Տնտեսական

20.03.2014 16:57


Անհատ տաքսիստները դիմել են Գագիկ Ծառուկյանի օգնությանը

Անհատ տաքսիստները դիմել են Գագիկ Ծառուկյանի օգնությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ՝
պ-ն Գագիկ Ծառուկյանին
Հարգարժա՛ն պարոն Ծառուկյան,
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ն 2009-ից զբաղվում է անհատ տաքսիստների խնդիրներով և այս տարիների ընթացքում տարբեր օրենսդրական խնդիրներով դիմել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու զգացել Ձեր անձնական աջակցությունը, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:

Այս ընթացքում հանդիպել ենք նաև կառավարության անդամների և անձամբ նախարարի հետ, սակայն նրանց խոստումները արդեն շուրջ մեկ տարի իրականություն չեն դառնում: Կառավարությունից մեզ վստահեցրեցին, որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում խնդիրը լուծում կստանա և օրենքը կբարեփոխվի, սակայն դրանք այդպես էլ մնացին խոստումներ, նոր օրենքը գոյություն չունի, իսկ հին օրենքը չի գործում: Փաստորեն, անկախ մեր կամքից այսօր այս ոլորտը գործում է օրենսդրական դաշտից դուրս, իսկ կառավարությունից պատճառաբանում են, թե տաքսիստներին անհանգստացնող չկա, ստուգայցեր չեն իրականացվում, այնպես որ շտապելու կարիք չկա: Կառավարության այս վարքագիծը պարզապես անտրամաբանական է, քանի որ մարդիկ ուզում են աշխատել օրենքի դաշտում և պաշտպանված լինել օրենքով, մինչդեռ հանդիպում են բազմաթիվ խնդիրների, օրինակ՝ պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքելու դեպքում: ԱՊՊԱ իրականացնող գրասենյակները մերժում են, քանի որ չկա վերահսկողություն ոչ աշխատանքային ժամերի նկատմամբ, ոչ էլ տեխ և բուժ զննման: Այս պահանջների բացակայությունը վտանգ է ներկայացնում նաև սպառողների համար:
Մեր խնդիրն է կանոնակարգել տաքսու ոլորտը և ստվերից բերել օրինական դաշտ, ինչն օգտակար կլինի թե՛ պետությանը և պետական բյուջեին, թե՛ կապահովվի սպառողների անվտանգությունը, թե՛ տաքսիստը պաշտպանված կլինի օրենքով: Բազմիցս ականատես ենք եղել Ձեր և Ձեր կուսակցության բարձրացրած հարցերին ու իրականացրած ծրագրերին, ուստի նորից դիմում ենք Ձեզ:
Քանի որ տաքսիների շահագործման քաղաքակիրթ պայմաններից մեկը հանդիսանում է հաշվիչների առկայությունը, մենք մեր ուժերով ձեռք ենք բերել հարյուրավոր հաշվիչներ, սակայն անհրաժեշտ են եւս հարյուրավորները, որոնք ձեռք բերելու համար անհրաժեշտ են բավական մեծ ֆինանսական միջոցներ, ուստի դիմում ենք Ձեզ հնարավորության դեպքում ֆինանսական աջակցություն ցուցաբերել, քանի որ վստահ ենք, որ մեր դիմումը անպատասխան չի մնա:
Կանխավ շնորհակալ ենք:
18.03.2014թ.
Թվով 120 անհատ տաքսիստներ

Այս խորագրի վերջին նյութերը