Լրահոս

05.05.2014 14:10


Նկարչուհի. «Գուցե Էնվեր փաշայի կամ Քիմ Քարդաշյանի արձա՞նն էլ կանգնեցնեն»

Նկարչուհի. «Գուցե Էնվեր փաշայի կամ Քիմ Քարդաշյանի արձա՞նն էլ կանգնեցնեն»

Հարցազրույց նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի հետ

–Երևանի քաղաքապետարանը մտադիր է մայրաքաղաքում կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը։ Որպես արվեստագետ՝ ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը։

–Թույլ տվեք հարցին պատասխանել նախ որպես պարզապես քաղաքացի, ում համար էլ, ըստ տրամաբանության, կանգնեցվում է այս արձանը, որպեսզի տեսնենք, հիշենք ու պատվենք Միկոյանին: Միկոյանի մասին հայտնի է, որ նա Հայաստանում 1937-1938 թթ. 1500-2000 հայերի՝ մշակութային, քաղաքական գործիչների և այլ մարդկանց գնդակահարությունը կազմակերպելու նպատակով Ստալինին դիմում-խնդրանք է ուղղել: Սա իմանալու համար պետք չէ շատ խոր գիտելիքներ ունենալ պատմությունից. պետք է նայել, օրինակ, «Վիկիպեդիա»-ում, մի քիչ էլ արխիվը, ու շատ ավելի հետաքրքրական փաստեր կարող ես տեսնել, օրինակ, որ նաև կողմ է եղել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնելուն... Զարմանալի է, որ քաղաքապետարանը նման որոշում կայացնելուց առաջ չի փորձել թերթել պատմության էջերը, հասկանալ՝ այս մարդու արձանն այսօր ի՞նչ է տալու մեզ, իսկ եթե թերթել, հետո եկել է նման որոշման, նշանակում է՝ ինչ-որ մեսի՞ջ ունեն:

–Շատերի պնդմամբ՝ Միկոյանն արժանի չէ նման պատվի հատկապես 21–րդ դարում՝ անկախացած ՀՀ ունենալու պայմաններում, համամի՞տ եք։

Այնքան մոռացված արվեստագետներ, մտավորականներ կան, ովքեր հայ են եղել ոչ միայն գենով, այլ իրենց գործունեությամբ... Կարծում եմ՝ ինչ-որ մեկի համար արձան կանգնեցնել միայն որովհետև հայ է, չափազանց պարզունակ, սահմանափակ մոտեցում է: Անձին պետք է դիտարկել նրա իրականացրած գործունեության շրջանակներում, չի կարելի նրան կտրել դրանից ու միայն ոչ իր ընտրությամբ որևէ ազգի գենի կրող լինելու համար մեծարել: Եվ հիմա, երբ քաղաքապետարանը նման որոշում է կայացրել, ի՞նչ է, փորձ է արվում հավերժացնել նրա գործունեությո՞ւնը։ Ուզում են ասել՝ ճի՞շտ է արել Միկոյանը, ուզում են ասել, որ գալիս են նույն ժամանակնե՞րը, զգուշանա՞ն «ժողովրդի թշնամիները»: Նաև, գուցե պետք է արխիվնե՞րը բացեք. գուցե ձեր պապերին կամ տատերին հենց Միկոյա՞նն է գնդակահարել: ...Այդուհանդերձ, Երևանում կործանված հուշարձանների, հին քաղաքի փոշիացման, բետոնացման, կանաչի ոչնչացման, հակամշակութային շինությունների կողքին Միկոյանի արձանի գոյությունն այլևս զարմանալի չի թվում: Ինչ կա որ: Մեկ էլ տեսար՝ վաղը մշակույթի նախարար նշանակվեց, օրինակ, Սպիտակցի Հայկոն, իսկ կենտրոնական փողոցներից մեկում կանգնեցրին, օրինակ, նույն Էնվեր փաշայի արձանը, ինչ կա որ, գուցե հայկական արմատներ բացահայտվեն: Բայց լավատես լինենք. գուցե ավելի մոդայիկ գտնվեն, ու մեկ էլ տեսար՝ Քիմ Քարդաշյանի արձանը կանգնեցրին: Ամեն ինչ էլ սպասելի է, արդեն ոչ մի բանից զարմանալ չի լինում:

–ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ առաջիկա 10–ամյակում հենց ՀՀԿն է լինելու քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը, և նախագահ կամ վարչապետ դառնալ բոլոր ցանկացողները պետք է անցնեն ՄելիքԱդամյան փողոցով, այսինքն՝ ՀՀԿ գրասենյակի միջոցով։ Չե՞ք կարծում, որ ՀՀԿ–ն իրոք ձգտում է ԽՄԿԿ դառնալուն, և Միկոյանի արձանի տեղադրումն այս համատեքստում շատ խորհրդանշական է։

Չեմ կարող ու չեմ ուզում մեկնաբանել քաղաքական իրողությունները, հայտարարությունները. իմ տիրույթից դուրս է, բայց կարող եմ գոնե փաստել, որ կլինի դա ՀՀԿ-ն, թե մեկ ուրիշ՝ ցանկացած այլ կուսակցություն, միևնույնն է, միակուսակցականությունը ու ընդհանրապես ամեն ինչի ու ամեն մեկի կուսակցականացումը վտանգավոր ու նույնիսկ բոլորովին անընդունելի բան է:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը