Լրահոս

11.02.2014 15:48


Լևոն Հովսեփյան. «Հայ-թուրքական արձանագրություններն իրենց սպառել են»

Լևոն Հովսեփյան. «Հայ-թուրքական արձանագրություններն իրենց սպառել են»

Այսօրվա ասուլիսին թուրքագետ Լևոն Հովսեփյանն անդրադարձել է հայ–թուրքական հարաբերութուններին։ «7օր»-ի հարցին, թե Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ հայ–թուրքական արձանագրությունները՝ «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում մի կողմից ձախողված, մյուս կողմից՝ օդում կախված, չեն խոչընդոտո՞ւմ Ցեղասպանության ճանաչման գործընթացին, թուրքագետը պատասխանել է. «Արձանագրությունները, կարելի է ասել, որ իրենց սպառել են։ Գործընթացը, որը կար այդ ձևաչափով, այլևս սպառված է։ ՀՀ–ն այս ուղղությամբ պետք է որոշակի քայլեր իրականացնի, հատկապես 2015–ին ընդառաջ»։

Լրագրողի հարցին՝ կարելի՞ է փաստել, որ այս «գործընթացը» խոչընդոտում է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականանալիք միջոցառումներին, թուրքագետը նշել է, որ երբ գործընթացը սկսվեց, հստակ միտումներ ուներ. «Հիմա այդ գործընթացը չկա. այն իր բոլոր ֆունկցիաները կատարել է, և այդ հարցը փակված է, իր «առաքելությունը»՝ կատարած»։

Անդրադառնալով հայ–թուրքական տապալված հարաբերություններին, Հովսեփյանն ասել է. «Մեր կողմից քայլ պետք է ձեռնարկվի. մեր կողմից քայլերի անհրաժեշտություն կա։ Գործընթաց չկա, այն տապալված է։ Թուրքիան միտումներ ուներ այն ինտենսիվացնելու, բայց որևէ հետագա գործընթաց այս շրջանակում անիրատեսական է։ Մեր կողմից էլ, կարծում եմ, անընդունելի։ Եվ այլ գործընթաց, սրան զուգահեռ, չի կարող սկսվել նաև 2015 թվականին ընդառաջ։ Այստեղ խոսքը վերաբերում է արձանագրությունների հետագա ճակատագրին։ Հստակ քայլերի ու գործողությունների անհրաժեշտություն կա մեր կողմից»։

Քարոզչության առումով բանախոսը նշել է, որ Թուրքիան շահային առումով իր համար ապահովում է այդ դաշտը։ Հսկայական ֆինանսական միջոցներ են ուղղվում քարոզչությանը՝ սկսած տարբեր երկրներում գիտնականների ֆինանսավորումից։ Թուրքագետը շեշտել է Թուրքիայի հետ տեղեկատվական պատերազմում սփյուռքի առաջնային դերը։ Ներկա պահին ԱՄՆ–ում Հայ դատի գրասենյակը Սենատում բավական ակտիվ զբաղված է Ցեղասպանության ճանաչման բանաձևի՝ կրկին օրակարգ բերելու խնդրով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը