Լրահոս

14.02.2014 14:58


«Ոստիկանության լպիրշության պատասխանը». տեղի ունեցավ սոլիդարության ակցիա

«Ոստիկանության լպիրշության պատասխանը». տեղի ունեցավ սոլիդարության ակցիա

Փետրվարի 12–ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ–ի երիտասարդների հետ տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ քաղաքացի Արթուր Գրիգորյանը «Ոստիկանության լպիրշության պատասխանը» բողոքի գործողություն էր նախաձեռնել։ Վերջինի մասնակիցներն այսօր «Նաիրի» կինոթատրոնի մոտից երթով շարժվել են Մաշտոցի պուրակ՝ անցորդներին բաժանելով մարտի 1–ին Ազատության հրապարակում նախանշված ՀԱԿ–ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ։

«7օր»–ի հետ զրույցում Արթուր Գրիգորյանն ասել է, որ սա սոլիդարության ակցիա էր։

–Առաքելությունը քաղաքացիական խմբերի և քաղաքական ուժերի միջև սոլիդարության անհրաժեշտությունն էր։ Բոլոր խմբերը՝ լինեն ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի, ընդդեմ գազի սակագնի բարձրացման, բնապահպանները և այլն, ովքեր օրենքի շրջանակներում են գործողություն կատարում, պետք է սոլիդար լինեն,–ասել է նա՝ ավելացելով, որ պետք է բաժանարար գիծ անցկացնել.

–Մի կողմում բոլոր այն մարդիկ են, ովքեր իրականացնում են օրենքին չհակասող գործողություններ՝ իրազեկման, հանրահավաքի կազմակերպման և այլն, իսկ բաժանարար գծի մյուս կողմում այն խուժանն է, ով իրեն թույլ է տալիս բռնություն գործադրելով կամ ցանկացած կամայական գործողություն իրականացնելով՝ խոչընդոտել, վնասել և հակաօրինական գործողություններ իրականացնել։ Եթե որևէ մեկի նկատմամբ կատարվում է բռնություն, անկախ նրանից՝ դու համակրում ես այդ քաղաքական ուժին, թե չես համակրում, պետք է ինքդ քո պարտքը համարես պայքարել այդ երևույթի դեմ։

Մաշտոցի պուրակում էլ բողոքի այսօրվա գործողության մասնակիցները «սաքուլիկների» և «հայկուլիկների» գոյությունն անիմաստ դարձնելու գործիք են առաջարկել։

–Եթե «սաքուլիկներն» ու «հայկուլիկները» բռնություն են գործադրում միջոցառման մասին իրազեկողների նկատմամբ, ապա դրանից հետո բոլոր լրատվամիջոցները պետք է այդ թռուցիկների բովանդակությունը հրապարակեն։ Այդ ժամանակ «սաքուլիկներն» ու «հայկուլիկներն» այլևս կհասկանան, որ եթե իրենք գալիս–խոչընդոտում են, նույն օրն ամբողջ մամուլը լցված է լինելու այդ տեղեկությամբ, և իրենց գործողությունը հակառակ արդյունքն է ունենալու,–ասել է Ա. Գրիգորյանը։

Ի դեպ, սոլիդարության այսօրվա ակցիան առանց միջադեպերի է անցել։ Ինչպես Ա. Գրիգորյանն է մեր հետ զրույցում կատակով նկատել. «Ծեծ չենք կերել, և ոստիկանություն չեն տարել, նշանակում է՝ նորմալ էր»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը