Մեկնաբանություն

03.03.2014 18:00


Քաղաքագիտական վերլուծություն–2

Քաղաքագիտական վերլուծություն–2

Մարտի 1–ի հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանը, զարգացնելով 2011–ի աշնանը ներկայացրած քաղաքագիտական վերլուծության մեջ առկա թեզերը և դրականորեն արձագանքելով ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հղած «մեսիջներին», բացեց փակագծերը և տվեց առաջիկա քաղաքական գործընթացների կառուցման ալգորիթմը։

Ըստ այդմ՝ առկա է երկու մոտեցում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «փուլային» և «փաթեթային»։

Տեր–Պետրոսյանը կողմ է «փաթեթայինին» և դեմ չէ «փուլայինին»

ՀԱԿ առաջնորդը արձանագրելով, որ

իշխանափոխության պահը Հայաստանում լիովին հասունացած է,

–իշխանությունների նկատմամբ առկա է համատարած դժգոհություն և Սերժ Սարգսյանի խոստովանությամբ՝ իրենց դեմ է հանրության 80 տոկոսը,

–իշխանությունները գտնվում են միջազգային մեկուսացման մեջ, քանզի «արևմտամետ» Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» արդյունքում Արևմուտքը սրանց չի վստահում, իսկ Ռուսաստանը՝ չի հարգում,

–քաղաքական ուժերի հետ համատեղ իշխանությունների վրա ճնշում են գործադրում նաև քաղաքացիական նախաձեռնությունները,

–իշխանություններից դժգոհ են նաև բիզնեսի բոլոր շերտերը և ի դեմս Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանն ունի իր Իվանիշվիլին

ներկայացրել է քաղաքական զարգացումների երկու սցենար։

Տեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ը կողմ է ամբողջական իշխանափոխությանը՝ այսպես կոչված «փաթեթային» տարբերակին, ինչը ենթադրում է ոչիշխանական ուժերի, արտախորհրդարանական քաղաքական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և հանրության լայն շերտերի համախմբում և հանրահավաքային «ռասկաչկա»։ Սրան զուգահեռ պետք է տեղի ունենա նաև ակտիվ խորհրդարանական աշխատանք։

«Ճիշտ է, իշխող մեծամասնությանը, կոճակների օգնությամբ, առայժմ հաջողվում է խափանել ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, բայց ամեն մի այդպիսի «հաջողություն» ոչ թե ավելացնում, այլ շագրենի կաշվի էֆեկտով աստիճանաբար սպառում է այդ մեծամասնության էներգիան։ Ոչիշխանական խմբակցություններն, ուստի, վհատվելու հարկ չունեն և պետք է նույն թափով շարունակեն իշխանություններին ռմբակոծել իրենց օրենսդրական նախաձեռնություններով, հարցապնդումներով, արտահերթ նիստերի գումարման պահանջներով, Սահմանադրական դատարանին հասցեագրված հայցերով։ Պետք է քաջ գիտակցեն, որ, միևնույն է, անկախ քվեարկությունների արդյունքներից, իրենց պատգամները հասնում են քաղաքացիներին, մեծապես ազդում հասարակական կարծիքի վրա և վերջին հաշվով թուլացնում իշխանության դիրքերը` հասունացնելով այն պահը, երբ վերջինս բոլորովին մենմենակ է հայտնվելու ողջ ժողովրդի առջև, ինչպես դա տեղի ունեցավ Լիբիայում, Եգիպտոսում, իսկ օրերս նաև Ուկրաինայում»,– նշում է Տեր–Պետրոսյանը՝ փաստելով, որ այսօր քաղաքական օրակարգը ձևավորում է ԱԺ–ում գործող «հրաշալի քառյակը»։

Կողմ լինելով իշխանափոխության «փաթեթային», այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով քաղաքական պայքարի տարբերակին, ՀԱԿ առաջնորդը դեմ չէ նաև այսպես կոչված «փուլայինին», ըստ որի՝ սկզբում արժե լայն համախմբման և ճնշումների միջոցով հասնել տխրահռչակ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության լուծարմանն ու Ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը, ինչից հետո Սերժ Սարգսյանին տուն ուղարկելը կդառնա տեխնիկայի խնդիր։

«Գաղտնիք չէ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես նախկինում, այժմ էլ ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման` գիտակցելով միաժամանակ, որ այդ նպատակին միայնակ հասնել չի կարող, քանի որ դրա համար անհրաժեշտ է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը։ Վերջիններս, սակայն, կարծես թե ավելի հակված են հանգրվանային լուծման, այսինքն` նախ պարտադրել կառավարության հրաժարականը, և դրանից հետո միայն մտածել նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։ Հասարակության և քաղաքական ուժերի ճնշման տակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն դրական դիտելով, Կոնգրեսը այս մոտեցումն էլ ընդունելի է համարում, և ամենևին չհավակնելով առաջատարի դերի, պատրաստ է, հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ` կառավարության հրաժարականին հասնելու հարցում»,– հանուն համախմբման և միասնական օրակարգի՝ ԱԺ ոչիշխանական ուժերի հետ կոմպրոմիսի գնալու իր պատրաստակամությունը հայտնեց Տեր–Պետրոսյանը։

Ինքնին հասկանալի է, որ «փաթեթային» լուծման սցենարի դեպքում զորահանդեսի հրամանատարն օբյեկտիվորեն լինելու է Լևոն Տեր–Պետրոսյանը, քանզի մարտի 1–ի հանրահավաքը ցույց տվեց, որ ՀԱԿ–ն է հանդիսանում տիտղոսային ընդդիմությունը։

Իսկ եթե զարգացումները գնան «փուլային» տարբերակով, ապա Հայաստանն ունի իր Իվանիշվիլին, այսինքն՝ ոչիշխանական ուժերի համատեղ ներկայացրած ծրագրի ու թիմի խորհրդանիշի դերն օբյեկտիվորեն կվերապահվի Գագիկ Ծառուկյանին։

«Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաև Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում)»,– թերահավատներին «էս գլխից» հակադարձում է առաջին նախագահը։

Բոլորն իրենց ամբիցիաները պետք է մի կողմ դնեն ու անցնեն գործի։ Տեր–Պետրոսյանն իր օրինակով ցույց տվեց, որ պատրաստ է դրան։

. . .

Թե ո՞ր սցենարն ավելի նախընտրելի կդառնա, այս պահին դժվար է ասելը։ Կյանքն իր շտկումները կմտցնի։

Մեկ բան, սակայն, ակնհայտ է. թե՛ «փաթեթային», թե՛ «փուլային» սցենարների իրականացումը պահանջում է լայն համախմբում, այլընտրանքային ծրագիր և պրոֆեսիանալ թիմ։

Հանրությունը գիտի, որ գործող իշխանություններին պետք է ուղարկել քաղաքական աղբանոց, բայց հանրությանը պետք է նաև տեսնի այն պոզիտիվը, որը սպասվում է իշխանափոխության արդյունքում։

Ինչ վերաբերում է հանրային լայն համախմբման անհրաժեշտությանը, ապա այն հնարավորություն կտա խուսափել արյունահեղությունից ու ցնցումներից։ Այդ մասին վկայում է նաև համաշխարհային փորձը։ Հեռու չգնանք՝ նաև «Ղարաբաղ» կոմիտեի փորձը, ինչը բերեց անարյուն և փուլային իշխանափոխության, ապա նաև համակարգային փոփոխությունների։

«Մենք եգիպտացիների կամ ուկրաինացիների պես բազմաքանակ ու Ղարաբաղի խնդիր չունեցող ազգ չենք, որպեսզի մեզ քաղաքացիական պատերազմի ճոխություն թույլ տանք»,– տաքգլուխների և կեղծ հեղափոխականների «մեղադրանքներին» պատասխանեց Տեր–Պետրոսյանը

Նրանք, ովքեր տանը համակարգչի դիմաց նստած կամ իշխանական պատվերների տակ կքած «վճռականություն» են պահանջում, հայկական «Մայդան» երազում և «մուտիլովկաներով» զբաղվում, թող բարի լինեն ու պայքարի սեփական գիծն առաջ տանեն, այլ ոչ թե թամաշա անեն։ Նմանատիպ մոտեցում ունեցողներին Տեր–Պետրոսյանը շատ հստակ գնահատական տվեց. «Ոչ ոք մեզ արկածախնդրության դրդելու և մեզանից այլ բան պահանջելու իրավունք չունի։ Այլ բան պահանջողները թող գոնե Շանթի չափ ազնվություն ու քաջություն ունենան և անձամբ իրականացնեն իրենց պահանջները»։

Ակնհայտ է նաև մեկ այլ բան. Սերժ և Տիգրան Սարգսյանի կառավարումը ձախողվել է և սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Այստեղ վիճելու բան չկա։

Հիմա ամեն ինչ ԱԺ ոչիշխանական ուժերի ձեռքում է։ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու «Ժառանգության» ներկայացուցիչներն արդեն պաշտոնապես արտահայտվել են համախմբման թեմայով։ Հերթը ՀՅԴ–ինն է (խոսքս պաշտոնապես ու հրապարակավ հնչեցվելիք որոշման մասին է)։

Միասնական ճակատի ձևավորման բոլոր նախադրյալները կան։ Հետևաբար՝ եկել է ժամանակը ցողունային բջիջների պատվաստման երկարատև պրոցեդուրաների ուղարկել «Վերջի բոլշևիկին»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը