Մեկնաբանություն

25.08.2009 18:11


Հայ ռազմագերիները Ադրբեջանու՞մ

Հայ ռազմագերիները Ադրբեջանու՞մ

Օրերս ադրբեջանական լրատվական կայքերում տեսաերիզներ են հայտնվել, որոնցում ներկայացվում է, որ 6 հայ զինվորական ինքնակամ լքել են հայկական բանակն ու հանձնվել  Ադրբեջանին։ Տեսաերիզում տղաները խոսում են հայերեն, պատմում Հայաստանում և հատկապես հայկական բանակում տիրող ծանր կացության, դաժանությունների, սանիտարական և հիգիենիկ պայմանների բացակայության մասին, ինչն էլ, նրանց խոսքերով, պատճառ է դարձել ադրբեջանական կողմին հանձնվելու համար։ Տեսաերիզում տղաները 6-ն են։ Այնտեղ հայտնվում են նաև նրանց անունները, ծննդավայրը և ծննդյան տարեթվերը։

Թե ովքե՞ր են այդ տղաները, մոլորվե՞լ են, թե՞ ինքնակամ են հանձնվել Ադրբեջանին, այս և այլ հարցերի պատասխաններն ստանալու համար «7օր»-ը փորձել է կապ հաստատել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, ինչը չի հաջողվել։ Հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ նաև այդ հարցով միջնորդական առաքելություն կատարող Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։

ԿԽՄԿ հաղորդակցման բաժնի ղեկավար Աշոտ Աստաբատյանը «7օր»-ին ասել է, որ ռազմագերիների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու կամ նրանց մասին տվյալներ հրապարակելու իրավասություն ինքը չունի՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ին հայտնի են վերջին դեպքերի մասին։ Ռազմագերիների մասին նրան ց ունեցած տեղեկատվությունը հետևյալն է՝ երեք ռազմագերի՝ 2009թ. փետրվարի 27-ին, 2 ռազմագերի՝ մայիսի 30-ին և մեկ ռազմագերի՝ հուլիսի 13-ին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է ռազմագերիներին և նրանց ընտանիքներին, սակայն ռազմագերիների վիճակի մասին տեղեկություն հաղորդելու իրավասություն ևս կազմակերպությունը չունի։

Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Աշոտ Աստաբատյանը նշել է, որ վերադարձի գործընթացը տեղի է ունենում երկու պետությունների իշխանությունների համապատասխան համաձայնության պարագայում, և եթե  ԿԽՄԿ-ին, որպես չեզոք միջնորդ, դիմում է ներկայացվում, ապա կազմակերպությունն օգնում է կողմերին իրականացնել այդ օպերացիան։

Ա. Աստաբատյանի խոսքերով՝ այդ 6 ռազմագերիների  վերաբերյալ իշխանությունների կողմից ԿԽՄԿ-ին առայժմ դիմում չի ներկայացվել։

Փաստորեն, քանի դեռ մենք Հայաստանում փորձում ենք «քաղաքակիրթ» կերպով հարաբերվել հարևան երկրների հետ, Ադրբեջանը ժամանակ չի կորցնում և հնարավորինս օգտագործում է տեղեկատվական պատերազմի բոլոր հնարավոր և անհնարին միջոցներն ու հնարքները։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը