Մեկնաբանություն

25.02.2014 16:50


Ռոբերտ Քոչարյանը փակեց թեման

Ռոբերտ Քոչարյանը փակեց թեման

Երբ Սերժ Սարգսյանը գլխապատառ նետվեց դեպի Մաքսային միություն, «գեբելսյան» քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց մի կեղծ թեզ, ըստ որի՝ Հայաստանի բոլոր ազդեցիկ ուժերը (ԲՀԿ, ՀԱԿ) և անհատները (նկատի է առնվում նախկին նախագահներին) չեն կարողանում հակադարձել ՄՄ մտնելու սերժսարգսյանական որոշմանը, քանզի իրենք էլ են ռուսամետ դաշտում գտնվում։

Դա, իհարկե, դեմագոգիա է։ Քանզի Սերժ Սարգսյանը ոչ թե ՄՄ է մտել, այլ Գյուլիստան։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Դա՝ մեկ։

Հաջորդը։ Սերժ Սարգսյանը, հերթական անգամ գնալով արտաքին քաղաքական արկածախնդրության, բավական ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանը։ Եվ եթե ողջամիտ քաղաքական ուժերը կամ ազդեցիկ անհատները կոշտ ձևով չեն արձագանքում ՀՀԿ ղեկավարի արածներին, ապա դա ոչ թե նրա համար, որ սխալի մասին չեն ուզում խոսել կամ Սերժի արած քայլը ճիշտ են գնահատում, այլ որ ելնում են Հայաստանի շահերից։

Երբ մարդուն զգուշացնում ես, որ պետք չէ բարձրանալ շենքի տանիքին ու ցած նետվել այնտեղից, քանզի մեծ է հավանականությունը, որ գլուխդ կկոտրես ու կյանքիդ վերջ կտաս, բայց մարդն, այնուամենայնիվ, «նախաձեռնողականություն» է ցուցաբերում և վերևից ցած նետվում, ապա միակ տարբերակն այն է, որ դեռևս շնչող այդ արարածին տանես հիվանդանոց։ Բայց դա չի նշանակում, որ դու «էն գլխից» կողմ ես եղել, որ տանիք բարձրացող մարդը հայտնվի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։

Սերժի վարքագիծը հիշեցնում է տանիքից իրեն ցած նետած մարդուն։ Հիմա նա, պատկերավոր ասած, հիվանդանոցում է հայտնվել ու հայտարարում է, թե տեսեք՝ բոլորը կողմ են, որ ես հիվանդանոց գնամ, հետևաբար, ես ընդդիմախոսներ չունեմ. բոլորն իմ քայլը ճիշտ են գնահատում։

Ռոբերտ Քոչարյանի տված պարզաբանումները Մաքսային միության թեմայով վերը նկարագրվածի կոնտեքստում էր։ Նա, ըստ էության, հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի արկածախնդիր «արևմտամետությունն» էր պատճառը, որ Հայաստանը հայտնվեց Մաքսային միությունում՝ «տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար»։

«Չարժեր գնալ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ՝ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր»,– նկատում է Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի տված գնահատականների առանցքում այն միտքն էր, որ Հայաստանի համար ձեռնտուն ո՛չ ԵՄ–ի հետ ասոցացման այդպիսի համաձայնագիր կնքելն էր, ո՛չ էլ Մաքսային միություն մտնելը։ Ըստ նրա՝ պետք էր շարունակել կոմպլեմենտար քաղաքականությունը՝ խորացնելով ՌԴ–ի հետ ռազմաքաղաքական հարաբերություններն ու ընդլայնելով Արևմուտքի հետ կապերը։

Սերժը բարձրացել է շենքի տանիքին ու իրեն ցած նետել։ Ու հիմա, երբ նա ջարդուփշուր եղած վիճակում հայտնվել է «հիվանդանցում», «անկախ» քարոզիչները վրա են տալիս, թե ասեք, շուտ ասեք, սխա՞լ է, որ գլուխը ջարդած մարդը գնա հիվանդանոց։ Սխալը սխալ չէ, բայց պետք չէր տանիքից ցած նետվել։ Եթե Սերժն աչքի չընկներ քաղաքական անմեղսունակությամբ և տնաբույծ «արևմտամետների» ծափողջույնների ներքո չվազեր «ասոցացվելու», ապա Հայաստանն այսօր «հիվանդանոցում» չէր հայտնվի։ Սա՛ է իրականությունը։

Ինչ վերաբերում է ՄՄ–ին անդամակցելու տնտեսական հետևանքներին, ապա այս հարցում Քոչարյանը չի կիսում երեկ «թունդ արևմտամետ», իսկ այսօր՝ «մոլի պուտինասեր» որոշ չինովնիկների լավատեսությունը։

Պատմական փոքրիկ էքսկուրս կատարելով՝ Քոչարյանը ներկայացրել է իր տեսակետները սպասվող զարգացումների կապակցությամբ և որոշ մտահոգություններ հայտնել. «Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, և այդ մոտեցումները մեր երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան: Իսկ քանի որ Մաքսային միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները։ Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են: Մարդիկ տարիներով կառուցում են իրենց բիզնեսը գործող կանոների տրամաբանությամբ, և այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշները՝ ուղղակի կմեռնեն»։

Որպես կայացած փաստ ընդունելով Սերժի՝ «հիվանդանոց» գնալու որոշումը՝ Քոչարյանն առաջարկում է ստեղծված իրավիճակից դուրս գալ սառը հաշվարկով և գոնե հիմա առաջնորդվել Հայաստանի շահերով։

«Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար»,– իր խոսքն ամփոփել է երկրորդ նախագահը։

Ամփոփելով՝ նկատենք, որ Քոչարյանի տված գնահատականները բաղկացած էին երկու մասից՝ քաղաքական ու տնտեսական՝

1.Նա հիացած չէ ՄՄ–ին անդամագրվելու քաղաքական որոշմամբ և դա համարում է Սերժ Սարգսյանի արկածախնդրության հետևանք, որի արդյունքում վատացել են Հայաստանի հարաբերություններն ինչպես Արևմուտքի, այնպես էլ ՌԴ–ի հետ,

2.ՀՀ իշխանությունները ՄՄ–ին անդամագրվելու գործընթացի մեջ են մտել գլխապատառ, առանց լուրջ տնտեսական հաշվարկների, ինչի արդյունքում մեր տնտեսության որոշ ճյուղեր պարզապես կարող են մեռնել։

Եթե Քոչարյանի այս մեկնաբանություններից հետո կգտնվեն մարդիկ կամ լրատվամիջոցներ, ովքեր կասեն, թե երկրորդ նախագահի մոտեցումները ՄՄ մտնելու որոշման և այդ կառույցին ինտեգրվելու գործընթացի հարցերում ֆունդամենտալ չեն տարբերվում Սերժ Սարգսյանի մոտեցումներից, ապա դրանք կա՛մ ախմախներ են, կա՛մ պատվերով համերգ տվողներ։

Ռ. Քոչարյանն իր մեկնաբանություններով փակեց թեման։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը