Մեկնաբանություն

24.02.2014 15:58


Եվրամայդանի հայ «գրոհայինները»

Եվրամայդանի հայ «գրոհայինները»

Ինչպես հայտնի է, Եվրամայդանում նաև ազգությամբ հայ զոհեր կան։ Նրանք երկուսն են։ Ուկրաինացիները, սակայն, չգիտեն, որ իրենց միայն այդ երկուսը չէ որ աջակցել են։

Եվրամայդանում բազմաթիվ հայաստանցի «գրոհայիններ» են եղել, տասնյակ «զոհեր» ենք ունեցել, «արյունը» հոսել է լիտրերով։

Հայ «գրոհայինները» պայքարել են առաջին գծում, հարձակվել են «Բերկուտի» վրա, կրծքով փակել են դիպուկահարների արձակած գնդակների ճանապարհը, պահանջել են Յանուկովիչի ու Պուտինի հրաժարականները, կռիվ տվել «իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ, արյուն են թափել ու զոհվել հանուն ազատ Ուկրաինայի, բայց ... Երևանում համակարգչի դիմաց նստած։

Մեր տնաբույծ վճռականները բազմաթիվ զոհեր են տվել Եվրամայդանում, բայց ... վիրտուալ տիրույթում։ Բա հո՞ անձամբ չէի՞ն կռվելու և արյուն թափելու։ Չէ՞ որ նրանք, հայտնի ներկայացման հերոսի պես, զանգի են սպասում։ Կարևորն այն է, որ հայ «գրոհայինները» ֆեյսբուքում իրենց նկարների փոխարեն Ուկրաինայի դրոշն են տեղադրել. «թունդ հեղափոխական» մոտեցում։

Շատ «մազալու» և «խոխմա» դեմքեր են «թունդ արևմտամետ» ակԾիվիստները։ Նրանք նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից հետո Հայաստանում էլ էին «Մայդան» երազում և նյարդայնանում էին, որ հայերը դուրս չեն գալիս զոհվելու։ Իրենք տանը նստած պատրաստ էին ամեն ինչ անել ՄՄ–ի դեմ, բայց թարսի պես փողոց դուրս եկող չեկավ և առավելևս զոհվելու ցանկություն հայտնող չեղավ, ինչը չէր մտնում «գրոհայնինների» պլանների մեջ (իրենք ճա՞ռ ասեն, թե՞ զանգ կախեն)։

Հայ «գրոհայինները» սպասում էին, որ Շանթ Հարությունյանը փայտը ձեռքին պայքարի դուրս գա, ձերբակալվի, որ հետո իրենք «բոյ» մտնեն ... ֆեյսբուքյան գրառումների միջոցով։ Այդպես էլ արեցին։ Հիմա անցել են Կիևի Եվրամայդանին աջակցելուն։

Եվրամայդանի հայ (ռուսախոս) «գրոհայիններին» նյարդայնացնում է նաև այն, որ հայերը պատրաստ չեն հանուն թուրք–ադրբեջանական շահերի արյուն թափել Երևանի կենտրոնում։ Եվրամայդանի հայ «վկաները» զզվում են հայերից, քանզի վերջիններս չեն ուզում Ղարաբաղը հանձնելու գնով եվրաասոցացվել։

Ախր շատ վճռական են հայ «գրոհայինները»։ Անձնական շփման ժամանակ եթե սրանց մի հատ «փիշտ» անես՝ անմիջապես տակները կլցնեն ու կթռնեն դեպքի վայրից, բայց Ռեմբո են դառնում համակարգչի հետ «առերեսման» ժամանակ։ Նրանք պատրաստ են ֆեյսբուքում արյուն թափել հանուն Հայաստանի Մաքսային միություն չմտնելու, բայց ծպտուն չեն հանում Սերժ Սարգսյանի դեմ։ Հո՞ ախմախ չեն, որ ծպտուն հանեն։ Հանեն, որ ի՞նչ անեն։ Բա ճոռոմ–ճոռոմ ո՞վ հայրենասիրություն անի ... ֆեյսբուքում՝ համակարգչի առաջ վեր ընգած։

Եթե ծպտուն հանեն Բաղրամյան 26–ի տակ կքած «գրոհայինները», ապա աշխատավարձ չեն ստանա։ Դրա համար էլ պահանջում են Յանուկովիչի և Պուտինի հրաժարականը, բայց «նրբորեն» շրջանցում են Սերժի թեման («ատմազկան» այն է, որ իբր Հայաստանում այլևս հարց չի լուծվում և պետք է կռիվ տալ բացառապես Կրեմլի դեմ) ու պայքարում ... ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի, իսկ հատուկ պատվերի դեպում՝ նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այդպես ավելի անշառ է և եկամտաբեր։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը