Մեկնաբանություն

03.03.2014 14:55


Լևոն Տեր–Պետրոսյանը ջուրը լցրեց Սերժ Սարգսյանի աշխատանքը

Լևոն Տեր–Պետրոսյանը ջուրը լցրեց Սերժ Սարգսյանի աշխատանքը

Մարտի 1–ի բազմամարդ հանրահավաքը հերթական անգամ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի ներդրած ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ը շարունակում է մնալ տիտղոսային ընդդիմության դերում և վերահսկել հրապարակը։ Այլ կերպ ասած՝ ՀԱԿ–ը հանդիսանում է Հայաստանում քաղաքական օրակարգի ու գործընթացների վրա ազդող լրջագույն գործոն։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ դա յուրօրինակ ֆենոմեն է, ինչը չի հանդիպում նախկին սովետական երկրներից և ոչ մեկում, այդ թվում՝ հետանկախական Հայաստանի քաղաքական պրակտիկայում։

Մեզանում ձևավորված ավանդույթի համաձայն՝ նախագահական ընտրությունների ժամանակ հաղթած, բայց հաղթանակին դե յուրե ձևակերպում տալը չհաջողած ընդդիմադիր գործիչներն իրենց տեղը զիջել են քաղաքական դաշտում, իսկ երրորդ տեղը գրավածները, որպես կանոն, վերածվել են հաճախորդների։

Լևոն Տեր–Պետրոսյանի դեպքում այդ ավանդույթը չգործեց։ 2008–ից անցել է 6 տարի, տեղի են ունեցել համապետական մի քանի ընտրություններ, որոնք արդյունքի տեսանկյունից այնքան էլ հաջող չեն դասավորվել ՀԱԿ–ի ու անձամբ Տեր–Պետրոսյանի համար, բայց նա շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի առաջատար ֆիգուրը։

Որքան էլ իշխանությունները պայթեցրին Տեր–Պետրոսյանի շուրջ ներդրված բոլոր ականներին, մասեր պոկեցին ՀԱԿ–ից, մանրամեծածախ գներով առան բոլոր «շավկաներին», փորձեցին արհեստական լիդերներ փչել և տարատեսակ տեխնոլոգիաներ կիրառել, միևնույն է, չկարողացան վերահսկելի «փողոց» ձևավորել ու խամաճիկային առաջնորդ ստանալ ընդդիմադիր դաշտում։

Արամզավենիչները, դավիթշահնազարյանները, «հորիզոնական» շարժումները, «ուղղահայաց» հաճախորդներն ու մյուսները նույնիսկ չկարողացան մոտ գալ այն նշաձողին, որը սահմանել է Տեր–Պետրոսյանը։ Ասվածի վառ ապացույցը շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքն էր։

Մարտի 1–ի հանրահավաքը նաև ցույց տվեց, որ «Գեբելսյան» քարոզչամեքենայի արդյունավետությունը շատ ցածր է, և այն միջոցները, որոնք ներդրվում են ստի, կեղծիքի և «մուտիլովկայի» արտադրության ու տարածման վրա, չեն տալիս Բաղրամյան 26–ի համար ցանկալի արդյունքներ։ Այդպես էլ պետք է լիներ, քանզի կարելի է կարճաժամկետում խաբել ժողովրդին, երկարաժամկետում խաբել ժողովրդի մի փոքրիկ մասին, բայց երկարաժամկետում խաբել մի ամբողջ ժողովրդի հնարավոր չէ։ Ստի ոտքերն, ինչպես ասում են, կարճ են լինում։

Շատ խորհրդանշական ստացվեց մարտի 1–ին տեղի ունեցած սերժսարգսյանական ակցիան, որի խոսափող էին դարձել Դավիթ Շահնազարյանն ու Պարույր Հայրիկյանը։ Խղճուկ ու մի քանի հոգանոց այդ «հանրահավաքն» ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի բոլոր ջանքերը Լևոն Տեր–Պետրոսյանը ջուրն է լցրել։

ՀՀԿ ղեկավարին հիմա այլ բան չի մնում, քան փրփուրներից կախվել ու կառչել ենթատեքստից կտրված բառերից։ Իսկ դա նշանակում է, որ ժամանակն է բոլոր հաճախորդների «պրեմիան» կտրել, քանի որ լավ չեն աշխատում։ Անկեղծ ասած՝ չեն էլ կարող լավ աշխատել, քանզի Սերժ Սարգսյանի պարագայում անզոր կլիներ անգամ ինքը Գեբելսը, էլ ուր մնաց, թե երիտգեբելսները կարողանան փրկել «Վերջի բոլշևիկին»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը