Քաղաքական

27.03.2014 14:04


Լևոն Զուրաբյանի հայտարարությունը ՀՀԿ–ականների մոտ իրարանցում է առաջացրել (տեսանյութ)

Լևոն Զուրաբյանի հայտարարությունը ՀՀԿ–ականների մոտ իրարանցում է առաջացրել (տեսանյութ)

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրադրանում անդրադարձել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով՝ քաղաքական կուսությունը վաղ տարիքում կորցրած նախարարին՝ ընդգծելով, որ Աշոտյանը մի ամբողջ օր փորձում էր առաջարկված նախագծերը ներկայացնել որպես բարեփոխում կրթության բնագավառում:

–Պարո՛ն նախարար, պարոնա՛յք հանրապետականներ, ամեն ինչ չափ ու սահման ունի: Դուք երբեք որևէ բարեփոխում, գործողություն, քայլ չեք կատարել և անգամ մեկ հրաման չեք արձակել հանուն բարեփոխման, առաջընթացի կամ գիտության և կրթության բնագավառի զարգացման: Ձեր որևէ բարեփոխում, գործողություն, քայլ, հրաման կամ հեռախոսազանգ ուղղված են եղել բացառապես մեկ նպատակի իրագործման ուսումնական հաստատություններում, դպրոցներում և համալսարաններում Հանրապետական կուսակցության տոտալ վերահսկողության նպատակով,–ասել է Լ. Զուրաբյանը:

Նա ավելացրել է, որ հանրապետականներն այնքան արհամարհանք ունեն հանրային կարծիքի նկատմամբ, այնքան փնթի են գտնվել օրինագծերի և նրանց հիմնավորումների պատրաստման գործում, որ չեն էլ նկատել, թե ինչպես են հենց ներկայացված փաստաթղթերով ակամա մատնել փոփոխությունների իրական նպատակը.

–Ե՛վ նախորդ քննարկված օրինագծի, և՛ այժմ քննարկվող «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներին փոփոխությունների և լրացումների բոլոր երեք հիմնավորումների մեջ մենք գտնում ենք անփութորեն «copy-paste» արած մի հետաքրքրաշարժ նախադասություն: Մեջբերում եմ այն. «Ակադեմիական ազատության և ինքնակառավարման իրավունքի պայմաններում շատ հաճախ գործադիր օղակը դժվարանում է արձագանքել կամ ինքնուրույն հաղթահարել աշխատաշուկայի արագ փոփոխությունները»:–Ահա՝ որտեղ է թաղված շունը կամ, ավելի ճիշտ, այն մեծագույն չարիքը, որի դեմ պատերազմ է հայտարարել և փորձում է «հաղթահարել» գիտության և կրթության նախարարությունը: Պարզվում է, որ այդ չարիքն է ակադեմիական ազատությունը և ինքնակառավարման իրավունքը:

Զուրաբյանը նշել է, որ այս գլխավոր չարիքի հաղթահարմանն են ուղղված բոլոր «բարեփոխումները», որովհետև հանրապետականները հասկանում են՝ հենց ազատությունն ու ինքնակառավարումն են գլխավոր խոչընդոտը տոտալ վերահսկողության հաստատման ճանապարհին:

–Եվ եթե այդ տեսակետից գնահատենք Արմեն Աշոտյանի ղեկավարած գիտության եւ կրթության նախարարության աշխատանքը, ապա պետք է աներկբայորեն ընդունենք, որ գրանցված են «հաջողություններ», որոնցով շատ քիչ երկրներ կկարողանային պարծենալ անցյալում: Արամ Մանուկյանն արդեն ներկայացրեց այն ահավոր վիճակագրությունը, ըստ որի՝ երկրի 1400 դպրոցների տնօրեններից 1100–ը, այսինքն՝ մոտ 80 տոկոսը, հանրապետական են: Եթե ոմանք դեռ չեն հասկանում, թե դա ինչ է նշանակում, ապա ես պետք է ասեմ, որ դպրոցների տնօրենների մեջ իշխող կուսակցության ներկայացվածության այս ցուցանիշով այսօրվա Հայաստանը գտնվում է համաշխարհային պատմության մեջ պատվավոր երկրորդ տեղում` նացիստական Գերմանիայի և կոմունիստական Խորհրդային Միության միջև:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ Աշոտյանի նախարարության վերցրած կուրսը շատ արագ կապահովի ՀՀ առաջնությունը նաև նացիստական Գերմանիայի նկատմամբ, և Աշոտյանի ջանքերի շնորհիվ Հիտլերից մնացած մոխիրը մի քանի պտույտ կկատարի իր անհայտ գերեզմանում:

Նա նաև ընդգծել է, որ ՀՀԿ–ական ուսխորհուրդների մեծամասնությունը, իշխանությունը բոլոր բուհերում ստացել է անվերապահ վերահսկողության լծակներ, ինչի հետևանքով հոգաբարձուների խորհուրդների նախագահ են ընտրվել երկրի Հանրապետական բարձրագույն ղեկավարները, իսկ ռեկտորներ մեծ մասամբ նշանակվում են հլու-հնազանդ կամակատարները, որոնք պատրաստ են Հանրապետական կուսակցության հրամաններով կատարել ուսանողներին և դասախոսներին ՀՀԿ–ի կամքին ենթարկելու կամ հեռացնելու ցանկացած հրաման.

–Իսկ երբ անգամ այս լծակները չեն բավարարում անհնազանդ ռեկտորին հեռացնելու համար, ԿԳ նախարարն, առանց թարթելու և ի խախտումն օրենքների, սեփական հրամանով հեռացնում է անհնազանդներին: Զարմանալի է, բայց նախարարը, որը ռեկտորների հետ այնպես է վարվում, ինչպես կվարվեր կոլխոզի նախագահը կոլտնտեսության հասարակ աշխատողի հետ, դեռ համարձակվում է արտաբերել «ֆեոդալական մենթալիտետ» բառակապակցությունը:

Նրա խոսքերով՝ ստեղծվել են քաղաքական տոտալ վերահսկողության լրացուցիչ լծակներ.

–Օրինակ՝ մեկ այլ երիտասարդ հանրապետական Կարեն Ավագյանի կողմից ղեկավարվող, այսպես կոչված, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին բոլոր բուհերը պարտավոր են վճարել իրենց ուսանողական վարձավճարների 2 տոկոսը: Սրան գումարվում են նաև մուծումներ պետական բյուջեից, և սույն հիմնադրամը, որն ունի 122 աշխատող, 518 մնլ դրամ տարեկան բյուջե և սպասարկող երկու թանկանոց ջիփ, մոտ 800 կրթաթոշակ է նշանակել իր կողմից ընտրված ուսանողների համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ Տիգրան Սարգսյան, Արմեն Աշոտյան, Հրանուշ Հակոբյան, Վիգեն Սարգսյան և այլն: Հուսով եմ՝ ոչ մեկի համար անակնկալ չի լինի այն փաստը, որ այս արտոնություններից օգտվող անձանց բացարձակ մեծամասնությունը հանրապետականներ են:

Հանրապետական կուսակցական խտրականության մեկ այլ օրինակ էլ բերելով՝ Լևոն Զուրաբյանը հիշատակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ իշխող կոալիցիայի անդամ եղած ժամանակները, երբ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին թույլ էր տրվում բարեգործություն անել, վճարել կրթաթոշակներ և ուսանողների ուղեվարձը:

–Երբ «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն դարձավ այս իշխանություններին, այդ գործունեությունը անիմջապես խոչընդոտվեց, և նույն գործառույթը պարտադրվեց մի մեծահարուստի, որն այնքան հեռու է կրթությունից, ինչքան նախարար Աշոտյանը բալետից, բայց մի կարևոր առավելություն ունի` անվերապահ հավատարմություն Հանրապետական կուսակցության առաջնորդին:

Դպրոցների վերահսկողությունը, Զուրաբյանի համոզմամբ, ՀՀԿ–ին պետք է ընտրությունների կեղծիքները կազմակերպելու համար՝ օգտագործելով այդ գործի համար հազարավոր տնօրենների և «ուսուցիչների վզին փաթաթած հանցավոր պարտադրանքը»: Իսկ բուհերում վերահսկողությունն անհրաժեշտ է, որ քաղաքական պայքարից հեռու պահեն ընդվզման ամենամեծ պոտեցիալ ունեցող ուսանողությունը:

–Գալուստ Սահակյանն անցյալ օրը հարցրեց, թե ինչպես են հանրապետականները հաղթում բոլոր ընտրություններում, եթե չունեն ժողովրդի վստահությունը: Պատասխանում եմ՝ հանրապետականները հաղթում են բոլոր ընտրություններում, որովհետև ստեղծվել է հանցավոր տոտալիտար վերահսկողություն տարբեր հանրային և, առաջին հերթին, հենց ուսումնական հաստատությունների նկատմամբ, և այդ վերահսկողությունը օգտագործում են ընտրակեղծարարության և քաղաքացիական ազատությունների սահմանափակման նպատակով: Բազմակուսակցական համակարգը ձեզ համար ընդամենը ժողովրդավարական երկրների բանագնացներին խաբելու համար ստեղծված ֆասադ է: Այդ ֆասադի հետևում թաքնված է հանրային հաստատությունների նկատմամբ հաստատած միակուսակցական տոտալիտար դիկտատ:

Զուրաբյանն ընդգծել է, որ երբ Հայ ազգային կոնգրեսը գա իշխանության, իրենց արած առաջին գործերից մեկը պիտի լինի համալսարանների կարգավիճակի վերափոխումը ՊՈԱԿ-ներից անկախ հիմնադրամների, ակադեմիական ազատության և ինքնակառավարման իրավունքի վերականգնումը մեր բուհական հաստատությունների համար և դպրոցների տնօրենների ու ուսուցիչների ազատագրումը Հանրապետական կուսակցական դիկտատուրայից և ընտրակեղծարարության անվայել գործից:

Ի դեպ, իշխանությունից զրկվելու մասին հայտարարությունը լսելուն պես ՀՀԿ–ական պատգամավորների մոտ իրարանցում է առաջացել, ինչին Զուրաբյանն արձագանքել է.

–Մի՛ անհանգստացեք, վերջը մի օր կորցնելու եք, չէ՞, իշխանությունը,–ասել է Լ. Զուրաբյանը՝ ՀՀԿ–ականներին շնորհակալություն հայտնելով հրեշտակային անհամբերության և ուշադրության համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը