Քաղաքական

14.03.2014 12:45


Արամ Մանուկյան. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին քայլն է»

Արամ Մանուկյան. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին քայլն է»

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցների ընթացքում ընդգծել է, որ խնդիրներ կան և՛ իշխանական բլոկում, և՛ ՀՀԿ–ում, ու գնալով հենց քաղաքական մեծամասնության շրջանում իշխանության աջակիցների թիվը նվազելու է։

–Եթե մենք ձեռքներս ծալած էլ նստենք, Սերժ Սարգսյանը հասարակությանը կստիպի փողոց դուրս գալ, կուսակցություններին՝ միավորվել, ՀՀԿ–ին՝ մտահոգվել։ Հանրապետականները կսկսեն շուտ–շուտ հիվանդանալ, քվեարկություններին չմասնակցել։ Կգա ժամանակ, երբ ՀՀԿ–ական շատ պատգամավորներ ուղղակի կհրաժարվեն կատարել այն հրահանգները, որոնք կիջեցվեն Բաղրամյան 26–ից։ Դա երկու դեպքում է լինում՝ երբ թուլանում է Բաղրամյան 26–ը, և երբ ուժեղանում է ընդդիմությունը,–ասել է Ա. Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ ՀԱԿ–ի նպատակն ընտրովի իշխանություն ձևավորելն է, քանի որ հայ ժողովրդին օդի ու ջրի պես արդար ընտրություններ են անհրաժեշտ, որը կարող է ուժեղ լինել և՛ ներսում, և՛ իմունիտետ ունենալ՝ պայքարելու դրսի մարտահրավերների դեմ.

–Ես ուզում եմ ունենալ համախոհներ, որոնք համաձայն են այս իրավիճակից երկիրը դուրս բերել։ Մենք շատ պոզիտիվ ենք, մենք որևէ մեկի միսը չենք ուզում ուտել։ Մենք անձերին դեմ չենք, մենք համակարգին ենք դեմ։ Տիգրանի տեղը ով էլ լինի, նույնն է լինելու. համակարգն է պետք փոխել։ Թեև մենակ օֆշորը հերիք էր, որ հինգ հատ Տիգրան Սարգսյան հրաժարական տար։

Ա. Մանուկյանը նաև կարծում է, որ միայն կառավարության հրաժարականով չպետք է սահմանափակվել. պետք է այդ բոլոր գործերը հանձնել դատախազություն։

–Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին քայլն է, մեզ համար դա ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ առաջ անցնելու համար։ ԲՀԿ–ի հետ մեր վերջին հանդիպումը գործնական առաջարկների շուրջ էր, և մենք անցնում ենք գործնական փուլ,–ավելացրել է նա։

Ա. Մանուկյանը նաև ընդգծել է, որ իրենք չեն ուզում «Մայդան» լինի, առավել ևս, որ ունեն բավարար ուժ և ժողովրդի աջակցությունը՝ խաղաղ ճանապարհով հասնելու խնդիրների լուծմանը։

–Հայ ժողովուրդն առավել քան պատրաստ է ըմբոստանալ,–ավելացրել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը