Լրահոս

18.01.2014 15:44


Ազատության հրապարակ. ելույթներն ուղեկցվում էին «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ով (տեսանյութ)

Ազատության հրապարակ. ելույթներն ուղեկցվում էին «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ով (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի հրավիրված հավաքին մասնակցում էին հասարակության տարբեր շերտերի և տարիքի մարդիկ։ Տարբեր գնահատականներով՝ մասնակցում էր 7-10 հազար մարդ:

Հարթակից «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության և ԱԺ ոչիշխանական ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներն ուղեկցվում էին «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Ո՛չ թալանին», «Մենք ենք տերը մեր երկրի», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ», «Միացում», «Կասեցում» վանկարկումներով։

Իսկ երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին զուգահեռ՝ Ազատության հրապարակում հավաքված բազմությունը բարձրաձայնել է «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ» կարգախոսը, «Դեմ եմ»–ի անդամները հնչեցրել են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»։

Իր ելույթն ընդհատելով՝ Լ. Զուրաբյանն ընդգծել է. «Պետք չէ «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսից խրտնել. դա՛ է իրականությունը»։

Ստորև ձեզ ենք ներկայացնում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթն ամբողջությամբ։

«Նախեւառաջ ցանկանում եմ ողջունել այս շարժումը, որը ձեւավորվել է շատ պարզ նպատակի շուրջ` քաղաքացու իրավունքով մերժել իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների այս ռեֆորմը, որը չունի ժողովրդի վստահությունը: Գրագետ, ինտելեկտուալ, քաղաքակիրթ, հնարամիտ քայլերով, քաղաքացու բարձր պատասխանատվությամբ եւ իրավագիտակցությամբ դուք արթնացրիք քաղաքացիական ակտիվությունը այս հարցի շուրջ: Սա մեծապես նպաստեց նաեւ Ազգային Ժողովի 4 ընդդիմադիր խմբակցությունների արդեն իսկ ձեւավորված միասնականության ամրապնդմանը, եւ այսօրվա հանրահավաքի մարդաշատությունը հենց մեր քաղաքացիական հասարակության եւ առաջատար քաղաքական ուժերի աննախադեպ համախմբման արդյունք է:

Սա ձեր հանրահավաքն է, ձեր ոճը մի քիչ ավելի քաղաքավարական է, բայց ես, որպես Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ցանկանում եմ նույն խնդրի մասին ավելի անկաշկանդ եւ կոշտ ոճով խոսել:

Եկեք ասենք պարզ ճշմարտությունը: Սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ` թալան: Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, այո, կան ֆինանսական զարգացած ինստիտուտներ, կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ, ինվեստիցիոն հիմնադրամներ, կապիտալի արժեթղթերի զարգացած շուկաներ, որոնցում պետությունը պաշտպանում է ներդրումներն ու կենսաթոշակային ավանդները, եւ թույլ չի տալիս, որ անբարեխիղճ գործարարները թալանեն ներդրողներին եւ ավանդատուներին: Տասնյակ տարիների ընթացքում այս ինստիտուտները իրենց բարեխիղճ աշխատանքով վաստակել են ավանդատուների վստահությունը: Դա է պատճառը, որ Արեւմուտքում ոչ ոք չի վախենում ապագայի համար ներդրումներ անել, այդ թվում նաեւ կուտակային հիմնադրամներում:

Իսկ մեզ մոտ ի՞նչ վիճակ է: Եկեք իրերը կոչենք իրենց անունով: Մենք կարո՞ղ ենք վստահել պետությունը` սեփական հարստության համար դուքյան դարձրած այս օֆշորային զույգ գեներալներին: Նկատի ունեմ Սարգսյանների ավազակապետական զույգը: Հայաստանում կա՞ գոնե մեկ միամիտ, որ կարծում է, թե կուտակային այդ հիմնադրամների կառավարիչները բարեխիղճ պրոֆեսիոնալ մենեջերներ են, ում կարելի է քսան տարով վստահել սեփական գումարները: Թե՞ բոլորս էլ գիտենք, որ դրանք երկրում իշխող մաֆիոզ կլանի սովորական բանդիտներ են, որոնց ֆունկցիան լինելու է հսկայական գումարների արագ յուրացումը:

Համաշխարհային բանկի հենց նոր հրապարակված տվյալներով Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք կապիտալի ապօրինի` այսինքն, փողերի լվացման եւ կոռուպցիայի հետ կապված արտահոսքը եղել է շուրջ հինգ միարդ դոլար: Եւ ի՞նչ, հիմա ուզում են, որ մենք վստահենք մեր փողերը երկիրը թալանող, Վիրջինիայի կղզիների եւ Կիպրոսի օֆշորներում միլիարդներ կուտակող իշխանությա՞նը: Ֆիլիպինների լեգենդար դիկտատոր Մարկոսը, որը հինգ միլիարդ դոլար էր սեփականել 100 միլիոնանոց ֆիլիպին ժողովրդից, ուղղակի միամիտ մանուկ է` մեր հայրենի ավազակապետների հետ համեմատած:

Կամ կա՞ն մարդիկ, որոնք կարծում են, որ երկրի այս համընդհանուր տնտեսական ճգնաժամի, աղքատության, եւ արտագաղթի օրերին, երբ, մեր աչքերի առջեւ երկիրը պարզապես վարի է գնում, երբ, բառիս բուն իմաստով, մարդկանց հոգիներում մեռնում է Հայաստանում մնալու եւ այն շենացնելու գաղափարը, մեկ էլ պարզվում է, որ ամենակարեւոր հարցը դա կուտակային ռեֆո՞րմն է, ինչը այս կառավարությունը մոլագարի հետեւողականությամբ փորձում է անցկացնել: Եւ իսկապես, դուք մոլագար չեի՞ք համարի մի տանտերի, որը տան հրդեհի ժամանակ կփորձեր տունը վերանորոգել: Իհարկե, կհամարեիք: Բայց սրանք մոլագար չեն: Այս համառությունը միայն մեկ բացատրություն ունի:

Կուտակային այս պարտադիր վճարումները ընդամենը հերթական մի գործիք է, մոգոնված հատուկ ժողովրդի թալանի համար: Քիչ էր տնտեսության մենաշնորհացումը, փոքր եւ միջին բիզնեսի ջախջախումը հարկային եւ մաքսային տեռորի միջոցով, արագաչափները, կայանման կարմիր գծերը, գազի եւ էլեկկտրաէներգիայի հետ կապված թալանը: Հիմա էլ թալանի նոր միջոց են գտել. այս պարտադիրր կուտակային վճարումները: Հիմա ի՞նչ, թո՞ւյլ տանք սա:

Թույլ չենք տալու: Ամբողջ ժողովրդով ոտքի ենք ելնելու թալանին վերջ տալու համար: Եւ իմացեք մի բան, պետք է ոչ թե միայն թալանի այս մեկ գործիքը հեռացնենք, այլ երկիրը փրկենք թալանչիական այս համակարգից: Այս իշխանությունները չեն նահանջելու անգամ մեկ սանտիմետր, եթե չտեսնեն տասնյակ հազարավոր մարդկանց հրապարակում: Եւ ուրեմն, բանալին հենց ժողովրդի ակտիվությունն է, իսկ դրան կարելի հասնել միացյալ ընդդիմության եւ ազատ քաղաքացիների միասնական ջանքերով: Գալիս է այս իշխանություններից հաշիվ պահանջելու ժամը: Մեր Շարժումը դա Շարժում է դեպի ազատ, արդար, ազնիվ Հայաստան, օրենքի պետություն, որը կառավարվում է ազատ քաղաքացիների կողմից ընտրված ազնիվ, մաքուր, պետական մտածողություն ունեցող նվիրյալների կողմից: Եւ ուրեմն` Պայաքար, պայքար մինչեւ վերջ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը