Մեկնաբանություն

22.02.2014 23:55


Կինոհանճարի տարեդարձը

Կինոհանճարի տարեդարձը

Գորշ առօրյայից, ճղճիմ իրականությունից, եւ հատկապես քաղաքական ու ներքաղաքական գաղջոտ «գործընթացներին» հետեւելու պարտադրված «սովորույթից» թվում է փրկություն չկա: Բայց կա, երբ հանկարծ հիշում ես, թե ով է ծնվել այսօր:

Փարաջանովյան բնութագրմամբ, այսօր ծնվել է մեր կինոհանճարը՝ Արտավազդ Փելեշյանը, ով դարձավ 76 տարեկան:

Մեծ վավերագրողի ֆիլմերն հայտնի են, որոնք ստեղծել է 1964-1994 թվականներին. «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը», «Մենք», «Բնակիչները», «Աստղային ժամ», «Տարվա եղանակները», «Մեր դարը», «Կյանք» եւ «Վերջը»:

«Վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի միջեւ սահմանները վերացրած» կինոյի հսկան դեռեւս անցյալ դարի 70-ականներին է համարվել համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական եւ արժանացել է միջազգային բազմաթիվ մրցանակների, բնականաբար, հայրենիքը, Հայաստան պետությունը նույնպես գնահատել է նրան՝ արժանացնելով կոչումների եւ պարգեւների (Ս. Մեսրոպ Մաշտոց շքանշան 1996-ին, ՀՀ ժողովրդական արտիստի կոչում 2006-ին, նույն թվականին «Փարաջանովյան թելեր» մրցանակ, Երեւանի պատվավոր քաղաքացի եւ այլն):

Արտավազդ Փելեշյանը համարվում է «դիստանցիոն մոնտաժի» տեսության ստեղծողը:

Այս ամենն, իհարկե, չես հիշում, երբ օրինակ նայում ես նրա «Մենք» ֆիլմը, ուր չափազանց էմոցիոնալ կադրեր կան, որոնք հոգիդ տակնուվրա են անում: Ինչպես նաեւ նրա ստեղծած մյուս ֆիլմերը դիտելիս ոչինչ չես մտածում նրան տրված եւ շնորհված գնահատականների ու մրցանակների մասին: Քանզի եթե նույնիսկ նրան չկոչեին կինոհանճար, կամ համաշխարհային կինոյի հսկաներից մեկը եւ կամ՝ կինոյի Լեոնարդո դա Վինչի, ապա այն, ինչ Փելեշյանն է ստեղծել, դրանք եղել են, կան եւ մնալու են որպես իրական արժեքներ:

Անկախության 23 տարիներին Փելեշյանը Հայաստան իր այցերով մեզ երես չի տվել: Ընդամենը 4-5 այց եւ ահավոր իրարանցում նրա շուրջ: Միշտ խոժոռ դեմքով, մի քիչ ջղային, մի քիչ ամաչկոտ, մի քիչ նեղսրտած եւ …զարմանալիորեն անպաշտպան ու շփոթված: Այնուհանդերձ, անչափ հմայիչ:

Այսպես եմ տեսել նրան եւ մեկ ժամից ավելի նրա հետ շփվելու երջանիկ առիթ եմ ունեցել 2006-ին, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրինությանը վերջապես հաջողվեց Փելեշյանին համոզել եւ բերել Հայաստան: Ակնհայտ էր, մարդը բազմություն չի սիրում, բայց փառատոնային ծրագրով նախատեսված միջացառումներին մասնակցելուց չէր կարող «խուսափել»:

Ինչեւէ, այդ օրը այսպես կոչված վարպետության դաս անցկացրեց Ազգային պատկերասրահի վերին հարկերից մեկում՝ մի փոքրիկ սրահում: Դե, մեզանում վարպետության դաս կոչվածը պետք է հասկանալ ասուլիսի նման մի բան եւ դրանք հենց այդ «ձեւաչափով» էլ անցնում են:

Հավաքված լրագրողներից քչերն էին ճանաչում նրան, ֆիլմերն էլ չէին նայել եւ միայն մի բան գիտեին՝ «Ռեւազն» է:

Դե, ինչ կարող ես անել, նրա կինոարվեստով հիանում են Անդրեյ Կոնչալովսկին, Ժան-Լյուկ Գոդարը, Գոդֆրի Ռեջջոն, իսկ հանդիպման մասնակիցներից շատերին հիացնում է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում նրա Ռևազի դերակատարումը:

Մարդը խոսում էր կինոարվեստի, համաշխարհային կինոյի միտումների մասին, ներկայացնում էր 1988-ին իր հեղինակությամբ հրատարակած «Իմ կինոն» գիրքը, իսկ լսողներից մեծ մասի ուշքն ու միտքը այդ հարցն էր, ինչն էլ տվեցին նրան՝ «Չե՞ք կարոտում ձեր Ռեւազին»:

Ինչպեսեւ սպասվում էր, հարցը վրդովեցրեց մաեստրոյին։

«Ամեն մարդ մի թերություն ունի։ Չի կարելի երեսով տալ։ Ո՛չ, չեմ կարոտել»,- խիստ կտրուկ պատասխանեց Արտավազդ Փելեշյանը։

Հնարավոր է, նա մի քիչ էլ շարունակեր «վարպետության դասը» պատմելով իր ստեղծագործական կյանքի մասին այլ ուշագրավ դրվագներ, սակայն այդ հարցը լսելուց եւ պատասխանը զայրացած նետելուց հետո ոտքի կանգնեց եւ հեռացավ:

Ինչպես բոլոր խոշոր անհատականությունները, նա էլ չափազանց զգայուն է, մի բառից, մի խոսքից կարող է անասելի խոցվել ու վրդովվել: Թեպետ, «Հայֆիլմի» հնեաբնակներն այսօր էլ հիշում են, թե սովետի շրջանում ստուդիայի ղեկավարությունը այնքան «Փելեշի կյանքը կերավ», որ մարդը թքեց թողեց ու հեռացավ Հայաստանից:

Ի դեպ, 2006-ին, երբ ավարտվեց «Ոսկե ծիրանը», որի կազմակերպիչների դեմ ինչեր ասես, որ չէին անում հայ կինոգործիչները՝ հատկապես չարակամության, բամբասանքների ու զրպարտանքների մի արշավ սանձազերծելով փառատոնի գործադիր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի դեմ, վերջինիս հարցրի, թե ոմանց ի՞նչու հանգիստ չի տալիս ձեր գործունեությունը, պատասխանեց. «Ժամանակին Արտավազդ Փելեշյանին հասցրին նրան, որ երակները կտրեց ու ընկավ գժանոց։ Ինձ չեն կարող հասցնել այդ բանին։ Ես գյուղացի եմ շատ պինդ մարդ եմ։ Համ էլ էդքան տաղանդավոր չեմ, Փելեշյան չեմ, որ երակներս կտրեմ ու գժվեմ։ Հազիվ մարդուն փրկեցին ու էստեղից փախավ Մոսկվա։ Ես Մոսկվա փախչողը չեմ»: Ինչեւէ:

Պարզապես, բարեբախտություն էր, որ «վարպետության դասի» օրը՝ մինչ Ռեւազի մասին հարցը, համարյա չխոսկան կինոհանճարը արդեն բավական հետաքրքիր մտքեր, խոհեր ու մտահոգություններ էր արտահայտել: Արդեն 14 տարի ոչ մի ֆիլմ չէր նկարել։

«14 տարին մեծ ժամկետ է, բայց ես գրում եմ, սցենարներ եմ գրում, մտքիս մեջ նկարում եմ մեկ-մեկ, եւ հույս ունեմ, որ կնկարեմ»,- հայտնեց Փելեշյանը:

Մինչ օրս էլ մտքի մեջ նկարում է իր սցենարը, որ հաստատվել է դեռեւս 1989-ին։

««Homo sapiens» խաղարկային ֆիլմի սցենարը պատրաստ էր դեռ Սովետական Միության տարիներին: 1989թ. այդ ֆիլմի սցենարը ստացավ պետական պատվեր, սակայն երկրի փլուզման պատճառով այդպես էլ կյանքի չկոչվեց: Եթե հաջողվի այդ ֆիլմը նկարահանել, իմ մնացած գործերը պստիկ էսքիզներ կթվան «Homo Sapiens»–ի համեմատ»,- ասաց վարպետը:

Նույնը հիշեցրեց 2012-ին, երբ կրկին ժամանել էր Հայաստան եւ այդ մասին ասաց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Ֆիլմի նկարահանման համար 1 միլոն դոլար է անհրաժեշտ, սակայն հայրենի կառավարությունը մինչ օրս այդպես էլ տեղից չի շարժվում: Մի պահ միայն մարդուն ոգեւորեցին, ասելով, թե սկզբում 250 հազարը կտանք, հետո՝ «կամաց-կամաց՝ մնացածը», սակայն այդպես էլ Փելեշյանի սցենարը մնաց իր դարակում:

Դե, հազիվ 7 միլիոն հատկացնեին Քեշիշյանին, որ «Գարեգին Նժդեհ» նկարեր: Փելեշյանը կարող է սպասել եւ ընդհանրապես կարող է չնկարել, երբ արդեն կան քեշիշյաններ:

Փելեշյանը հայաստանյան բոլոր այցերի ժամանակ նույն է պնդել. «Կինոն ինձ համար սինթետիկ արվեստ չէ, ինչպես փորձում էին մեզ համոզել ՎԳԻԿ-ում։ Իմ կարծիքով՝ կինոն ոչ թե երաժշտությունից ու գրականությունից է ծնվում, այլ՝ ընդհակառակը՝ երաժշտությունն ու գրականությունն են «խմում» կինոյի ջուրը, թեեւ կինոն շատ ավելի ուշ է ծնվել, քան այդ երկու արվեստները։ Ուզում եմ ասել, որ կինոն սնվում է այնտեղից, որտեղից սնունդ են ստանում կերպարվեստը, երաժշտությունն ու գրականությունը, ընդհանրապես՝ արվեստը։ Կինոն ավտոնոմ արվեստ է, եւ ես պնդում եմ այդ միտքը»:

Հետաքրքրություններն էլ չեն փոխվում. «Նորից կյանքն է հետաքրքրում՝ եւ այսօրվա, եւ վաղվա, եւ մյուս տարիների համար… ուրիշ էլ ի՞նչը պետք է հետաքրքրի»:

Ծնունդդ շնորհավո՛ր, Փելեշյան…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը