Լրահոս

01.04.2014 22:11


Նաիրա Զոհրաբյան. «Որեւէ մեկը չփորձի ԲՀԿ-ին շփոթել իրենց հայտնի հաճախորդ կուսակցությունների հետ»

Նաիրա Զոհրաբյան. «Որեւէ մեկը չփորձի ԲՀԿ-ին շփոթել իրենց հայտնի հաճախորդ կուսակցությունների հետ»
Zham.am-ի հարցերին պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

-Տիկին Զոհրաբյան, Վահան Բաբայանի հայտարարությունը, որ եթե իշխանությունը չգնա խոհեմ քայլերի ճանապարհով, ապա մասսայական հանրահավաքներն ու բարիկադները չեն բացառվում, ակնհայտորեն նյարդայնացրել է իշխանություններին: Եւ արդեն իսկ իշխանական կայքերը ցուցակ են հրապարակել, թե ո՞վ անմիջապես կլքի ԲՀԿ-ն, կամ ո՞ւմ իշխանությունները կհանեն ԲՀԿ-ից, եթե ԲՀԿ-ն գնա կտրուկ քայլերի: Իսկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ձեր խմբակցության առնվազն 10 տոկոսն իրականում իր խմբակցության պատգամավորներն են:

-Ես մեկ բանում միանշանակ վստահ եմ՝ հիստերիան եւ անգրագետ հակաքարոզչությունը հաստատ որեւէ մեկին օգուտ չեն բերել: Կրկին պիտի հիշեցնեմ, որ որեւէ մեկը չփորձի ԲՀԿ-ին շփոթել իրենց հայտնի հաճախորդ կուսակցությունների հետ, որտեղից կարելի է մարդ տանել, հետո նույն մարդուն կարելի է հետ վերադարձնել, հետո նորից տանել ու այսպես շարունակ:

Իսկ եթե, այդուհանդերձ, կլինեն պատգամավորներ, ովքեր այլ նպատակներ եւ ծրագրեր են ունեցել անդամակցելով ԲՀԿ-ին, ապա կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանն այդ մասով եւս հստակ դիրքորոշում հայտնեց: Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի ակնարկին, ապա միայն մեծամասնության առանց այդ էլ քայքայված նյարդերը խնայելու համար ես չեմ ասում, օրինակ, որ ՀՀԿ ոչ միայն շարքերին, այլ նաեւ սույն խմբակցության շարքային պատգամավորների գերակշիռ մեծամասնությանը կարելի է դե ֆակտո համարել ԲՀԿ համակիրներ, ովքեր միանշանակ ողջունում են մեր կատարած քայլերն ու հորդորում արագացնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը:

Կարծում եմ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հրաշալի տեղյակ է իր խմբակցության ներսում տիրող իրական տրամադրություններին, որոնք որեւէ կապ չունեն իրենց պարտադրված քվեարկությունների ու միեւնույն կենտրոնում գրված եւ խմբակցության շարքերին բաժանված «հերոսական» հայտարարությունների հետ:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը