Լրահոս

31.01.2014 14:58


Տիգրան Սարգսյանը կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ է ստացել (լուսանկար)

Տիգրան Սարգսյանը կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ է ստացել (լուսանկար)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենք, որը բացվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Կառավարության ղեկավարը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել վարչական շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական հագեցածությանը: Տիգրան Սարգսյանն այցելել է մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժիններ, զրուցել աշխատակիցների և վարչություն այցելած քաղաքացիների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող ծառայությունների որակից:
Միաժամանակ, վարչապետ Սարգսյանն անձամբ է օգտվել մատուցվող ծառայություններից և, անցնելով բոլոր ընթացակարգերը, ստացել կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ:
Գնահատելով վարչությունում իրականացված աշխատանքները՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ինձ համար չափազանց կարևոր էր տեսնել, թե ինչպես են սպասարկում սովորական քաղաքացուն: Այդ առումով կարող ենք արձանագրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում սա մեր պետության լրջագույն ձեռքբերումներից մեկն է: Եվ ոլորտում ներդրած այս ստանդարտը պետք է տարածենք նաև այլ բնագավառներում, որտեղ պետությունը շփվում է քաղաքացու հետ»:
Ոլորտի պատասխանատուները վարչապետին զեկուցել են այս բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Նշվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում էապես բարձրացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի են հասցվել կոռուպցիոն ռիսկերը և փաստաթղթերի ձևակերպման համար ծախսվող ժամանակը:

Այս խորագրի վերջին նյութերը