Լրահոս

27.02.2014 15:50


Լյուդմիլա Սարգսյան. «Անուն առ անուն հիշվելու եք յուրաքանչյուրդ»

Լյուդմիլա Սարգսյան. «Անուն առ անուն հիշվելու եք յուրաքանչյուրդ»

Այսօր Ազգային ժողովում ընթացող մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է. «Անմեղության կանխավարկածը դեռ տարածվում է Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության վրա։ Իսկ թե կոնկրետ ո՞ւմ վրա կտարածվի, ցույց կտա, թե ՀՀԿ-ն ինչպես է քվեարկում»,–ասել է Սարգսյանը։ ՀԱԿ պատգամավորը նաև զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և հայաստանյան իրականության միջև։

«Յանուկովիչի պաշտոնազրկումից առաջ «Ռեգիոնների կուսակցությունն» ամբողջությամբ աջակցում էր իր ղեկավարին։ Նրա՝ Ուկրաինայից փախչելուց հետո քաղաքական մեծամասնությունն իր վրա չվերցրեց երկրում տեղի ունեցածի համար քաղաքական պատասխանատվությունը, ինչը նրանց հնարավորություն տվեց առնվազն քրեական հետապնդման չենթարկվել Մայդանում մարդկանց գնդակահարման համար:

Ձեզ ևս հորդորում եմ չմտնել այդ ծանր բեռի տակ, որովհետև անուն առ անուն հիշվելու եք յուրաքանչյուրդ և պատասխան եք տալու սերունդներին»,–հայտարարել է Լ. Սարգսյանը՝ վերջում դիմելով իրեն ընդհատելու փորձ անող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ «Այսքան բան, Գալո՛ւստ Գրիգորիչ»։

Դրան արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով. «Կոռեկտ չէ քաղաքական ընդդիմախոսներին նման կերպ դիմելը, այն էլ «մեծն Գալուստ Գրիգորիչին»։ Նա ընդհատել է ոչ թե կնոջ ելույթը, այլ գաղափարը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը