Մեկնաբանություն

22.03.2014 12:52


Խաբվածն ու մոլորվածը

Խաբվածն ու մոլորվածը

Սերժ Սարգսյանինն այն դեպքն է, երբ կիրառելի է ամերիկյան ֆիլմերից հայտնի ձևակերպումը՝ «Դուք ունեք լռության իրավունք։ Այն, ինչ Դուք կասեք, կարող է օգտագործվել Ձեր դեմ»։

Գաղտնիք չէ, որ ՀՀԿ ղեկավարն ինչ խոսում է, խիարը թարս է բուսնում։ Նա ասում է բաներ և քննադատում է երևույթներ, որոնք իրեն են բնութագրում։

Այսպես, այցելելով Արտաքին գործերի նախարարություն, Սարգսյանը հայտարարել է. «Մենք ունենք մի որակ, մի հատկանիշ՝ մենք չենք փորձում որևէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք՝ սա՛ է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել, այստեղ պատրաստ չենք սա անել»։

Սա ճիշտ հակառակն է այն բանի, ինչին մենք ականատեսն ենք լինում 2008–ից սկսած։

Սերժ Սարգսյանը մոտ չորս տարի բանակցեց ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, ավարտեց բանակցությունները, հայտարարեց, որ արդեն պատրաստ է ստորագրելու, բայց մի գիշերվա մեջ մտավ Մաքսային միություն։ Դրա հետևանքը եղավ այն, որ Հայաստանը փչացրեց իր հարաբերություններն Արևմուտքի հետ և անհուսալի գործընկերոջ համբավ ձեռք բերեց Կրեմլում։

Ցավալին այն է, որ այս ամենից հետո Սերժ Սարգսյանը դասեր չի քաղել։ Նա մի կողմից Զորի Գայկովիչի միջոցով առաջ է քաշում «Գյուլիստան» ծրագիրը, իսկ մյուս կողմից հակառուսական հիստերիա է բարձրացնում «արևմտամետ» զորիգայկովիչների՝ ղարաբաղցի ռենեգատների շուրթերով։ Ասել է թե՝ Սարգսյանի որդեգրած տխրահռչակ «նախաձեռնողականությունը» շարունակվում է։

Այդ «նախաձեռնողականության» շրջանակներում է, որ Սերժ Սարգսյանը զանգահարում է Վլադիմիր Պուտինին ու Ղրիմի հարցով ՌԴ–ին ձեռնտու ձևակերպումներ հնչեցնում և միևնույն ժամանակ ուղարկում է Տիգրան Սարգսյանին ԵԺԿ–ի գագաթաժողովին, որի ժամանակ ՀՀ վարչապետը միանում է Ղրիմի հարցով հակառուսական բանաձևին։

Սերժ Սարգսյանին թվում է, թե ինքն այնքան «շուստրի» է, որ կարող է խաբել ու մոլորոցնել մեր արտաքին գործընկերներին։

Նրան թվում է նաև, թե միջազգային հարաբերությունները, ասենք, իր ու Սամվել Ալեքսանյանի հարաբերությունների նման են, երբ Սամվելից փայդ վերցնում ես փակ շուկան «Երևան Սիթի» դարձնելու համար, հետո «քաղաքացիական» մի խմբի ուղարկում ես նրա փակ շուկայի դեմ պայքարելու, իսկ մյուս խմբին էլ նույն Սամվելի փողերով ուղարկում ես փակ շուկայի դեմ պայքարողների դեմ պայքարելու։

Սարգսյանն այդպես էլ չհասկացավ, որ արտաքին քաղաքական դաշտում ղումարբազի ու բանսարկուի հոգեբանությամբ միայն վնասում ես երկրի անվտանգությանը։

Ի դեպ, անվտանգության մասին։

Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանն իր վարած քաղաքականության արդյունքում ավելի անվտանգ է դարձել, քան հինգ տարի առաջ։

«Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով և որակով, շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ»,– ինքն իր «նախաձեռնողականությունից» գոհ նշել է Սարգսյանը դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ։

Եթե Սարգսյանն անկեղծորեն համոզված է, թե Հայաստանի անվտանգության մակարդակը վերջին հինգ տարիներին բարձրացել է, ապա նոր խոր մոլորության մեջ է։ Իսկ եթե նա գիտի իրականությունը, բայց խոսում է խոսելու համար, ապա խաբեությամբ է զբաղված։

Ինչպե՞ս կարող է ՀՀ անվտանգությունն ավելի ամրապնդված լինել այն դեպքում, երբ Սերժի «արևմտամետ» կուրսի պատճառով ՌԴ–ն մի քանի հարյուր միլիոն դոլարի հարձակողական զենք է վաճառել Ադրբեջանին ու զենքի մատակարարման լրացուցիչ 4 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Հայաստանի վրա աչքը տնկած Ալիևի հետ, երբ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրի բնակչությունը պակասել է 300 հազարով, երբ ՀՆԱ–ն կրճատվել է, երբ աղքատությունը մեծացել է, երբ ներդրումները կտրուկ կրճատվել են, երբ Հայաստանը վերածվել է «Գազպրոմի» դուստր ձեռնարկության, երբ տնտեսությունը սաշիկացման է ենթարկվել, երբ Սերժը Յանուկովիչից չի տարբերվում։

Սարգսյանին թվում է, թե ինքը կարողացել է խաբել ու մոլորեցնել բոլորին, բայց ամենամեծ խաբվածն ու մոլորվածն ինքն է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Նախագահական «ֆեյք» ընտրություններից հետո տեղի ունեցած ինքնաասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԵՄ–ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմային, նշել էր հետևյալը. «Մենք սև-սպիտակի խնդիր չենք լուծում: Կամ-կամի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա և այդ պրոցեսում օգտագործի և՛ Մաքսային միության, և՛ Եվրասիական միության, և՛ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել»։

Այո՛, շատ ճիշտ է ասել «արևմտամետությունից» դեպի Գյուլիստան թռիչք կատարած Սերժ Սարգսյանը։ Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը