Հարցազրույց

28.04.2014 12:16


ԱԺ նախագահ դառնալու համար Գալուստ Սահակյանը կոստյում ունի՛

ԱԺ նախագահ դառնալու համար Գալուստ Սահակյանը կոստյում ունի՛

–Ես 10 տարվա կոստյում էլ ունեմ, որովհետև շատ նրբանկատ եմ հագուստի նկատմամբ,–ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահի ՀՀԿ–ի թեկնածու Գալուստ Սահակյանը՝ վստահեցնելով, որ այդ պաշտոնը զբաղեցնելու համար կոստյում ունի։

–Ընտրվելուց հետո բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ լինելու, լրագրողների երեսին չեմ նայելու,–ավելացրել է նա։

Գ. Սահակյանի խոսքերով՝ ինքն իր թեկնածության առաջադրման մասին իմացել է ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստի ժամանակ.

–Իմ նշանակման համար ես որևէ քայլ այս տարիներին չեմ արել, և իմ դերակատարումը որոշակի է դարձել իմ աշխատանքի և քաղաքական գործունեության հետևանքով։

2018թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու հավակնություններ Գ. Սահակյանը չունի. «Ինձ ուրիշների տեղը մի՛ դրեք»,–ընդգծել է նա։

Հակված չէ նաև տեղափոխվել իր բնակարանից կառավարական առանձնատուն։ Չունի նաև վարչապետ լինելու հավակնություններ։

–Որովհետև իմ դերակատարումը ես չեմ ուղղորդում։ Ժամանակն ու աշխատանքն են տանում։

Թե ո՞վ կփոխարինի Գ. Սահակյանին ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում, նա չի հայտնել. փոխարենն ասել է, որ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանին կփոխարինի Հովհաննես Սահակյանը։

«7օր»–ի հարցին ի պատասխան` նա խոստովանել է՝ վստահություն չունի, որ կընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում, բայց նաև վստահ է.

–Միաժամանակ, կարծում եմ, որ ինձ համար անհրաժեշտ կլինի ամբո՛ղջ խորհրդարանի վստահությունը։ Դրանից կախված կլինեն նաև այն խնդիրները, որոնք ես փորձելու եմ լուծել կամ շարունակել լուծումների որոնումը։

Եթե ոչ կոալիցիոն խմբակցությունները բոյկոտեն և չմասնակցեն ԱԺ նախագահի ընտրությանը, Գալուստ Սահակյանը վատ կզգա։

–Կզգամ, որ քաղաքական դաշտում ինչ–որ խնդիրներ են առաջացել։ Իմ աշխատանքը կդժվարանա,–նշել է Գ. Սահակյանը։

Ինչ վերաբերում է «7օր»–ի հարցին՝ ուրա՞խ է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ, քանի որ դրա արդյունքում ինքը պաշտոն ստացավ, Գ. Սահակյանն ասել է.

–Ուրախ չեմ, բայց, միևնույն ժամանակ, այդ հրաժարականի մեջ ես բացասական երևույթ չեմ տեսնում։

Գ. Սահակյանն ավելացրել է նաև, որ թիկնապահներ ունենալ չի ցանկանում, բայց օրենքի պահանջն է ԱԺ նախագահին թիկնապահներ տրամադրելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը