Լրահոս

19.03.2014 00:35


Արեգ Գևորգյան. «Ռեժիմի քայքայումն անխուսափելի է»

Արեգ Գևորգյան. «Ռեժիմի քայքայումն անխուսափելի է»

Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես կուսակցության» հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գևորգյանի հետ

Պարբերաբար արձանագրում եք, որ իշխանության դիրքերն օր օրի թուլանում են։ Բայց դրան զուգահեռ ավելանում են ոչիշխանական ուժերին ուղղվող հարվածները։ Արդյոք դա և՞ս իշխանության թուլացման ակնհայտ ցուցիչ է։

–Կարելի է արձանագրել, որ գործող ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով ստեղծված է այնպիսի մի իրավիճակ, որ այնպիսի գործընթացը, ինչպիսին ռեժիմի քայքայումն է, անխուսափելի է: Հասարակությունն այլևս առաջնորդվում է ինքնապաշտպանության բնազդով, և ի դեմս ոչիշխանական ուժերի՝ իրավիճակը արմատապես փոխելու նպատակով անցել է ակտիվ գործողությունների: Իսկ իշխանություններն իրենց հերթին իրավիճակը մեղմելու որևէ լծակի չեն տիրապետում և յուրաքանչյուր քայլով է՛լ ավելի են ծանրացնում սեփական կացությունը:

Ինչ վերաբերվում է ոչիշխանական ուժերին ուղղվող հարվածներին, ապա, կարծում եմ, որ դրանք ոչ թե ավելանում, այլ դեռ մի բան էլ պակասում են: Իշխանություններն այդ առումով ոչ մի նորություն չեն առաջարկում: Կրկին գործի են դրվում արդեն բազմաթիվ անգամ օգտագործված և իրենց վաղեմության ժամկետը վաղուց սպառած իշխանահպատակ քարոզչամիջոցներն ու քարոզիչները, ինչը կրկին ռեժիմի թուլացած և փակուղային վիճակում լինելու ցուցիչ է:

Քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության համարգործակցությունը ձնագնդիի էֆեկտ ստանո՞ւմ է։

–Նման գործընթաց առկա է: Կարելի է ասել, որ ստեղծված են բոլոր նախապայմաններն այդ պրոցեսները արագացնելու և տրամաբանական ավարտին հասցնելու համար: Միայն հակաժողովրդական ուժերի դեմ հասարակական լայն համախմբումը կարող է ապահովել Սերժ Սարգսյանի վարչակարգի հեռացումը և նոր՝ օրինակարգ իշխանությունների ձևավորումը:

–4 ոչիշխանական ուժերի համագործակցությունը դեռևս ձևավորման փուլում է, սակայն կարո՞ղ ենք ասել՝ դրական արդյուքններն արդեն իսկ տեսանելի են։

–Ես կասեի, որ չորս ոչիշխանական ուժերի համագործակցությունը վաղուց արդեն ձևավորված է: Դրա ականատեսը մենք եղել ենք վերջին ամիսներին, երբ կարևորագույն հարցերի շուրջ այդ ուժերի հետևողական համագործակցությունը ԱԺ-ում բերեց Հանրապետական կուսակցության լիակատար մեկուսացմանը և իշխանությունների բազմաթիվ հանցավոր գործարքների ու այլ գործողությունների բացահայտմանը: Այլ հարց է, որ այժմ հասունացել է այդ համագործակցությունը զարգացնելու և դրա միջոցով քաղաքական դաշտում վճռական փոփոխություններ իրականացնելու պահը:

–Իսկ ի՞նչ կոչ կանեիք ոչիշխանական ուժերին պատվերով կամ ինքնաբուխ քարկոծողներին։

–Կարծում եմ, որ այդ շրջանակների մեծամասնությունը, որը առաջնորդվում է բացառապես իշխանությունների կոչերով, իմ կոչի կարիքը դժվար թե ունենա: Ինչպես ասում են՝ ընդդիմության կոչը գրպանդ չես դնի: Իսկ քիչ թե շատ անկեղծ մտահոգություններ ունեցող մարդկանց կհորդորեմ հնարավորինս շուտ զգացմունքային, հարցերի չլուծման դաշտից տեղափոխվել տրամաբանության և հարցերի լուծման դաշտ: Դա է պահանջում Սերժ Սարգսյանի հանցավոր կառավարման արդյունքում Հայաստանում ստեղծված օրհասական իրավիճակը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը