Լրահոս

25.08.2009 15:02


Էմիլ Սողոմոնյան. «Եթե տնտեսությունը վատ վիճակում է, դա չի նշանակում, որ վարկերը պետք է նվերներ տանք կամ ավելի ցածր տոկոսադրույքով...»

-Բանկը պետություններում ստեղծվում է նրա համար, որ նպաստի տնտեսության զարգացմանը,-մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը։ «7օր»-ի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են արտերկրից ներգրավված վարկերն այդքան բարձր տոկոսադրույքով տրամադրվում, նա պատասխանել է, որ  տոկոսադրույքները բարձր չեն։

-Գործող 16% տոկոսադրույքը նորմալ է։ Ո՞վ ասաց, որ ներգրավված միջոցները չնչին տոկոսադրույքներով են տրամադրվում բանկերին. միջինը 10% է, միայն կառավորության տրամադրած ռուսական վարկն է, որ 7% է։ Ինքս երբ ներգրավել եմ,  ինձ վրա 10,2% է եղել. այս պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել 16%-ից իջեցնելու մասին։ Իհարկե,  կոնկուրենցիայի պայմաններում կիջնեն, բայց որ այս վիճակում 10% վերցնենք ու 10% տանք, դա բացառվում է,-ասել է Էմիլ Սողոմոնյանը։

Այն հարցին, թե բիզնեսը զարգացնելու համար արդյոք չպիտի՞ գնանք կոմպրոմիսի, բանկերի միության նախագահը պատասխանել է, թե ճգնաժամը միայն Հայաստանում չէ։

- Նույն ճգնաժամը Ռուսաստանում էլ կա, որտեղ 36% տոկոսադրույքով վարկեր են տալիս։ Մեր տնտեսությունն ավելի վատ է, այդ պատճառով ավելի բարձր տոկոսադրույքներ պետք է լինեն, որովհետև ռիսկերն ավելի մեծ են։ Եթե տնտեսությունը վատ վիճակում է, դա չի նշանակում, որ վարկերը  պետք է նվերներ տանք կամ ավելի ցածր տոկոսադրույքով. ռիսկն էլ է, չէ՞, շատ։ Վերադարձելիությունը պետք է ապահովել,-ասել է Էմիլ Սողոմոնյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը