Հարցազրույց

02.04.2014 15:56


«Իշխանությունը գնում է սահմանադրակա՞ն, թե՞ քրեական ճանապարհով». Նաիրա Զոհրաբյան

«Իշխանությունը գնում է սահմանադրակա՞ն, թե՞ քրեական ճանապարհով». Նաիրա Զոհրաբյան

«Zham.am»-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց այն մասին, որ մամուլի տարբեր միջոցներ վերջին օրերին ակնհայտ ուղղորդված լրատվություն են տարածում, որ մինչեւ ապրիլի 28-ին ԱԺ-ում կառավարությանն անվսահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելը, իշխանությունները ԲՀԿ-ից տանելու են առնվազն 10 պատգամավոր: Ավելին, ըստ նույն աղբյուրների, արդեն իսկ տեղեկություններ կան, որ իշխանական տարբեր օղակներ սկսել են «աշխատել» ԲՀԿ-ական որոշ պատգամավորների հետ: Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես ծանոթ եմ մամուլի այդ հրապարակումներին: Դուք ճիշտ եք նկատել՝ դրանք ակնհայտորեն ուղղորդված են: Ինչ վերաբերում է «աշխատելուն», ապա ես չեմ բացառում, որ իշխանությունը նման քայլերի գնա: Ծանոթ գործելաոճ է: Լինենք անկեղծ` մեզանից յուրաքաչյուրը կարող է տարբեր խնդիրներ ունենալ` անձնականից մինչեւ բիզնես խնդիրներ, եւ միշտ էլ կա հնարավորություն` սպառնալ, վախեցնել, գործարք առաջարկել: Այլ հարց է` իշխանությունը գնում է սահմանադրակա՞ն, թե՞ քրեական ճանապարհով:

Մյուս կողմից, ցանկացած մարդ ցանկացած պարագայում միշտ ունի ընտրության հնարավորություն: Այս պարագայում ընտրությունը հետեւյալն է` արժանապատիվ եւ սկզբունքային պահվածք, բայց գուցե եւ ժամանակավոր դժվարություննե՞ր, թե՞ ժամանակավոր կոմֆորտ, բայց եւ ամոթի ու ստորաքարշության մշտական խարան:

Նրանք, ովքեր իրենց ընտրությունը կկայացնեն հօգուտ երկրորդի, շատ լուրջ պիտի մտածեն, թե դրանից հետո ինչպես պիտի նայեն իրենց երեխաների աչքերին, եւ ընդհանրապես կկարողանա՞ն ադյոք դուրս գալ փողոց: Այս ընտրությունը շատ հստակ է, եւ յուրաքանչյուրն իր որոշումը կայացնելուց առաջ պիտի ահա այս մասին մտածի»:

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/24679.html

Այս խորագրի վերջին նյութերը