Մեկնաբանություն

23.02.2014 22:45


ԱՄՆ դեսպանը Սարգսյանի պես տոկոս է «խփում»

ԱՄՆ դեսպանը Սարգսյանի պես տոկոս է «խփում»

Արևմտյան երկրները և հատկապես դրանց լիդեր ԱՄՆ–ը սիրում է գործարքների մեջ մտնել ավտորիտար ռեժիմների հետ։ Դա արվում է երկակի ստանդարտների կիրառման շրջանակներում։

Այդ գործարքներից շահում են երկու կողմը՝ Արևմուտքը և ավտորիտար ռեժիմը։ Տուժող կողմը, բնականաբար, ավտորիտար ռեժիմների տակ տառապող հասարակություններն են, որոնց Արևմուտքը կերակրում է գեղեցիկ գաղափարների մասին հեքիաթներով։

Ռուսաստանն էլ է սիրում գործարքներ կնքել ավտորիտար ռեժիմների հետ, բայց դեմագոգիայով չի զբաղվում։ Օրինակ՝ չի խոսում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին, բայց միևնույն ժամանակ աջակցում ընտրակեղծիքներին։

Որպեսզի վերացական չհնչի ասելիքս, եկեք դիտարկենք Հայաստանի օրինակը։

Ինչպես հայտնի է, Արևմուտքը 2008թ. սկսած աջակցում է Սերժ Սարգսյանին։ Փող է տալիս այս կոռումպացված իշխանությանը, PR է անում նրանց համար, ողջունում ու գաղափարական տանիք է կանգնում տոկոս «խփոցիին», թփթփացնում է ՀՀԿ ղեկավարի «նախաձեռնողական» ուսերը, սեղմում օֆշորային սկանդալի մեջ հայտնված Տիգրան Սարգսյանի ձեռքը և քաշքշում Էդվարդ Նալբանդյանի պարարտ թշիկները։

Սերժ Սարգսյանը 2008–ից հետո երկու համապետական ու մեկ մայրաքաղաքային ընտրություն կեղծեց արևմտյան պաշտոնյաների բուռն և երկարատև ծափահարությունների ներքո։ Արևմուտքը քաղաքական փաստաբանություն էր անում «Վերջի բոլշևիկի» համար։

Իսկ պատճառը շատ պարզ էր. այդ ամենն արվում էր «Հայաստանն ու Ղարաբաղը Արևմուտք–Ռուսաստան մրցակցության մեջ որպես մանրադրամ օգտագործելու պատրաստակամություն՝ փողի և իշխանության դիմաց» ծրագրի շրջանակներում։

ՀՀ քաղաքացիների թիկունքում, ըստ այդմ, կնքվել էր գործարք պետության կառավարումը ղումարբազության հետ շփոթած Սերժի և արևմտյան չինովնիկների միջև։ Վերջիններս էլ իրենց հերթին աճուրդի էին հանել արևմտյան (համամարդկային) արժեքները՝ հետապնդելով ինչպես անձնական, այնպես էլ աշխարհաքաղաքական շահեր։

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին ու դեռ ցույց են տալու, թե ինչպիսի արկածախնդրության մեջ էր (է) Հայաստանին ներքաշել Սերժն իր «նախաձեռնողականությամբ»։ «Նախաձեռնողականություն», որն ավարտվեց Մաքսային միություն մտնելու ինքնանվաստացուցիչ որոշմամբ և Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդումներ տալու պատրաստակամությամբ։

Այժմ Արևմուտքը և մասնավորապես՝ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Սերժ Սարգսյանի համար քաղաքական փաստաբանություն անելու «փեշակը» փոխարինել է տնտեսական փաստաբանությամբ (բնականաբար՝ ոչ առանց անձնական շահի)։

Ինչպես հայտնի է, «Որոտանի» ՀԷԿ–ը վաճառվեց դեսպան Հեֆերնի ողջունող հայացքի ներքո։ Հայաստանում նույնիսկ անմեղսունակները գիտեն, որ այդ կառույցի վաճառքը պետական ունեցվածքի թալանի դասական օրինակ է։ Ամերիկյան կազմակերպությունն այստեղ համաձայնել է քողածածկույթի դերին՝ «էս գլխից» իր փայն ու «ատկատը» վերցնելով։ Իրականում «Որոտանի» տերերին պետք է փնտրել ոչ թե ամերիկաներում, այլ Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Բաղրամյան 26–ում։ Սերժ Սարգսյանը ախմախ չէ, որ գերշահութաբեր այդ բիզնեսը, այն էլ այդ գնով հանձնի «յանկիներին»։

Ուշագրավն այն է, որ դեսպան Հեֆերնը մխրճվել է նաև «կուտակայինի» մեջ։ Նա վերածվել է հակասահմանադրական ու «Էշ մի սատկի, գարուն կգա» սկզբունքով կառավարվելիք պարտադիր կուտակային համակարգի ներդրման մոլի քարոզչի։ Եվ դա բնական է. չէ՞ որ Հայաստանում միլիոնավոր դոլարներ են հավաքվելու աշխատողների աշխատավարձերի պահումներից և ներդրվելու են նաև ամերիկյան արժեթղթերի մեջ։

Հեֆերնը լրացուցիչ շուկա է գտել իր երկրի փուչիկ–թղթերը, Սերժի ասած, սաղացնելու համար, այն էլ՝ մեր երկրի աշխատուժի փողերի հաշվին։ Ասել է թե՝ ԱՄՆ դեսպանը ՀՀ քաղաքացիներին լրիվ աբորիգենի տեղ է դրել և ուզում է Սերժի պես տոկոս «խփել»։

Հարց է առաջանում. ինչու՞ է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը քիթը խոթում ներհայաստանյան խնդիրների մեջ և փաստաբանություն անում կոռումպացված այս իշխանությունների համար։ Նա, ներողություն արտահայտությանս, ու՞մ շունն է, որ մեզ քարոզում է, թե ինչն է մեզ համար լավ, իսկ ինչը՝ վատ։ Եվ սրանք ամենևին էլ հռետորական հարցեր չեն։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետք է տարանջատել համամարդկային արժեքները աշխարհաքաղաքականությունից և փոփոխությունների գնալ ներքին կյանքին վերաբերող օրակարգով՝ նորմալացնելով հարաբերությունները և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ, այլ ոչ թե մանրամեծածախ գներով ճղճիմ գործարքներ կնքել մեկի հետ և դառնալ մյուսի վասալը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը