Լրահոս

25.03.2014 19:10


Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը

Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը

Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։

Քեսաբի և շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից ներթափանցած խմբավորումների հարձակման արդյունքում պղծվել է Քեսաբի հայոց եկեղեցին, կողոպտվել են տներ, մոտ 400 հայ ընտանիք տեղահան է եղել Քեսաբից և ապաստանել Լաթակիայում: Քեսաբի հայ բնակչությունը 1909թ-ից և 1915թ-ից հետո, այս էլ երրորդ անգամ ենթարկվում է Թուրքիայի կողմից սանձազերծված տեղահանության:

Թուրքիայի կողմից քեսաբահայությանն ուղղված հերթական հարվածը, կրկին տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առջև: Միջազգային հանրություն, որն իր կրավորական կեցվածքով և թողտվությամբ խրախուսում է Թուրքիայի այսօրինակ ոճրագործությունները և ցեղասպան քաղաքականությունը հայության նկատմամբ:

Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից կատարել իր իրական առաքելությունը, դատապարտել և կանխել Թուրքիայի քողարկված ագրեսիան և միջոցներ ձեռնարկել քեսաբցիների իրենց բնակության մշտական վայր վերադարձի ուղղությամբ։

Որպես հայ երիտասարդ մենք զորակցություն ենք հայտնում սիրիահայությանը և հաստատակամություն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու և նեցուկ կանգնելու մեր հայրենակիցներին։

Միաժամանակ կոչ ենք անում երիտասարդությանն ու քաղաքական ուժերի երիտասարդական թևերին, միանալ սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջև անցկացվելիք բողոքի ցույցին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

ՀՅԴ Երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը