Տնտեսական

24.01.2014 13:22


Սպարտակ Պետրոսյան. «Օֆշորում ավելի հեշտ կարելի է խաբեություն անել»

Սպարտակ Պետրոսյան. «Օֆշորում ավելի հեշտ կարելի է խաբեություն անել»

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բժիշկ Սպարտակ Պետրոսյանը «Ֆեյսբուք»–ում ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ կառավարության կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդերից մեկի կառավարիչը՝ «Ցե-Կվադրատ AG» ընկերությունը, գրանցված է օֆշորում, և ցածր վարկանիշ ունի։

«7օր»–ի հետ զրույցում Սպարտակ Պետրոսյանը մանրամասնել է.

–Քանի որ օֆշորը չի ենթարկվում շատ միջազգային համաձայնագրերի, վտանգն ավելի մեծ է, և ավելի հեշտ կարելի է խաբեություն անել։ Բացի այդ, կան շատ սխեմաներ՝ ներդրումային ֆոնդից ծածուկ փող գողանալու։ Եվ այդ պարագայում արդեն օֆշորում գրանցված ընկերությանը չեն կարողանա մանրամասն ստուգել, որպեսզի հայտնաբերեն դա։

Ս. Պետրոսյանը ներկայացրել է այդ սխեմաներից մեկը։ Օրինակ՝ համաշխարհային որևէ մագնատի ձեռքին մնացել են արժեթղթեր, որոնք օր օրի կորցնում են իրենց արժեքը։ Նա պատրաստ կլինի կաշառք տալ ֆոնդի կառավարիչներին, որ այդ արժեթղթերը գնեն։ Արդյունքում՝ ֆոնդի կառավարիչն իր գրպանը կհարստացնի, իսկ ֆոնդը կկորցնի կառավարման հանձնած գումարները։

Ի դեպ, նշենք, որ օֆշորում գրանցված «Ցե-Կվադրատ AG»–ն այն նույն ընկերությունն է, որի խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանն այս հունվարի 22–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր։

Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ Տ. Սարգսյանը հայտարարել էր, որ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի նաև երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

«Ունենալու ենք 270 հազար պատասխանատու քաղաքացիներ, որոնք վերահսկելու են ոչ միայն իրենց անհատական հաշիվները, այլև ֆոնդերի կառավարիչներին և կառավարությանը»,-ասել էր վարչապետը:

Մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի այս պնդումը՝ «Դ!եմ եմ»–ի ակտիվիստը պատասխան հարցեր է հնչեցրել՝ ի՞նչ ձևով է նպաստելու, և ի՞նչ կապ ունեն դրանք իրար հետ։

–Տիգրան Սարգսյանի խոսքերի մեջ թաքցված ինֆորմացիա կա։ Դրանք բացահայտելու համար պետք է հարցեր ուղղել նրան։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում պատասխանատու քաղաքացի, ո՞ւմ պատասխանատու, ինչպե՞ս են վերահսկելու, ի՞նչ մեխանիզմներով, և ինչ–որ հանցագործություն հայտնաբերելու դեպքում ի՞նչ մեխանիզմ կա դրա վրա ազդելու,–հարցադրումներ է կատարել Ս. Պետրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը