Լրահոս

03.03.2014 12:59


Երվանդ Բոզոյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականը շատ ռեալ է»

Երվանդ Բոզոյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականը շատ ռեալ է»

NewsBook.am–ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Պարո՛ն Բոզոյան, քաղաքագիտական տեսանկյունից ինչպե՞ս կմեկնաբանեք Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի` Մաքսային միություն անդամագրվելն այլևս անշրջելի Է:

- Այս հարցը պետք է այլ կտրվածքով դիտարկել: Պետք է հաշվի առնել այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որն ընթանում է ԱՊՀ տարածքում, հատկապես` Ռուսաստան – Ուկրաինա կոնֆլիկտի պարագայում: Այս դեպքում գոնե Ուկրաինան իր կողքին չունի Ադրբեջան, որը սպառնա իր տարածքային ամբողջականությանը: Պատկերացրե՛ք՝ այս պահի դրությամբ Հայաստանը հրաժարվում է ՄՄ մտնելուց, դա գնահատվելու է ոչ թե տնտեսական, այլ խիստ հակառուսական գեոպոլիտիկ տրամաբանության շրջանակներում: Այս դեպքում պարզ է, թե ինչ օպերացիա կկատարվի Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վրա: Լևոն Տեր-Պետրոսյանը դա հասկանում է և չի ուզում բացել փակագծերը և ցույց տալ, թե ինչ կարող է սպառնալ Ղարաբաղին: Դրա համար նա հայտարարում է, որ ՄՄ մտնելը այլևս անշրջելի է և անխուսափելի:

- Շահավետ կլինի՞ Հայաստանի մուտքը Մաքսային միություն:

- Իհարկե, օբյեկտիվորեն շահավետ չէր: Եթե մենք մնայինք Եվրոպայի և Ռուսաստանի միջև հավասարակշռված դիրքում, ապա ավելի շատ կշահեինք: Բայց քանի որ սա աշխարհաքաղաքական նշանակություն է ստացել, որն ընդհանրապես լավ չէ Հայաստանի համար, գոնե պետք է այնպես անել, որ ՄՄ-ի մեջ մնալը մինիմալ կորուստներով լինի և մաքսիմալ կարողանա տնտեսապես այնպիսի վիճակում հայտնվել, որ շատ վնասներ չունենա: Այսինքն, ըստ էության, Տեր-Պետրոսյանի գնահատականը շատ ռեալ գնահատական է, պարզապես, շատ նորմալ մարդիկ նյարդայնանում են այդ գնահատականից, ինչին ես ըմբռնումով եմ մոտենում: Իհարկե, նորմալ մարդը չէր ուզենա այս վիճակում հայտնվել: Ես ինքս շատ կուզեի, որ շանս մնար, բայց ռեալ հասկանում եմ, որ այն, ինչը կատարվում է Ղրիմում և համաշխարհային կոնտեքստում, Հայաստանի համար ճիշտ չէր լինի անել այն քայլերը, որոնք հիմա անում է Ուկրաինան: Ղարաբաղից և Զանգեզուրից ընդամենը մի ամսվա մեջ ոչ մի բան չէր մնա ընդհանրապես:

- Այսինքն, այս պարագայում, եթե Հայաստանը հրաժարվեր ՄՄ մտնելուց, դա երկրի անվտանգությանը կսպառնա՞ր:

- Բերեմ մեկ կենցաղային օրինակ, որ ավելի պարզ լինի: Պատկերացրեք ամուսիններ են և ապրում են: Եթե ոչ մի խնդիր չկա և նրանք ապրում են մի ընտանիքի մեջ, բնականաբար, կինը կունենա իր ազատությունը, ամուսինն` իր: Եվ պատկերացնենք, որ ամուսինը բռնեցրել է կնոջը դավաճանության մեջ, ընդ որում, ոչ մեկ անգամ: Հասկանալի է լինում, որ առաջանում է անվստահության մթնոլորտ և փոխհարաբերությունները փոխվում են: Այսինքն, ամուսինը դնում է պայման` պետք է այս ժամից այն ժամը տանը մնաս կամ բաժանվում եմ: Իսկ Հայաստանի պարագայում բաժանվել կնշանակի տանել վիրահատարան` անկանխատեսելի հետևանքներով: Այսինքն` ադրբեջանական ռազմական մեքենան կհարձակվեր Հայաստանի վրա: Այստեղից հարց` ինչո՞ւ Հայաստանը թույլ տվեց, որ անվստահությունն առաջանար: Անվստահության մի կարևոր էլեմենտ ասեմ, որը չի քննարկվում: Ադրբեջանը ստացել է 700 մլն դոլարի հարձակվողական զենք և մոտ 4մլրդ դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր է կնքել: Ցավալի է, որ հայ հասարակության մեջ այդ մտահոգությունը չկա, թե ինչու այդպես ստացվեց»:

- Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց:

- Որովհետև այսօրվա իշխանությունները 3 տարի շարունակ պոչ էին խաղացնում ու սիլի-բիլի էին անում Ռուսաստանի և Եվրոպայի հետ: Հայաստանի պարագայում, եթե Ուկրինայի նման լիներ, ապա Հայաստանը՝ որպես պետականություն, կվերանար:

Մանրամասները՝ NewsBook.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը