Լրահոս

19.08.2009 18:02


Հայաստանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի

Հայաստանի իշխանություններն իրենց բնորոշ մեթոդներով հիմնվելով իրավապահ մարմինների և դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարում են վերևից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու և հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունն իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ:

Լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունները, ծեծը և դատական հաշվեհարդարը, 2008թ. մարտի 1-ի դեպքերով ընդդիմադիր գործիչների խայտառակ դատաստանը, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդական շարժման մասնակիցների ձերբակալությունները և ծեծի ենթարկվելը թելադրվում են Հայաստանում հաստատված ռազմաոստիկանական ռեժիմի կողմից:

Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի՝ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքը անհանդուրժողականության քաղաքականության ևս մեկ վառ դրսևորում է այլակարծության նկատմամբ:

Մենք' ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի Հայաստանի անդամներս, պահանջում ենք. առաջին՝ անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ, երկրորդ՝ կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ պատժել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ հարուցած մեղավորներին, երրորդ՝ դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ մեր պահանջներին աջակցություն ցուցաբերելու և Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու  խնդրանքով։

 

Հելսինկյան ասոցիացիա

«Սոցիոսկոպ»

«Ասպարեզ» լրագրողական ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա

Կանանց ռեսուրսային կենտրոն

Վերնատուն- քաղբանտարկյալների  կանայք

Հանրային իրազեկման և «Գիտելիք» կենտրոն

Ժողովրդավարությունն այսօր

Վանաձորի hելսինկյան քաղաքացիական ասամբլեա

Այս խորագրի վերջին նյութերը