Լրահոս

20.03.2014 08:50


Այս տարի չորս կրոնական միավորումների ֆինանսավորման համար Վրաստանի կառավարությունը 4,5 մլն լարիի փոխարեն հատկացնում է 3,5 մլն

Այս տարի չորս կրոնական միավորումների ֆինանսավորման համար Վրաստանի կառավարությունը 4,5 մլն լարիի փոխարեն հատկացնում է 3,5 մլն

Մարտի 18-ին տարածված տեղեկության համաձայն՝ Վրաստանի կառավարությունը պահեստային ֆոնդից 2014թ-ին չորս կրոնական միավորումների ֆինանսավորման համար հատկացնում է 3.5 միլիոն լարի: Կառավարության դրույթի համաձայն` «Խորհրդային միապետական ռեժիմից կրած վնասի մասամբ փոխհատուցումը» կիրականացվի Կրոնական հարցերով պետական գործակալության կողմից:
«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս կբաժանվի տվյալ գումարը չորս կրոնական միավորումների միջև, դժվար հարց է: Քանի որ վերջնական որոշում դեռևս ընդունված չէ: Պետական միջոցների բաժանումը պետք է կատարի կառավարական հանձնաժողովը, որը դեռևս գտնվում է ձևավորման շրջանում: Մոտակա ժամանակներս այդ գործընթացը՝ համապատասխան կառավարական հանձնաժողովի ձևավորումը, կավարտվի» ,-«Միություն» լրատվական կենտրոնի հետ զրույցում ասաց Վրաստանի վարչապետի մամլո-ծառայության ղեկավարը:
Որպես տեղեկություն՝ Վրաստանի կառավարության կողմից վրաց ուղղափառ եկեղեցու ֆինանսավորումը սկսվել է 2002թ.ից: Ֆինանսավորման սկզբից մինչև 2013թ.ը. ներառյալ Վրաց եկեղեցու պատրիարքարանը պետությունից ստացել է 160,672,200 լարի: 2002թ.ին Վրաց ուղղափառ եկեղեցու և պետության միջև սահմանադրական համաձայնության ստորագրումից անմիջապես հետո եկեղեցին ստացավ 857,600 լարի: 2003թ.ի հեղափոխությունից հետո Վրաց Ուղղափառ եկեղեցու ֆինանսավորումը տարեցտարի աճում էր և իր առավելագույնին հասավ 2008թ.ի Ռուսաստանի հետ պատերազմից հետո, երբ 2009-ին Վրաց եկեղեցուն էր հատկացվել 26,394,900 լարի: Հաջորդ տարիներին ֆինանսավորումը փոքր-ինչ կրճատվել է և 2013թ.ին կազմել 25.000.000 լարի:
Հարգելի ընթերցողին հիշեցնենք, որ 2014թ հունվարի 27-ին կայացավ Վրաստանի Կառավարության նիստ, որի ընթացքում ուսումնասիրվեց 32 հարց: Հարցերից մեկն էր «Վրաստանում գոյություն ունեցող կրոնական միավորումների հանդեպ մի քանի միջոցառումների իրականացումը խորհրդային միապետական համակարգի կողմից հասցված վնասի մասամբ վերականգնման ուղղությամբ» մասին օրինագծի ընդունումը: Նախագծի հեղինակն է Վրաստանի Համերաշխության և Քաղաքացիական իրավահավասարության նախարարությունը: Նախագծի աշխատանքներն ընթանում էին մի քանի ամիս շարունակ: Վրաստանի Կառավարության կողմից ընդունված օրինագծի համաձայն` խորհրդային իշխանությունների կողմից հասցված վնասի փոխհատուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի որոշակի գումար 4 կրոնական միավումների ֆինանսավորման համար, դրանք են` Հռոմեական-Կաթոլիկ, Հայ Առաքելական, Իսլամական և Հրեական միավորումները:
Սկզբնական տեղեկության համաձայն՝չորս կրոնական միավորումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցեր 4.5 միլիոն լարիից:
«…Օգնության ընդհանուր գումարը կազմում է 4 500 000 լարի, և այն համամասնորեն կտեղաբաշխվի այդ 4 խմբերի միջև: Կմշակվի ձև և սկզբունք գումարի տեղաբաշխման համար»,-հունվարի 27-ին հայտարարել է Համերաշխության և Քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարը:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը