Լրահոս

25.08.2009 19:16


ՀԱԿ-ը կո՞ղմ է, թե՞ դեմ մադրիդյան սկզբունքներին

ՀԱԿ-ը կո՞ղմ է, թե՞ դեմ  մադրիդյան սկզբունքներին

Գյումրիում հրավիրած ասուլիսի ընթացքում Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ նաեւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներին:  ՀԱԿ համակարգողը մասնավորապես նշեց,-«Հայստանում քաղաքական զարգացումները գտնվում են կարեւորագույն իրադարձությունների շեմին, որոնց ներկա իշխանությունները չեն կարող դիմագրավել և մենք վստահ ենք, որ այսօրվա ապաշնորհ իշխանությունը Հայաստանին չի կարող հանել ներքին եւ արտաքին ճգնաժամից: Այս պարագայում ՀԱԿ-ը միակ այլընտրանքային ուժն է այս իշխանությունների նկատմամբ: Մենք անընդհատ աշխատում ենք, զարգացնում ենք կոնգրեսի կառույցները, որպեսզի միջազգային հանրությունը և մեր հասարակությունը համոզվի, որ Հայաստանում կա ուժ, որը կարող է ստանձնել իշխանական ղեկը»:

Այնուհետեւ Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսի նպատակներին և խնդիրներին՝ նշելով,-«Մեր նպատակը երկրում սահմանադրական կարգի վերականգնումն է, օրինականության հասատատումը երկրում, դեմոկրատիայի սկզբունքների լիակատար իրականացումը, եւ Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական պրոբլեմների լուծումը »:

7օր-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ իր կողմից նշած կոնգրեսի նպատակներում բացակայում են արտաքին քաղաքական մարտահրավերները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամրտության եւ հայ-թուրքական հարաբերությունների թեման, ինչպես նաեւ ՀԱԿ-ը ի՞նչ դիրքորոշում ունի այս խնդիրների վերաբերյալ, Լեւոն Զուրաբյանը հետեւյալ պատասխանը տվեց,-«Մենք համարում ենք, որ ներկա կոռումպացված, թուլացված համակարգով չի կարելի թույլ տալ խնդրի լուծում այս թուլացված եւ կոռումպացված իշխանություների կողմից: Կա երկու հանգամանք.  առաջին՝ ներկա բանակցվող փաստաթղթերը արտացոլում են այն ռազմաքաղաքական բալանսը, որը ստեղծված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև:  Այսօր Հայաստանը այս իշխանությունների գործունեության պատճառով թուլացած է, նրա պոտենցիալը լիովին բացված չէ, ուստի հենց այդ պատճառով քննարկվելիք փաստաթուղթը չի կարող լինել ի նպաստ Հայաստանի եւ Ղարաբաղի:

Երկրորդ հանգամանքը այն է, որ լինելով ոչ լեգիտիմ իշխանություն, չունենալով ժողովրդի աջակցությունը, այս իշխանություները հակված են անհարկի զիջումների Ղարաբաղի հարցում՝ մի նպատակով, որ ապահովեն միջազգային հանրության աջակցությունը իրենց համար:

Ուստի շտկման միակ ձևը մենք տեսնում ենք նրանց հեռանալու մեջ, այս իշխանությունը պետք է հեռանա, Հայաստանում պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն, որից հետո միայն Հայաստանը կարող է մտնել բանակցություների մեջ»:

7-օրի այն հակադրաձմանը, թե հիմա ի վերջո ՀԱԿ-ը ի՞նչ դիրքորոշում ունի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, եւ արդյո՞ք նրանք ընդունում են Մադրիդյան սկզբունքները, թե՞ ոչ, ՀԱԿ համակարգողը պատասխանեց,-«Հայ ազգային կոնգրսը շատ կոնկրետ հայտարարություն է ընդունել մի քանի շաբաթ առաջ Ղարաբաղի հարցի առումով՝ մեկնաբանելով 3 գերտերությունների նախագահների հայտարարությունը, որոնցում բացված էին մադրիդյան սկզբունքների հիմնադրույթները, եւ մենք այնտեղ ասել ենք, որ ներկա բանակցային գործընթացը մեզ համար ընդունելի չէ, և մենք նշել ենք, որ մենք վերջնական եզրակացություն կարող ենք տալ այն բանից հետո, երբ մադրիդյան սկզբունքները ամբողջությամբ կգաղտնազերծվեն, և  պահանջում ենք, որ անհապաղ գաղտանազերծվեն այդ սկզբունքները»,- վերջնականապես չհստակեցնելով, թե արդյո՞ք ընդունում են ներկայումս մադրիդյան սկզբունքերի գաղտանազերծված դրույթները:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը