Քաղաքական

24.03.2014 12:41


Քաղաքական մեծամասնությունը մերժեց ԲՀԿ–ի օրինագիծը

Քաղաքական մեծամասնությունը մերժեց ԲՀԿ–ի օրինագիծը

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայում քվեարկության է դրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է չաշխատող մայրերին ևս մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար նպաստ տրամադրել։

Նշենք, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այս նախագծին բացասական եզրակացություն է տվել։

ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քաղաքական մեծամասնությանը կոչ է արել կողմ քվեարկել։

–Մեծ–մեծ խոսալով չի, թե սոցիալական ողջ փաթեթը հնարավորինս ողջ ծավալով եք իրականացնում։ Պարզ, սթափ տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, ովքեր չեն աշխատում, նույնպես այդ նպաստի կարիքն ունեն,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

Հակադարձելով՝ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանը նշել է, որ նմանօրինակ նախագիծ առաջարկվել է նաև ՕԵԿ–ի կողմից։

–Հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցողին առաջարկվել է ձգել օրենքի նախագիծը։ Ասեմ, որ օրինագիծը վերաբերում է աշխատող մոր ծրագրի անվան տակ չաշխատող մորը փող տալուն։ Խոսքը նրա մասին է՝ աշխատող, թե՞ չաշխատող մորը փող տանք։ Հարց եմ տալիս՝ աղքատ ընտանիքի մորը, թե՞ հարուստին տանք,–նշել է ՀՀԿ–ական պատգամավորը։

ՕԵԿ–ական Հովհաննես Մարգարյանն էլ պնդել է, որ արդեն 2 տարուց ավելի է՝ իրենք համանման օրենք են դրել շրջանառության մեջ, կառավարությունն էլ չի մերժել, պարզապես առաջարկել է քննարկել 2015թ. բյուջեի շրջանակներում։

Ի վերջո, քաղաքական մեծամասնությունը չի ընդունել ԲՀԿ–ի նախագիծը։ Այն մերժվել է 45 կողմ, 68 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Այս քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ ոչ մի վատ բան չէր լինի օրակարգում 2 համանման նախագծերի առկայության պարագայում։

–Այլընտրանքային օրինագիծ կլիներ։ Ի դեպ, անհասկանալի է, որ մահվան դեպքում նպաստ կա, բայց ծննդյան դեպքում չկա,–ասել է Ա. Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը