Քաղաքական

08.03.2014 10:19


Վարդան Օսկանյան. «Հայաստանին և Ուկրաինային պետք չէ պարտադրել ընտրություն կատարել»

Վարդան Օսկանյան. «Հայաստանին և Ուկրաինային պետք չէ պարտադրել ընտրություն կատարել»

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության խնդրանքով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված է գրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որը հրապարակվել է «Ալ Ջազիրա»-ի կայքում: «Նախկին խորհրդային հանրապետություններ. վախ, մտահոգություն, վրդովմունք: ԽՍՀՄ փլուզումից 23 տարի անց Ռուսաստանն ու Արևմուտքը դեռևս վիճում են միջազգային նոր կարգի համար» վերնագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացումից ի վեր Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն այստեղ՝ Հայաստանում, վախի, անհանգստության և հախուռն նոր վրդովմունքի տրամադրություններ են ծնում։ Անկասկած, նույն տրամադրությունները կան հետխորհրդային հանրապետությունների մեծ մասում, հատկապես այն երկրներում, որոնք Եվրոպական Միության Ասոցացման համաձայնագրի նախկին կամ ներկա թեկնածուներ էին։

Վախը գալիս է այն մտքից, որ սա կարող էր պատահել մեզանից յուրաքանչուրի հետ: Մտահոգությունը բխում է Արևմուտքի՝ Ռուսաստանին մեկուսացնելու մտադրությունների հրապարակային հայտարարություններից, իսկ վրդովմունքը՝ այն փաստից, որ ԽՍՀՄ փլուզումից 23 տարի անց Ռուսաստանն ու Արևմուտքը դեռ վիճում են միջազգային նոր կարգի և մեր շուրջ։

Ռուսական հարկադրա՞նք

Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս փակուղին նման է երեխաների խնամակալությունը ստանձնելու շուրջ ամուսնալուծության վեճի, երբ երեխաներին ստիպում են ընտրություն կատարել։ Սակայն Հայաստանն ու Ուկրաինան չափահաս են, և նրանց պետք չէ պարտադրել ընտրություն կատարել։

Եվրոպական Միության հետ Ասոցացման ճանապարհի սկզբում թվում էր՝ գիտենք, թե ինչ ենք ուզում և ուր ենք գնում։ Սակայն այժմ, տարբեր ձևերով, մենք հայտնվել ենք բոլորովին այլ տեղում։ Յանուկովիչը, հաշվարկելով Ուկրաինայի օգուտները և վնասները, նախ որոշեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց հետո, երբ փոխվեցին օգուտի ու վնասի հաշվարկները, առկախեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը։

Քանի որ եվրոպամետները նրան դուրս մղեցին, և Ռուսաստանը գործողությունների դիմեց, բոլոր ենթադրություները, կասկածներն ու գուշակությունները, որոնք խոսում էին Ռուսաստանի կողմից ճնշումների ու հարկադրանքի մասին, ի դերև ելան։ Իսկապես, առևտրային արգելքները, Ուկրաինայի համար գազի սակագնի զեղչից հրաժարումը և, ամենակարևորը, Ղրիմի անջատումը Ուկրաինայից այն խաղաքարտերն էին, որոնք Ռուսաստանը բացահայտ դրեց սեղանի վրա՝ Ուկրաինային իր գիրկը բերելու համար:

Մենք գիտենք։ Հայաստանի դեպքն առանձնապես տարբեր չէր դրանից։ Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը վերահաստատում է Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը միանալու ընտրության անխուսափելիությունը և տարբեր այն գործոնները, որոնք նժարը թեքում էին Հայաստանի՝ դեպի հյուսիս գնալու որոշման կողմ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումով։ Ինչպես Ուկրաինայի դեպքում, Հայաստանում ևս կային գազի սակագնի և առևտրային հարաբերությունների հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ապագայի խնդիրը։ Թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Ղրիմը, տարբեր ժամանակներում տարբեր առաջնորդների օրոք մի հանրապետության կազմից հանվել և մտցվել են մեկ այլ հանրապետության կազմ՝ էթնիկապես տարբեր և պատմականորեն հակադիր:

Աշխարհում յուրաքանչյուր տարածաշրջան պատմության որոշակի հատվածում զգացել է իր պահը «հաշտության, որ վերջ է դնում ամեն խաղաղության» [բառախաղ է ամերիկացի պատմաբան Դեյվիդ Ֆրոմկինի համանուն գրքից՝ A Peace to End All Peace, որում հեղինակը նկարագրում է Օսմանյան կայսրության անկումը և որպես հետևանք Մերձավոր Արևելքում տեղի ունեցած արմատական փոփոխությունները – խմբ.]։ Եթե Դեյվիդ Ֆրոմկինը դա ասում էր այսօրվա Միջին Արևելքի մասին՝ Առաջին աշխարհամարտից հետո հաշտության միջնորդավորված գործարքների մասին, ապա հետխորհրդային տարածքի դեպքում ներկայիս խնդիրները գալիս են Ստալինի և Խրուշչովի ձեռնարկած հաշտության քայլերից, նրանց՝ «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունից։

Գրեթե չկար խորհրդային որևէ հանրապետություն, որի ներսում չլիներ պայթյունավտանգ ռումբը՝ ի դեմս որևէ ինքնավար շրջանի կամ հանրապետության։ Խորհրդային սահմանադրության համաձայն՝ եթե որևէ հանրապետություն ԽՍՀՄ-ից անջատվելու որոշում կայացներ, ապա այդ հանրապետության ինքավար միավորները կարող էին առանձին հանրաքվե անցկացնել՝ որոշելու իրենց սեփական ճակատագիրը։ Այսպիսով, Կրեմլի կողմից միտումնավոր ստեղծված աշխարհագրական ու էթնիկական խճանկարը նախատեսված էր որպես տարաձայնություններից ու անջատողականությունից ապահովագրության միջոց։

Էթնիկական բորբոք հակամարտություններ

Միխայիլ Գորբաչովը փորձեց օգուտ քաղել ապահովագրման այդ քաղաքականությունից, երբ հասկացավ, որ իր բարեփոխումների քաղաքականությունը ձախողման է գնում։ Սակայն ապարդյուն։ Խորհրդային Միությունը փլուզվեց, և ի վերջո բոլոր այդ ռումբերը պայթեցին՝ ստեղծելով կես տասնյակ էթնիկ և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա հակամարտություններ, որոնք շարունակում են բոցկլտալ:

Ռուսաստանը կարևորագույն դեր ունի էթնիկական այդ հակամարտույթուններից յուրաքանչյուրի կարգավորման հարցում։ Հետխորհրդային տարածքն ակնհայտորեն մնում է Ռուսաստանի ազդեցության գոտում:

Ղրիմի վերջին զարգացումները հարվածի երկրորդ ալիքը բարձրացրին ամբողջ աշխարհում, հատկապես հետխորհրդային այն հանրապետություններում, որոնք ունեն էթնիկական հրաբորբոք հակամարտություններ։ Առաջին ցնցումը 2008-ին էր, երբ տեղի ունեցավ վրաց-ռուսական պատերազմը Հարավային Օսիայի սադրանքների շուրջ, որը հանգեցրեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը։

Ուինսթոն Չերչիլն ասում էր. «Ես չեմ կարող կանխատեսել Ռուսաստանի գործողությունները: Դա գլուխկոտրուկ է՝ պարուրված առեղծվածով, հանելուկի ներսում: Սակայն հնարավոր է՝ այնտեղ է բանալին՝ ռուսական ազգային շահը»: Պուտինը 2000 թվականի մայիսի իր նախագահական երդմնակալությանը հստակ վերահաստատեց Ռուսաստանի կայսերական ավանդույթը։

«Մենք պետք է իմանանք մեր պատմությունը, այնպես, ինչպիսին որ այն կա, դասեր քաղենք դրանից և միշտ հիշենք նրանց, ովքեր ստեղծեցին ռուսական պետությունը, եղան դրա արժանապատվության պաշտպանները և այն դարձրին մեծ, հզոր և զորավոր պետություն»,- ասաց նա։ Իսկապես, որևէ այլ կայսրություն չի կարողացել ինքնավերածնվել։ Ռուսներն իրենց պատմության ընթացքում դա արել են չորս անգամ։

Եթե մենք ուզում ենք հասկանալ Ռուսաստանի վարքագիծը և մտադրությունները, մենք պետք է գիտակցենք Ռուսաստանի ընկալումը իր հիմնական թույլ կողմի՝ սեփական սահմանների, հատկապես հյուսիսարևմտյան սահմանների թուլության մասին։ Ռուսաստանը մշտապես համարել է, որ որքան հեռու լինեն իր սահմանները դեպի արևմուտք, Եվրոպա, այնքան երկար ճանապարհ հարկավոր կլինի նվաճողներին Մոսկվա հասնելու համար: Հետևաբար, Ռուսաստանը միշտ ձգտել է ընդլայնվել դեպի արևմուտք։ Իսկ Եվրոպան միշտ ձգտում է ընդլայնվել դեպի Արևելք: Այսպիսով, հաշվի առնելով իր պատմական փորձը՝ Ռուսաստանը ստիպված է հատուկ մտահոգություն ունենալ իր լայնատարած սահմանների երկայնքով անվտանգության վերաբերյալ, իսկ Արևմուտքը պետք է ուշադիր լիներ։

Ռուսաստանի հետ իր քաղաքականությունը մշակելիս Արմուտքը պետք է ընդունի երկու նկատառում: Առաջին՝ ոչ միայն տեսնի, որ Ռուսաստանը ձայն ունի նոր ձևավորվող միջազգային համակարգում, այլև ուշադրություն դարձնի այդ ձայնին։ Երկրորդ, Ռուսաստանը գործնականում պետք է հնարավորություն ունենա մասնակցելու միջազգային որոշումների կայացմանը, հատկապես այն որոշումների, որոնք առնչվում են նրա անվտանգությանը։ Պարզապես հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք չէ, բավարար չէ: Դա պետք է լինի փաստացի ներգրավում:

Հայաստանի և Ուկրաինայի նման երկրները թերևս պետք է ակնկալեին, որ դիվանագիտությունն ավելի պարզ լիներ: ԵՄ-ի ներքին քաղաքական թուլություններն ակամա իրենց արտահայտությունը գտան նաև արտաքին քաղաքականությունում։

Իհարկե, Արևմուտքի հարգանքը Ռուսաստանի անվտանգության օրինական շահերի նկատմամբ ենթադրում է, որ Ռուսաստանի կողմից «օրինական» սահմանումը համատեղելի լինի Ռուսաստանի հարևանների անկախության հետ, և Ռուսաստանը լրջորեն վերաբերվի իր հարևանների ներքին քաղաքական ընտրությունը։ Ժամանակն է, որ ինքնակոչ ծնողները ավելի շատ հարգանք դրսևորեն միմյանց, ինչպես նաև իրենց կողքին հայտնված նոր չափհասների նկատմամբ։

Աղբյուրը՝ civilnet.am։

Այս խորագրի վերջին նյութերը