Լրահոս

12.02.2014 13:06


ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.5 տոկոս

ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.5 տոկոս

2014 թվականի փետրվարի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%:

2014թ. հունվարին արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 5.5%՝ համընկնելով իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ: Վերջին ամիսներին գնաճը նվազել է սպասվածից ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված նախանշվածից ցածր տնտեսական ակտիվությամբ և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում: Շարունակվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները, հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է ոչ գնաճային միջավայր, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում դիտվել է գնանկում: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատեց, որ, չնայած չորրորդ եռամսյակում տնտեսության որոշ չափով աշխուժացմանը, տնտեսական աճի տեմպերը դեռևս շարունակում են ցածր մնալ՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազմամբ: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ-ի երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ և մասնավոր ներդրումների կայունացմամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանը և գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, տարեվերջից 12-ամսյա գնաճը կձևավորվի իր նպատակային մակարդակի, իսկ տնտեսական աճը՝ իր ներուժի շուրջ:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա են զգալի անորոշություններ արտաքին և ներքին տնտեսական զարգացումների առումով, որոնց դրսևորումներից ելնելով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ փետրվարի 21-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014թ. առաջին եռամսյակի ծրագրում):
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը