Լրահոս

06.03.2014 09:45


Դիմում–առաջարկ

Դիմում–առաջարկ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանին

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին

ԴԻՄՈՒՄ-ԱՌԱՋԱՐԿ

Օրեր առաջ ինքնասպանություն գործեց 18-ամյա Սյուզի Քոչարյանը՝ ցմահ դատապարտյալ, 19 տարի բանտում գտնվող, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի դուստրը՝ չդիմանալով կյանքի հարվածներին. մայրը մահացել էր, հայրը՝ կողքին չէր ծնված օրվանից: Կործանվեց մի ամբողջ հայ ընտանիք: Ցավում ենք անդառնալի կորստի համար: Սյուզիի հուսահատ քայլը ևս մեկ ահազանգ է, որ անհրաժեշտ է հրատապ լուծում գտնել տարիներով կուտակված այս խնդիրներին: Տարիներ շարունակ դատապարտյալների այս խումբը բարձրացնում է գործերի, պատժաչափերի վերանայման, օրենսդրական մեխանիզմների մշակման անհրաժեշտության մասին: Տարեց տարի նրանց թիվը նվազում է. մահանում են տարբեր հիվանդություններից, ինքնասպանվում, ստանում հոգեկան շեղումներ: Պատժի նպատակն իսպառ վերանում է:

Առաջարկում ենք ձևավորել ժամանակավոր հանձնաժողով կամ միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 104 ցմահ դատապարտյալների գործերը /նրանցից 35-ը նախկին մահապատժի դատապարտվածներ են/, առանձնացնելու վիճելի, կասկածելի գործերը տեսակավորելու դրանք, ըստ ձերբակալման պահին դատապարտյալի տարիքի, սպանությունների թվի, դատվածությունների քանակի, հանցագործության տեսակի ու բնույթի:

Ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև 8 մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: Այս գործերից 35-ը քննվել են 1991-ից 2003 թ.-նն ընկած ժամանակահատվածում, երբ դեռ նոր էին ձևավորվում պետական համակարգերը, այդ թվում՝ դատականը, երբ մարդկանց դատապարտում էին 1961 թ-ի խորհրդային օրենսգրքով: Ցմահ դատապարտյալներից շատերը պատիժ են կրում նախորդ դարի 90-ականներից՝ շուրջ 20 տարի՝ փակ ռեժիմում:

Ուստի առաջարկում ենք՝

1. Առանձնացնել և ուսումնասիրել 18-21 տարեկանում ձերբակալվածների գործերը: 104 ցմահ դատապարտյալներից 17-ը ձերբակալման պահին եղել են 18-21 տարեկան: Եվրոպական մի շարք երկրներում, եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան դատապարտել պատժի առավելագույն չափի, քանի որ ամրագրված են երիտասարդների արդարադատության դրույթները, ըստ որի այդ տարիքային խմբին պատիժ նշանակելիս կիրառվում են օրենսդրության առավել մեղմ դրույթներ:

2. Ուսումնասիրել, թե ինչու չի կիրառվում պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը, չի գործում պահման ռեժիմների փոփոխման համակարգը /10 ցմահ դատապարտյալ արդեն հատել է պայմանական ազատման ներկայացման 20 տարվա շեմը, սակայն փակ ռեժիմից նրանց չեն տեղափոխում կիսափակ ռեժիմ, չի կիրառվում նաև վաղակետ ազատումը/: Ուսումնասիրել նաև, թե ինչու չի կիրառվում պատժի չկրած մասն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դրույթը: Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաև` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում: Ամենազարգացած փորձը Անգլիայում և Իտալիայում է:

3. Ուսումնասիրել, թե ինչու համաներման ու ներման ինստիտուտների միջոցով երբևէ անդրադարձ չի կատարվում դատապարտյալների այս խմբին:

4. Մասնագետ-իրավաբանների միջոցով գտնել ու վեր հանել պատժի առավելագույն չափի դատապարտվածների վիճելի գործեր, մարդկանց, ովքեր տարիներ պնդում են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել բանտում, պայքարում են իրենց գործերի վերանայման համար:

5. Ո՛չ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ-ի մայիսի 23-ի Քր.օր.-ի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայումներ: 2006 թ-ին և 2011-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ:

6. Քրեակատարողական օրենսգրքով տալ հնարավարություն հարազատների հետ կապը ընդլայնելու համար: Այլապես ցմահ դատապարտյալները տարեկան 1 երկարատև՝ 3 օրյա և 3 կարճատև՝ 1 ժամյա երկշերտ ապակե միջնորմով տեսակցությունների իրավունք ունեն՝ անկախ նրանից 20 տարի են պատիժ կրում, թե առաջին տարին են բանտում: Յուրաքանչյուր 5 տարին մեկ կարելի է ավելացնել տեսակցությունների ու հեռախոսազանգերի թիվը՝ խթանելով ընտանեկան կապերը:

7. Այսօր քրեակատարողական օրենսգրքով անգամ խրախուսանքի ձևերից մեկը ռեժիմի փոփոխումն է, սակայն որևէ անգամ ցմահների հանդեպ չի կիրառվում խրախուսանք: Ուսումնասիրել օրենքի դրույթի չկիրառման պատճառները:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև Հայաստանում ցմահ ազատազրկման հետ կապված հետևյալ խնդիրներին.

1.Դեռևս 2009 թ-ի հուլիսի 26-ին 12.500 քաղաքացիներից՝ կից ստորագրություններով, դիմումներ են հանձնվել Նախագահի նստավայր և Հանրային խորհուրդ` Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններով http://www.hra.am/hy/events/2009/06/29/panishment, սակայն անցել է 5 տարի. առ այսօր որևէ պատասխան չի տրվել դիմումի հեղինակներին նախագահական նստավայրից:

2. 2011 թ-ի մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 15 տարվա պատժաչափը փոխարինվեց 20-ի: Օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: Արդյո՞ք սա նշանակում է, որ 97 –ն էլ, եթե դատապարտվեին մեր օրերում, բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման:

Համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների գործերի ուսումնասիրմամբ, օրենսդրական մեխանիզմներ մշակելով և գործերի, պատժաչափերի վերանայմամբ հնարավոր կլինի մեղմել Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրը, որը բարձրաձայնվում է տասնյակ տարիներ:

Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը