Մեկնաբանություն

21.02.2014 20:05


Մենք ձեր լավն ենք ուզում

Մենք ձեր լավն ենք ուզում

Ասում է իշխանությունը: Ձեր մտքում թող գռեհիկ զուգորդում չառաջանա, ուղղակի, իշխանությունն ասում է՝ մենք ձեր լավն ենք ուզում: Ասում է՝ դուք չեք հասկանում, որ ծերանալու եք ու ձեզ պետք է գալու պարտադիր կուտակային կենսաթոշակայինի կուտակած գումարները: Մենք ձեր լավը…Համաձայնեք, էլի՛, որ կողոպտենք ձեզ, հավաքենք գումարներն ու պահենք մեր ֆոնդերում (թռնենք):

Երկար փող ա պետք, չե՞ք հասկանում, ա՛յ կարճամիտներ, որ ձեր կարճ խելքով չեք հասկանում, թե ինչ բան է երկար փողը:

Մենք ձեր լավն ենք ուզում այն իմաստով, որ ձեզանից պարտադրաբար հավաքած երկար փողերով պետք է տնտեսություն զարգացնենք: Հա, ի՞նչ անենք, որ անցած վեց տարում արտաքին պարտքը եռապատկել ենք ու տնտեսություն չենք զարգացրել: Ձե՛ր երկար փողերով պետք է զարգացենք, մենք ձեր լավը…լավն ենք ուզում:

Հա՛, ի՞նչ անենք, որ ասեցինք համաշխարհային ճգնաժամը էս կողմերը կշրջանցի ու չշրջանցեց, ու մենք էդ վարկերը կերանք, վրայից էլ սառը ջուր խմեցինք եւ նույնը խորհուրդ տվեցինք անել Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջողներին :

Դուք այդքանը չե՞ք հասկանում, մենք ձեր լավը…լավն ենք ուզում:

Ա՛յ, ախմախներ, սա պատմական օրենք է, ո՞նց էդքանը չեք հասկանում: Մի 20, 30, 40 տարի հետո ծերության հետ աղքատանալու եք, հետո ի՞նչ եք անելու, եթե հիմա մեզ չտաք ձեր աշխատավարձերի 5-10 տոկոսը: Դրա համար ենք ասում՝ մենք ձեր լավը…լավն ենք ուզում: Որ մեր ֆոնդերի հավաքած գումարները հետո փոխանցենք ձեզ, որ լավ ծերություն անցկացնեք:

Կապ չունի մենք այդ ժամանակ կլինենք, թե ոչ, բայց մենք ձեր լավը…լավն ենք ուզում:

Համ էլ ես արդեն ասել եմ, չէ՞՝ հետո ինչ, որ ես եմ ձեր նախագահը, ուրեմն ի՞նձ պետք է մեղադրեք: Ես ձեր լավը…լավն եմ ուզում: Հենա Գալուստը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ձեզ «կուտակայինին» նվիրված գրքույկներ էր բաժանում, ինչո՞ւ եք հրաժարվում, չէ՞ որ մենք ձեր լավն եք ուզում, իսկ դուք գնում եք Գյումրի ու մեր գրասենյակին են վերադարձնում մեր նախընտրական ծրագիրը: Ես ձեր լավը… լավն եմ ուզում: Մի՛ արեք այդ բանը, նորից կարդացեք ու կտեսնեք, որ մենք կատարել ենք մեր խոստումները: Այո, կատարել ենք, բայց էլի ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է մեզ: Մենք ձեր լավը…լավն ենք ուզում: Դրա համար էլ ամեն ինչ անելու ենք , որ օրենքը գործի ու ձեր երկար փողերը հատկացնեք մեր ֆոնդերին:

Մեր բանկիրը ճիշտ է ասում, դուք անգրագետ եք ու չեք հասկանում, պետք է ձեզ հազար անգամ բացատրել՝ մենք ձեր լավը…լավն ենք ուզում:

Մեր Արդարադատության նախարարն էլ է ճիշտ ասում՝ ղալաթ են անում այն ուժերը, ովքեր պահանջում են կառավարության հրաժարականը: Էդ կառավարության անդամները 30 տարի անց հո ձեր նման աղքատ չե՞ն լինելու, դրա համար էլ հիմիկվանից ձեր աղքատ ծերության մասին են մտածում, մենք ձեր լավը…լավն ենք ուզում:

Բայց դուք ի՜նչ նամարդ դուրս եկաք, երախտամոռ ու ապերախտ:

Չեք թողնում, էլի, չեք վստահում մեզ ձեր երկար փողերը: Էսքան երկար նվնվալ կլինի՞, մենք ձեր լավը…լավն ենք ուզում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը