Լրահոս

31.01.2014 20:01


ՀՀ Եվրապարտատոմսերը շրջանառվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ՀՀ Եվրապարտատոմսերը շրջանառվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեց ՀՀ Եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը։

Հիշեցնենք, որ 2013թ.-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6.0% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր:

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի և Clearstream Banking Luxemburg-ի միջև ստեղծված կապի միջոցով հնարավոր դարձավ ապահովել ՀՀ եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկի իրականացումը Հայաստանի ֆինանսական շուկայում, իսկ բորսայական առևտրին թույլատրումը իր հերթին կնպաստի եվրապարտատոմսերի հասանելիության բարձացմանը հայաստանյան ներդրողների շրջանում:

«ՀՀ եվրապարտատոմսերը հանդիսանում են ոչ միայն ևս մի ներդրումային այլընտրանք ՀՀ կապիտալի շուկայում, այլ նաև արտասահմանյան համակարգերում գրանցված առաջին արժեթղթերը, որոնք շրջանառվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ինչը բավականին մեծ նվաճում է և նախադեպ մեր շուկայի համար»,- նշեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, ազդարարելով առաջին գործարքը, նշեց . «Որպես թողարկող, մեզ համար կարևոր է ապահովել եվրապարտատոմսերի գրավչությունն ու իրացվելիությունը, և այսօր տեղական շուկայում պարտատոմսերի կիրառման նոր հնարավորություն է ստեղծվում: Եվրապարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը վկայում է այն մասին, որ մեր թիմի կատարած քայլերն այդ ուղղությամբ հաջողվել են»։

Այս խորագրի վերջին նյութերը