչապետը նաև հավաստիացնում էր, որ տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, ու մենք դեռ մի բան էլ կօգտվենք դրանից, քանզի դրսի փողերը ֆինանսական փոթորիկներից փախչելով՝ կհանգրվանեն մեր հանդարտ նավահանգստում։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ վարչապետի բոլոր խոստումները բլեֆ էին։

Ձախողումների տակից դուրս գալու և արդարանալու համար նա անցել է նախորդ իշխանության քննադատությանը՝ «Ես վատ ժառանգություն եմ ստացել» թեմայով։ Բայց դե, դրան հավատում են միայն հավի ուղեղով մարդիկ և վարձկանները։

Այնպես որ, եկել է Տիգրան Սարգսյանի՝ նամակներ գրելու ժամանակը։ Հուսանք, որ դրանք պետք չեն գա իր հաջորդին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը