Լրահոս

30.01.2014 15:34


Քաղաքապետը շնորհավորել է դատապարտված նախկին տնօրենին

Քաղաքապետը շնորհավորել է դատապարտված նախկին տնօրենին

Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ինձ հայտնի է դարձել, որ սույն թվականի հունվարի 29-ին թ.27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 26-ին, դպրոցում կոլեկտիվին է ներկայացրել Ձեր կողմից իր ծննդյան տարեդարձի շնորհավորական ուղերձը, որում Դուք անգնահատելի եք համարել նրա աշխատանքն ու ներդրումը պետականության կայացման ու պահպանման կարևորագույն գործում այն դեպքում, երբ այդ տնօրենը դատապարտվել է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու հոդվածով: Ուղերձը գրված է եղել քաղաքապետարանի տիտղոսաթերթի վրա, որը բարձրաձայն հրապարակել է դպրոցի հայոց լեզվի նորանշանակ ուսուցչուհի Գայանե Ավետիսյանը, իսկ այժմ այն հրապարակված է տնօրենի Facebook-ի էջում:

Բացատրեք խնդրեմ, թե ինչ բարոյական ու մարդկային արժեքներից ելնելով եք պետական միջոցները խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվողին ու արդեն դատապարտված նախկին տնօրենին շնորհավորել իր ճի՛շտ հակառակ՝ հանցավոր գործունեության համար: Ձեր շնորհավորանքով ակնհայտ եք դարձնում հովանավորչության աստիճանը, որը շարունակում է վայելել դատապարտյալ նախկին տնօրենը, և սրանով Դուք այսուհետ Ձեզ զրկում եք ի պաշտոնե պետականության ամրապնդման և նրա շահերի մասին խոսելու իրավունքից:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Կից ներկայացնում ենք նաև շնորհավորական ուղերձի լուսապատճենը:

Այս խորագրի վերջին նյութերը