Մեկնաբանություն

07.05.2014 21:57


Ուորլիքը երկրորդում է Էրդողանին ու պատերազմ քարոզում

Ուորլիքը երկրորդում է Էրդողանին ու պատերազմ քարոզում

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմը ներկայացնող համանախագահ Ջեյմս Ուորլիքը Քարնեգի հիմնադրամում ներկայացրել է զեկույց Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ՝ հատուկ ընդգծելով, որ այն ԱՄՆ կառավարության պաշտոնական տեսակետն է։

Հակամարտության կարգավորման վերաբերյալ Ուորլիքը ներկայացնում է 6 տարրեր, որոնց կիրառումը գործնականում կարող է հանգեցնել հետևյալին՝ «Ազատագրված (Ուորլիքն օգտագործում է «գրավյալ» եզրը) տարածքների վերադարձ Բաքվին՝ նախկին ԼՂԻՄ տարածքում անորոշ ապագայում կարգավիճակի վերաբերյալ կամաարտահայտման միջոցառում անցկացնելու և Հայաստանի հետ կապող պորտալար (Լաչինի ոչ ամբողջ շրջանով) տրամադրելու անորոշ խոստման դիմաց»։

«Երբ մենք լծվենք խաղաղության բանակցություններին, գործնական հարցերի ավելի լայն շրջանակ կարող ենք ներկայացնել, որոնցից կշահեն բոլոր կողմերը: Կձևավորվեն տնտեսական և կոմերցիոն խթաններ. կվերականգնվեն էներգետիկ, տրանսպորտային և հեռահաղորդակցության կապերը, կլինեն ուղևորություններ ու ժողովուրդների միջև շփումներ ապահովող ծրագրեր, որոնք կսկսեն հակակշիռ ապահովել ներկայումս գերակայող վտանգավորության աստիճանի հասնող միակողմանի պատմություններին»,– պատերազմի քարոզը որպես զարգացում ու բարգավաճում է ներկայացնում Ուորլիքը։

Ամերիկացի համանախագահողը, փաստացի, կրկնում է Թուրքիայի վարչապետ Էրդողանին և առաջ մղում Ադրբեջանի շահերը։ Ուշագրավն այն է, որ Ուորլիքը խոսում է այն մասին, որ պաշտոնական Երևանի ու Բաքվի միջև այդ տարրերի շուրջ, մեծ հաշվով, համաձայնություն կա։

Պարզ է, որ ամերիկյան կողմը ցանկանում է Ուկրաինայում ունեցած կորուստները և ՌԴ–ից Ղրիմի հարցում կրած պարտությունը փոխհատուցել կովկասյան տարածշրջանում ռուսական էներգետիկ նախագծերին այլ նախագծեր հակադրելով և ՌԴ–ին այս տարածաշրջանից դուրս մղելով։ Իսկ դրա համար անհրաժեշտ է բավարարել Ադրբեջանի ախորժակը Ղարաբաղի մասով և նաև Հայաստանի մասով, քանզի Ուորլիքի առաջարկած տարրերի կյանքի կոչումից հետո մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև՝ Հայաստանը։

Ամերիկացիների այսպիսի ագրեսիվությունը պատասխան է Սերժ Սարգսյանի «արևմտամետ» քաղաքականությանը, որը ԵՄ–ի հետ ասոցացվելու փոխարեն հանգեցրեց ՀՀ–ի Մաքսային միություն մտնելուն։

Սա Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» և «ֆուտբոլային» քաղաքականության ուղիղ հետևանքն է։

Պաշտոնական Վաշինգթոնը բաց տեքստով Հայաստանի պարտության ու կապիտուլյացիայի կոչ է անում՝ այդ ամենը ներկայացնելով որպես խաղաղության հասնելու ձգտում։ Նրանց, սակայն, մեղադրել պետք չէ։ ԱՄՆ–ն իր շահերն ունի, և այդ շահերը համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի հետ։ Մենք էլ մեր շահերը պետք է հետապնդենք, այլ ոչ թե Հայաստանը հանենք միջազգային աճուրդի՝ հանուն մեկ մարդու իշխանության։

Թույլ չտալու համար նմանատիպ զարգացումներ, Հայաստանը պարտավոր էր վարել հավասարակշռված, հավասար հեռավորության ու փոխլրացնող արտաքին քաղաքականություն, որպեսզի մեր երկիրը ոչ թե խոշոր տերությունների մրցակցության և հակասությունների թատերաբեմի, այլ շահերի համադրման կենտրոնի վերածվեր։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը, հանուն անձնական շահերի, առևտրի առարկա դարձրեց Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը, խախտեց արտաքին քաղաքական հավասարակշռությունը և գլխապատառ ՄՄ մտնելով՝ հայտնվեց մուրճի ու սալի արանքում։

Եվ այս ամենը տեղի է ունենում Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի 20–ամյակի նախաշեմին։

Հարկ է հատուկ շեշտել, որ Սերժ Սարգսյանի հետ միասին ու ոչ պակաս չափով ներկայումս Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են բոլոր այն ուժերը, որոնք «սկզբունքային» դիրքերից ելնելով համագործակցում են սարգսյանական ռեժիմի հետ (կլինի դա սահմանադրական փոփոխությունների, ԵՄ–ի հետ ասոցացման, ՄՄ մտնելու կամ այլ հարցերով)։ Խոսքս հատկապես վերաբերում է այն տնաբույծ «արևմտամետներին», որոնք ԵՄ–ի հետ ինտեգրվելու քաղաքականության շղարշի տակ պրոթուրքական ու պրոադրբեջանական քարոզ են տանում Հայաստանում տարիներ շարունակ՝ արհեստականորեն հակառուսական հիստերիայի մթնոլորտ ստեղծելով։ Հիստերիա, որը ուկրաինացիների վրա պետության փաստացի կորուստ և մարդկային հազարավոր զոհեր արժեցավ։ Նույնը պլանավորվում է այստեղ՝ օգտվելով Սարգսյանի քաղաքական անմեղսունակությունից ու նյութապաշտության մոլուցքից։

Ասել ենք ու շարունակելու ենք ասել՝ Հայաստանում իշխանափոխությունը այլևս վերածվել է ազգային անվտանգության ապահովման խնդրի։ Ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերն ու նորանկախ Հայաստանի պատմության մեջ ազդեցիկ դերակատարություն ունեցող անհատները պետք է մեկտեղեն իրենց ուժերը՝ փոփոխությունների հասնելու համար։ Պարտվելուց պարտվելու ենք բոլորս, ու որևէ մեկն արդարանալու տարբերակ չի ունենալու։ Այնպես որ միասնությունն այլընտրանք չունի։ Սա պետք է գերիշխող կոդ դառնա բոլորի մոտ։

Հարկավոր է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, դուրս գալ «Գեբելսյան» քարոզչամեքենայի կեղծ «կլիշեների» տակից, հանգել ռացիոնալ լուծումների և գնալ միասնության ճանապարհով։ Հաղթանակն այդ դեպքում անխուսափելի կլինի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը