Քաղաքական

14.03.2014 12:01


Ռուբեն Հակոբյան. «Իշխանությունն ամեն ինչ անում է՝ խոչընդոտելու 4 ոչիշխանական ուժերի համագործակցությունը»

Ռուբեն Հակոբյան. «Իշխանությունն ամեն ինչ անում է՝ խոչընդոտելու 4 ոչիշխանական ուժերի համագործակցությունը»

ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, որ իշխանությունն ամեն ինչ անում է՝ խոչընդոտելու 4 ոչիշխանական ուժերի համագործակցությունը։

–Բավական է հպանցիկ աչքի տակով անցկացնել իշխանական լրատվամիջոցները, որոնք երբեմն սահմանն անցնում են և գոտկատեղից ներքև հարվածներ հասցնում։ Դա ապացուցում է, որ իշխանությունը լուրջ մտահոգություն ունի այս համագործակցության առումով։ Բացե՛ք «1in.am» կայքը, ծայրից ծայր կտեսնեք, թե որտեղ են ուղղվում սլաքները, և ինչ բառապաշարով է դա արվում,–ասել է Ռ. Հակոբյանը։

Նա հասկանում է իշխանության մտահոգությունը, որովհետև, Ռ. Հակոբյանի խոսքերով, անկախ նրանից, թե այս ուժերը վերջնական ինչ համաձայնության կգան, իշխանությունները շատ լավ հասկանում են՝ 4 ոչիշխանական ուժերի և արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության համագործակցության արդյունքում տեղի կունենա իշխանափոխություն.

Բոլորն էլ գտնում են, որ երկրում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որոնք կավարտվեն ամբողջական իշխանափոխությամբ,–ասել է Ռ. Հակոբյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ իշխանությունն ամեն կերպ ձգտում է պահել համակարգը, բայց ովքեր դեմ են ամբողջական իշխանափոխությանն ու արմատական համակարգային փոփոխություններին, պետք է հեռանան իշխանությունից։

–4 ոչիշխանական ուժերն այժմ աշխատում են մի պլատֆորմի վրա, որն ունի քաղաքական և տնտեսական բաղադրիչ։ Կառավարության հրաժարականը կլինի ինքնանպատակ, եթե չներկայացվի դրա այլընտրանքը,–ավելացրել է Ռ. Հակոբյանը՝ նշելով, որ թեև իրենք կողմ են ամբողջական իշխանափոխությանը, բայց այժմ 4 ոչիշխանական խմբակցությունները փորձում են կոնսենսուսով ձևավորել օրակարգը.

–Իսկ այդ կոնսենսուսը ենթադրում է զիջումներ, որպեսզի ձևավորվի միասնական օրակարգ։ Կան ուժեր, որոնք տակտիկական խնդիրներից ելնելով՝ համարում են, որ փուլ առ փուլ պետք է գնալ իշխանափոխության։ Եվ իշխանությունն էլ շատ լավ հասկանում է, որ կառավարության հրաժարականն առաջին կարևոր քայլն է, որին պետք է հաջորդի ամբողջական իշխանափոխությունը։

Ռ. Հակոբյանը ավելացրել է, որ խորհրդարանի պատերի ներսում չէ միայն, որ պետք է իշխանափոխություն իրականացնել, այլ անպայման անհրաժեշտ է ժողովրդի հետ միասին օրակարգ ձևավորելը։

ԲՀԿ–ի՝ ընդդիմություն լինել–չլինելու հարցին էլ Ռ. Հակոբյանը պատասխանել է.

–Ինձ համար էական չէ՝ որ ուժն իրեն ինչպես կանվանի։ Վերջին ամիսների ընթացքում ԲՀԿ–ն իրեն դրսևորում է որպես ընդդիմադիր կուսակցություն։ Այս ընթացքում իրենց գործունեությունը ես գնահատում եմ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը