Մեկնաբանություն

22.02.2014 01:10


Սերժ Սարգսյանի նոր բացահայտումը

Սերժ Սարգսյանի նոր բացահայտումը

Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարություն եւ խորհրդակցություն է անցկացրել ղեկավար անձնակազմի հետ:

Կարծես, թե այս անգամ ոչ մի քաղաքական հայտարարություն չի արել, ինչպես անում էր այլ գերատեսչություններ այցերի ժամանակ: Երևի զգացել է, որ ԵԿՄ–ում «լյափսուսներ» շատ է տվել ու հիմա որոշել է անշառ թեմաներից խոսել։

Նա ընդամենը հստակեցրել է այս նախարարության առաջնահերթ խնդիրը. «Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Ահա թե ինչ, պարզվում է սա է նախարարության առաջնահերթ խնդիրը: Այն է՝ քարոզել Յուրի Վարդանյանի բրենդը:

Ի դեպ, Հայաստանի ազգային բրենդը մշակելու եւ համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով երեկ կառավարությունը որոշեց 62 միլիոն դրամ հատկացնել Էկոնոմիկայի նախարարությանը:

Գուցե այդ գումարը պետք է խնայել, քանի որ բրենդը կա եւ նստած է նախարարի աթոռին անցյալ տարվա մայիս ամսից: Մանավանդ, որ չգիտի իր անելիքը, ինչպես բոլոր «անշունչ» խորհրդանիշները:

Սակայն, նկատենք, որ Սերժ Սարգսյանի այս հրահանգը, որ արեց բավական ջղային տեսքով ու տոնով՝ իր բովանդակությամբ կարելի է եւ քաղաքական հայտարարություն համարել: Այն իմաստով, որ բացահայտում է Սերժ Սարգսյանի նախարարներ և ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու մոտեցումներն ու սկզբունքները:

Կազմակերպչական մեծ ունակությունները կարեւոր չէ, կարեւորն այն է, որ այս կամ այն անձը «ի ցույց դնելու» հարմար կերպար լինի:

Հավանաբար այդ «չափորոշիչներով» է ընտրել նաեւ Տիգրան Սարգսյանին, որի վարչապետական ունակությունները արդեն վեց տարի ոչ ոք չի նկատում, քանի որ այդպիսի ունակություններից զուրկ է: Փոխարենը ի ցույց է դնում իր կիթառ նվագելու եւ երգելու, քեֆը լավ ելույթներ ունենալու եւ պարելու, օֆշորագիտության մեջ խորանալու ունակություններն ու հմտությունները: Սոցիալական եւ տնտեսական ոլորտները կառավարելու փոխարեն ի ցույց է դնում իր մեռելոցասիրությունը եւ ուրիշ այլ տոներ ու հիշատակի օրեր մոգոնելու ունակությունները:

Մի խոսքով, արժանի է ցուցադրման բոլոր կողմերից, բացի՝ բուն աշխատանքում իր հիմնական գործն ու անելիքը ցուցադրելուց: Դե, վերջինի դեպքում ցուցադրելու բան էլ չկա: Ինչպես Յուրի Վարդանյանի դեպքում, որի պաշտոնավարման մեկ տարին շուտով կլրանա, սակայն ոչ միայն ինքը, այլեւ ոչ ոք չգիտի, թե ինչով է նա զբաղվում: Փոխնախարարներն էլ այսօր միայն իմացան, որ պետք է նախարարի ձեռքը բռնեն ու բակերով ման ածեն, որպեսզի երեխաներն ու երիտասարդները նրան տեսնեն, ոգեւորվեն, պարապեն ու դառնան յուրիվարդանյաններ:

Թեպետ, չի բացառվում, որ նրան տեսնողները մի ուրիշ կողմից էլ նայեն, ասենք հիշելով, որ նախարարի որդին մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ: Եվ ցանկացած նորմալ երկրում նման փաստի բացահայտումից հետո նախարարը անմիջապես հրաժարական կներկայացներ, բայց մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ նման բաները սովորական են եւ ոչ ոք հրաժարական չի տալիս: Հակառակը, օրինակ, այս նախարարը հանգիստ նստում ու սպասում է, թե երբ է իրենց այցելելու Սերժ Սարգսյանը, որ վերջապես իմանա, թե որն է իր կողմից ղեկավարվող պետական մարմնի առաջնահերթ խնդիրը:

Անցած մեկ տարում այս նախարարը հասցրել է միայն իր կաբինետը քանդել ու վերանորոգել եւ մեկ էլ Աշոտյանի հետ մեկնել Բրազիլիա՝ օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակության անդամներին թողնելով «բորտին», քանի որ ավիատոմսերը գնել էին մի նորահայտ կազմակերպությունից, որն էլ «քաշել» էր եւ կեղծ տոմսեր էր տրամադրել:

Նախարարական այլ սխրալի աշխատանք չենք հիշում:

Լավ է, Սերժ Սարգսյանը եկավ եւ ասեց, թե ինչ պետք է անեն:

Վաղվանից կանցնեն գործի՝ խմբեր կազմած կշրջեն բակերում եւ ցույց կտան լեգենդին: Սպորտի եւ երիտասարդության ոլոլոլտներն էլ կարճ ժամանակում կծաղկեն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը